ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր «Հայելի» ակումբում խոսեց դպրոցում երեխաների միջանձնային հարաբերություններից՝ անդրադառնալով մասնավորապես թիվ 71 դպրոցին:
«Հանրակրթության, կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության օրենքներով երեխայի՝ դպրոցից հեռացում չի նախատեսված: Նման դեպք, որ ըմբոստանան աշակերտները, ծնողները՝ երբեք չի եղել: Արդեն վեցերորդ օրն է, որ մեծերի պատճառով երեխաների կրթության իրավունքը խաթարված է: Պատճառը հայտնի է եւ չի արդարացվում: Մենք կոչ ենք անում մեծերին՝ երեխաներին շտապ վերադարձնել դպրոց: Ինչ վերաբերվում է ներքին վեճերին, միշտ էլ դրանք եղել են դպրոցում»,- ասաց տիկին Հովհաննիսյանը:
Aravot.am-ի հարցին՝ չի՞ կարծում, որ դպրոցի տնօրենի մեղքը կա, գուցե լավ կազմակերպիչ չէ, որ հարցը հասել է դասադուլին, տիկին Հովհաննիսյանը համաձայնեց, որ երեխայի մուտքը դպրոց լավ չի կազմակերպվել, այդտեղ բացթողում կա:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետը տարակուսած է՝ սխալ է երեխային փոքրիկ ահաբեկիչ ներկայացնելը. «Պետք է ե՛ւ այդ երեխայի եւ ողջ դասարանի հետ մանկավարժական, մեթոդական աշխատանք տանել»: Տիկին Հովհաննիսյանը նշում է, որ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո խնդիրը թվացյալ հարթվել էր մանկավարժական կոլեկտիվի կողմից, բայց միայն թվացյալ:
«Ես ինքս էլ դպրոցի տնօրեն եմ եղել, նման հարություններ իմ դպրոցում էլ են եղել, բայց հարթվել է: Կրկնում եմ՝ բացթողում կա եւ դպրոցի, եւ ծնողների կողմից: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչը եղել է տեղում, զրուցել է, բայց խնդիրը չի լուծվել»,-ասում է Նարինե Հովհաննիսյանը: Հանրակրթության վարչության պետը նշեց, որ մանկավարժների մոտ ստերեոտիպ կա, թե իրենց դպրոցի պատիվը չխաթարվի, դպրոցի պատերից դուրս չկա:
Նրա խոսքով. «Երեխաները պատրաստ են հասկանալու, մեծերը պետք է քայլ անեն»:
Ավելին, նրա համոզմամբ, խնդրի լուծումը մեկն է. «Երեխաները պետք է դպրոց գնան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ