Ամոթալի երևույթներ շատ կան մեր իրականության մեջ, ցավո՜ք: Դրանցից մեկը «մերսի»-ն է: Ըստ որում, դա արդեն ոչ թե սովորական հիվանդություն է, այլ վերածվել է համաճարակի, ազգային չափումով, ազգային խայտառակության: Ոչ մի արդարացում չկա և չի կարող լինել երևույթին, երբ հայ ազգի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն իրարից արտահայտում են ինչ-որ անիմաստ հնչյունների խմբի միջոցով: Ըստ որում, հնչյունների այդ խումբը ոչ մի լեզվում գոհություն չի արտահայտում: Ճիշտ է, վերցված է ֆրանսերենից, բայց ֆրանսիացիներն ասում են «մեղսի», ոչ թե «մերսի»: Այնպես որ դա ֆրանսերեն չէ: Այն արդեն ֆրանսերեն չէ, բայց դեռ հայերեն էլ չէ: Հայերենում շնորհակալությունն է գոհունակություն արտահայտող բառը: Ճիշտ է, հնչյունափոխվելով, այդ բառը հայերեն է դառնում, բայց իր նշանակությամբ շատ հեռու է գոհություն հայտնելուց: «Մերսի»-ն հայերեն բառ է, մերսել բայի հոլովված, հրամայական ձևն է: Նշանակում է մարմինը շփել ձեռքերով, այսինքն` մերսում կատարել: Ահա թե ինչու «մերսի» արտահայտությանը չի կարելի պատասխանել խնդրեմ բառով: Մերսելու հրամանով դիմողին ճիշտ պատասխանն է. «մերսող չեմ, կամ մերսել չգիտեմ, կամ չեմ մերսի, կամ դիմեք մերսման սրահին, կամ մի՞թե ամոթ չէ, երբ Դուք ինձ հրամայում եք մերսել Ձեզ»:
«Մերսի» ասողների մոտ ակնհայտորեն դաստիարակության պակաս կա, որովհետև դա փողոցային խոսակցության ձև է (անդաստիարակության նշան): Կրթված, դաստիարակված, ազնվական, բարձր խավի մարդը երբեք իրեն թույլ չի տա ասել «մերսի», այլ կասի շնորհակալություն: Այդպիսի մարդուն «մերսի»-ն չի էլ սազի:
Նաև գեղագիտական ճաշակի պակաս կա «մերսի» ասողների մոտ, որովհետև «մերսին» տգեղ է (անճաշակության նշան), իսկ շնորհակալությունը` գեղեցիկ: Հենց տգեղության պատճառով էլ համատարած կիրառվում է փողոցում, երիտասարդության շրջանում, որը գեղագիտական դաստիարակության կյանքի դասը դեռևս չի հասցրել ստանալ կամ յուրացնել:
«Մերսի» ասողների մոտ նաև հայրենասիրության պակաս կա, որովհետև հարազատ մայրենի լեզվի բառի փոխարեն օտար բառի հետ հարազատանալը, ընկերություն անելը, նրանից օգտվելը ամենաուղղակի իմաստով դավաճանություն է (օտարամոլության նշան): Որովհետև, թեև ինչպես վերևում տեսանք, դա օտար բառ էլ չէ, բայց վերցված է օտար լեզվից, նրա մի բառից ընդօրինակված, աղավաղված, տգեղացված ձևն է: Իհարկե, ըստ օգտագործողների, ղ տառը ր տառով փոխարինելով, բառը գեղեցկացել է: Նախ, չի գեղեցկացել: Հետո, եթե նույնիսկ բառը գեղեցկացված լիներ, ապա տգեղացվել է հայերենում գոհություն արտահայտելու ձևը: Բայց բառն ամենևին էլ չի հայացել, որովհետև հայերենում և´ ղ-ն կա, և´ ր-ն: Բառը չի հայացվել, որպեսզի գեղեցկանա հայի լսողության համար: Իսկ ր տառը փոխարինել է ղ տառին, որովհետև այդ աղավաղված ձևը վերցվել է ռուսերենից, որտեղ բացակայում է ղ տառը, ուստի ստիպված են եղել փոխարինել այն ր տառով, որպեսզի ռուսացնեն և կարողանան արտասանել: Սակայն դա էլ եղել է մի քանի դար առաջ, երբ օտարամոլությունը նոր էր սկսում տարածվել ռուսական արքունիքում: Ռուսներն արդեն վաղուց իրենց լեզվով են արտահայտում իրենց գոհությունը, իսկ Հայաստանում, մի քանի դար ուշացումով (հետամնացության նշան), ամոթալի օտարամոլության ծաղկում է տեղի ունենում:
Նաև բանականության պակաս կա «մերսի» ասողների մոտ, տրամաբանության, մտածելակերպի պակաս (անմտության նշան): Որովհետև «մերսին» ոչ մի միտք չի պարունակում իր մեջ, իսկ շնորհակալությունը պարունակում է: Դա շնորհ ստանալու, վերցնելու մտքի փոխանցումն է լսողին: Այնպես որ, «մերսի»-ն շնորհակալություն չէ և չի դառնա երբեք:
Սրանք, իհարկե, նույնպես պատճառներ են, բայց ո՞րն է այդ ամոթալի երևույթի խորքային, բովանդակային, իսկական, բուն պատճառը: Բուն պատճառը հոգևոր ուժի պակասն է մարդկանց մեծամասնության մոտ: Գոհություն, երախտագիտություն, շնորհակալություն արտահայտել կարողանալու համար հոգու ուժ է պետք ունենալ: Շատերը չունեն դա: Օրինակ, շատ կրթված ընտանիքներում նույնիսկ ծնողներն ու երեխաներն են շնորհակալություն հայտնում իրար, իսկ հանցագործների մոտ ընդունված չէ շնորհակալություն հայտնելը, անդաստիարակ, փողոցային մարդկանց մոտ նույնպես: Խուժանի, այսինքն` փողոցային մարդկանց բառապաշարում չկա այդպիսի հասկացություն, ոչ հայերեն, ոչ էլ օտար լեզուների բառերի տեսքով: Որովհետև նրանք համարում են, թե բոլորն իրենց պարտք են, և հիմա, իրենց ինչ-որ օգուտ տալով, պարտքն են վերադարձնում: Այնինչ շնորհակալություն հայտնելու իմաստը սեփակա´ն պարտքի զգացման գիտակցումն է: Պարտք մնացողը ոչ թե լսողն է՝ օգուտը տվողը, այլ ասողը՝ օգուտը ստացողը: Նա գիտակցում է, որ իրեն շնորհ արեցին, օգուտ տվեցին, ինքը պարտք մնաց դիմացինին: Եվ այդ պարտքը դիմացինին վերադարձնել է պետք ինչ-որ ժամանակ, ինչ-որ ձևով, ինչպես որ կարող է, իր ուժերի, հնարավորությունների սահմաններում: Իսկ «դիմացինի» հասկացությունն էլ նման է քրիստոնեական «մերձավորի» հասկացությանը, որը նշանակում է բոլոր մարդիկ: Մեր մերձավորը բոլոր մարդիկ են, մենք պարտավոր ենք շնորհներ տալ բոլոր մարդկանց, որովհետև նրանք էլ մեզ են տվել ժամանակին, ով, երբ, ինչպես որ կարողացել է, կամ տալիս են ներկայում, կամ տալու են ապագայում: Ահա հայերեն շնորհակալություն բառի խորքային իմաստը՝ մարդկանց շնորհներ տալու անհրաժեշտության մշտականության գիտակցումը:
Այո, շնորհակալություն հայտնել կարողանալու համար հոգու ուժ է պետք ունենալ: Եվ ոչ միայն պարզապես ուժ, այլ բարոյական ուժ: Ցածր մարդկանց համար դժվար է շնորհակալություն հայտնելը, հոգու մեծ ճիգ է պետք, ուժերի լարում: Որովհետև վեհ արարք կատարել կարողանալու համար վեհ էլ ուժ է պետք ունենալ: Լեզվին պտտվել ստիպողը հոգին է, եթե հոգին բավարար չափով ուժ չունի ընդունելու, խոստովանելու այն մասին, որ դիմացինից ինչ-որ շնորհ, բարիք, օգուտ է ստացել, ապա նա չի էլ անի դա, չի խոստովանի: Ուստի շատերը թաքնվում են «մերսիի» ետևում: Դա սեփական թուլությունը քողարկելու, ցույց չտալու բնական հակազդում (ռեակցիա) է: Դա խաբեության, ինքնախաբեության ձև է: Բայց դա մեծամասնության հոգևոր ցածր մակարդակի մասին վկայող միակ երևույթը չէ: Օրինակ, հասարակական փոխադրամիջոցներում հիմա շատ ընդունված և տարածված է վարորդին հրամայելը, որպեսզի կանգ առնի ուղևորին իջեցնելու համար: Ասում են. «կանգառում կկանգնե´ս», փոխանակ ասեն. «կանգառում կանգնեք, խնդրում եմ»: Ինչպիսի՜ անքաղաքավարություն, հրամայում են (անկրթության նշան), քաղաքավարի խնդրելու փոխարեն: Նույն վայրում էլ, երբ ամաչում են բարձրաձայն արտահայտել նույնիսկ իրենց «մերսին», կիսաձայն են ասում, և ստացվում է, որ միայն «ըռս»-ն է լսվում: Տարբեր կողմերից անընդհատ լսվում է «ըռս», «ըռս», «ըռս»…
Իսկ «մերսի»-ի ամոթներից մյուսը անգիտակից լինելու փաստի արձանագրումն է: Գոհություն արտահայտել կարողանալու համար ոչ միայն հոգու մաքրություն, այլև գիտակցություն է պետք այնքան, որպեսզի բավարարի այդ հարցի վրա ուշադրություն դարձնելու համար: Չ՞է որ որքան ավելի մեծ է մարդու գիտակցությունը, այնքան ավելի շատ երևույթներ ու հարցեր է նկատում մարդը և ուշադրություն դարձնում դրանց վրա: Ընդհանրապես, գիտակցության մասին չմտածելը, չմտահոգվելը, չանհանգստանալը, մոռանալը, անտեսելը հատուկ է մարդկանց մեծ մասին, վերոհիշյալից արդեն հայտնի է, թե հատկապես որ մակարդակում գտնվող մասին: Այդ պատճառով, կյանքի դպրոցի գործունեության եղանակներից մեկն այն է, որպեսզի փոքրամասնությունը սովորեցնի մեծամասնությանը: Ինչպես որ դպրոցում մեկ ուսուցիչը սովորեցնում է 20-30 աշակերտների, այնպես էլ կյանքում փոքրաթիվ ավելի գիտակից մարդիկ պիտի սովորեցնեն մեծաթիվ պակաս գիտակից մարդկանց: Ուստի պետք չէ վախենալ մեծամասնության կողմից չհասկացված լինելուց, պետք չէ ամաչել մեծամասնության ծիծաղից: Պետք է սովորեցնել սեփական օրինակով, օրինակ ծառայելով: Իսկ սովորել, թե ոչ, կախված է սովորողի հասկացողության աստիճանից: Կցանկանա՞ սովորել, թող սովորի, չի՞ ցանկանա, թող շարունակի մնալ նույն անգիտակից վիճակում: Մինչդեռ ուրիշները կհասնեն իրեն և կանցնեն իրենից իրենց զարգացման մակարդակով: Խոսքը և´ ուրիշ անհատների մասին է, և´ ուրիշ ազգերի, պակաս օտարամոլ: Իսկ առայժմ օտարամոլները, մեծ մասամբ անգիտակցաբար, ձգտում են որքան հնարավոր է շատ օտար բառեր ներմուծել հայոց լեզվի մեջ, դավաճանաբար վնասելով նրան, չգիտակցելով իրենց անգիտակից արարքի վնասակարությունը: Իսկ գիտակցողները նաև լեզվի մաքրությամբ են պայքարում դրա դեմ:
Ցավո՜ք, փողոցում ընդունված չէ բարեկիրթ, քաղաքավարի, դաստիարակված լինելը: Նույնիսկ հատուկենտ բարեկիրթ մարդիկ, բավականաչափ հոգևոր, բարոյական ուժ չունենալու դեպքում, կարող են կիրառել փողոցային բառապաշար կամ շարժուձև, վախենալով անդաստիարակ մեծամասնության մեջ ծիծաղելի երևալուց: Այնինչ իրականում, անդաստիարակ մարդ լինելն է ամոթալին, ծիծաղելին, վատը, պարսավելին, խուսափելու ենթական: Իսկ բարի, քաղաքավարի, շնորհքով, մեծահոգի լինելը բարձր է, վեհ է և հպարտ: Իզուր չէ, որ որոշ իմաստուն երկրներում նույնիսկ շնորհակալ լինելու, շնորհակալություն հայտնելու հատուկ օր կա որպես ազգային տոն: Դրանով նրանք սովորեցնում են իրենց մարդկանց լինել ավելի կատարյալ:
Գեղամ Խաչատրյան
“անդաստիարակության նշան”, “գեղագիտական ճաշակի պակաս”, “հայրենասիրության պակաս”, “բանականության պակաս կա« տրամաբանության, մտածելակերպի պակաս (անմտության նշան)”…
“Առավոտի” խմբագրություն, դուք հեռացնում եք այն մեկնաբանությունները, որոնք որակումներ են պարունակում հոդվածի հեղինակների հասցեին: Բայցևայնպես, ձեզ թույլ եք տալիս տպագրել ոմն ՈՉ հարգելի Գեղամ Խաչատրյանի մտքերը, որոնք պարունակում են ակնհայտ որակումներ բազմաթիվ մարդկանց հանդեպ, որոնց նա չի էլ ճանաչում, և այստեղ արդեն առաջանում է երկակի չափանիշների հարց:
Այո, “մերսի” ասելը հայերեն և հայեցի չէ, բայց արդյո՞ք թույլատրելի է, ելնելով այդ մեկ բառից, նման արտահայտություններ անել այդ մարդկանց հասցեին: Անձամբ ես ասում եմ և մերսի, և շնորհակալություն, և եթե ինչ-որ մեկը (այդ թվում՝ Գեղամը) դա հիմք ընդունելով կարող է իրեն թույլ տալ ինձ անվանել անդաստիարակ կամ անհայրենասեր, ես ինքս թույլ կտամ տալ նրան բազմապիսի որակումներ՝ “եթերային” և “ոչ-եթերային”, բայց, ի տարբերություն Գեղամի՝ դրանք կլինեն հիմնավորված:
Չեմ հասկանում,արժեր?արդյոք այդքան ծանրանալ այդ անմեղ` ,,մերսի,,բառի վրա,առավել ևս,այդպես պիտակավորել շնորհակալություն բառի փոխարեն այդ արտահայտությունն օգտագործողներին:Ստացվեց,որ Երևանի բնակչության մեծ մասը հայրենիքի դավաճաններ են(համարյա այդպես):Եթե հոդվածի հեղինակը երկար ժամանակ ապրած լիներ Երևան քաղաքում,ապա նա կիմանար,որ իր կողմից ատելի այդ ,,մերսի,,արտահայտությունը,ի տարբերություն օ քեյ-ի, վաղուց արդեն` 1947թ-ից Ֆրանսիայից Հայրենիք ներգաղթած ֆրանսահայերի շնորհիվ, քաղաքային ֆոլկլ յորի մաս է դարձել:
Նախ կուզենայի ողջունել Դյադյուրին, քանզի վաղուց չէի նկատել իրեն գրածներին, անկեղծ անմիջական Երեվանցու մտքերին, որը լիովին կիսում եմ:Ես էլ կարծում եմ ուռճացնել «մերսի» ասելը այդքան իմաստ չուներ եվ ի միջայլոց այդ նույն բառը օգտագործում են նաեվ մեր հարավ արեվելեան հարեվանները, պարսիկները, պարսկաստանի հրեաները եվ իհարկե մեր պարսկահայերը, եվ ենթադրում եմ որ պատճառը իհարկե լեզվի հիմնական ֆունցիան, միտքը արտահայտելու ռացիոնացման միտումն է: Մեր լեզվում «շնորհակալություն» բառը ինչպես դժվար չէ նկատել երէք վանկանի, երկար բառ է եվ եթե երբեվե փորձել եք որեվե օտարերկրացու սովորեցնել նկատած կլինեք որ նրանց զարմացնում է … Լեզուն ինչպես գիտենք կենդանի օրգանիզմ է եվ ենթակա չե ոչ մի պետական օրեքների ու «պատիժների», այն ծառայում է իրեն օգտագործողների հասարակական տարբեր խմբերի կարիքներին եվ փոփոխվում է յուրաքանչյուր սերնդի հետ: Հնդեվրոպական նախալեզուն… սանսկրիտից… մեզ հասել է մինչեվ գրաբարին, հետո միջին հայերենին… հետո էլ, միշտ միտում ունենալով ռացիոնալին ձգտելով,հիշնեք ինչպես էր Տերյանը «գալոշների» համար «պայքարում»: Լեզուն իր ճանապարհը ինքն է գտնում, նույնիսկ Ռուսաստանում ուր ամեն երրորդ խոսքը հիմա շաղախված է անգլերենով, ինչպես մի ժամանակ ֆրանսրենով…
Իհարկե Հայերեն գեղեցիկ խոսելը ցանկալի է, բայց պարտադրելով նրա իրական ֆունկիայի միտումը չես փոխի…
Խնդրում եմ ներեք տեղ գտած տառասխալների առթիվ:
Միանշանակ համաձայն եմ մեկնաբանությունների հետ, հատկապես վերջինի: Եվ ինչպես է նման անիմաստ ու պրիմիտիվիզմի հասնող հոդվածներ “Առավոտը” տպագրում: Գնալով իմ կարծիքը թերթի մասին փոխվում է… և ոչ դեպի լավը: Ցավոք…
Պ-ն Galust Yenokyani ողջույնն ընդունված է:Հարգանքներիս հավաստիքը!!! Ի լրումն,ուզում եմ հոդվածի հեղինակին մի հին ու բարի անեկդոտ հիշեցնել:Երբ դեռ տրամվայները (հանրակառքերը) չէին հանել,Պռոշյան փողոցում գյուղից եկած մի կին կանգառին մոտեցած տրամվայի վարորդին ,,քաղաքավարի կերպով,,հարցնում է (ասել էին,քաղաքում քաղաքավարի կխոսես ). ,,ներեցեք,այս հանրակառքը ուր է գնում?,, ինչին վարորդը նույն ,,քաղաքավարությամբ,, պատասխանում է. ,,Շրթունքյանով, Ձիթապտուղ,քույրիկ ջան,,:Այնպես որ,խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև շրջապատը,որում այդ պահին գտնվում էս և իհարկե դիմացինիդ:
Հարգելի մեկնաբանողնե՛ր, մի՞թե մեկնաբանությունների հնարավորություն ընձեռելու իմաստը հոդվածագրին կամ հոդվածին գնահատականներ կամ որակավորումներ տալն է, կամ հեղինակին լավ թե վատ վերաբերմունք արտահայտելը, հարգանք կամ ոչ հարգանք ցույց տալը: Չէ՞ որ յուրաքանչյուր հոդվածին միշտ էլ կգտնվեն և´ հավանողներ, և´ չհավանողներ: Ըստ իս, մեկնաբանությունների նշանակությունը հոդվածում քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելն է, այսինքն՝ ըստ էության խոսելը: Եթե ինչ-որ մեկը համաձայն չէ հեղինակի տեսակետի հետ, թող իր տեսակետն արտահայտի, որքան ավելի կառուցողական, այնքան ավելի լավ: Եթե ինչ-որ մեկը կողմ է բառը օգտագործելուն, թող հիմնավորի իր կարծիքը, իսկ եթե դեմ է, թող տա պատճառաբանությունները: Բոլոր տեսակետներն էլ հարգանքի արժանի են: Թող ընթերցողները որոշեն, թե որ տեսակետով առաջնորդվեն իրենց կյանքում:
Կաթսայի ճնշումը բարձրանալիս, որպեսի կաթսան չպայթի կարգավորող փականով բաց են թողնում ավելորդ գոլորշին:
Ես չեմ հասկանում, Էլ բան ու գործ չունենք մնաց միայն մերսի-ի հարցը քննարկենք: Կարելի է կարծել մերսին է պատճառը մեր բոլոր դժբախտությունների: Միթե կարելի է այդքան եռանդ ու էներգիա վատնել այս անիմաստ հարցի համար: Ավելի լավ է, օրինակ, հոդված գրել, թէ ինչն է պատճառը, որ ինքնիշխան պետության բարձր մակարդակի ընդունելության ժամանակ մեր պետության ղեկավարները ռուսերեն են խոսում: Սա արդեն շատ ավելի լուրջ և մատահոգիչ հարց է: