Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվեցին 5 ակտիվիստներ, որոնց առավոտյան քաղաքի տարբեր հատվածներից ոստիկանները բերման էին ենթարկել: Ակտիվիստներից մեկին՝ Մարիա Հովսեփյանին ոստիկաններն իջեցրել էին տաքսի մեքենայից՝ առավոտյան ժամը 9-ին՝ Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկի հատվածից: Նա Aravot.am-ին պատմեց, որ ոստիկաններն առանց բացատրության իջեցրել են տաքսիից՝ արգելելով նրան գնալ աշխատանքի վայր: Նրան առանց պատճառաբանության բերել են ոստիկանություն, երեք ժամ պահելուց հետո ազատ են արձակել, երբ եկել էր նրա փաստաբան Արգիշտի Կիվիրյանը: «Ոստիկանների այս ձեռագիրը հիշեցնում է 37 թիվը»,- Aravot.am-ին ասաց պարոն Կիվիրյանը:
Մարիայից ավելի ուշ ազատ արձակվեցին եւս 4 ակտիվիստներ՝ Զարուհի Հովհաննիսյանը, Արթուր Պետրոսյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Օլյա Ազատյանը: Նրանց ոստիկանները առավոտյան 8.30-ի սահմաններում բերման էին ենթարկել Հերացի փողոցի վերգետնյա անցումից՝ կրկին առանց իրավական հիմքեր ներկայացնելու: Զարուհի Հովհաննիսյանը (լուսանկարում) մեզ հայտնեց, որ ոստիկանությունում իրենց 4-ի վրա «գործ են բացել» 182 հոդվածով՝ ոստիկանների իրավական պահանջը չկատարելու համար: Նա ասաց, որ այսօր ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ իրենց ձեռքին կային պաստառներ, որոնք փակցնում էին անցումի պատերին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ