Առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում մի խումբ քաղաքացիներ քաղաքի տարբեր վայրերում Պուտինին դիմավորելու ակցիաներ են իրականացրել՝ մեծ պաստառներով: Լրագրող Թեհմինե Ենոքյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետեւյալ գրառումը. «Նկարահանման ավարտից հետո, պատրաստվում էինք երթուղային նստել, մեզ մոտեցավ Շենգավիթի Ոստիկանության աշխատակից՝ քաղաքացիական հագուստով և պարտադրեց նստել առանց ոստիկանական տարբերանշանի մեքենա: Քաղաքացիները փորձեցին բերման ենթարկելու հիմքերը ճշտել, անձը որևէ իրավական հիմք չներկայացրեց:
Այն հարցին՝ լրագրողին ինչո՞ւ եք բերման ենթարկում , կրկին պատասխան չհնչեց…
Արդյունքում բռնի ուժ է կիրառվել իմ նկատմամբ և զոռով նստեցրել են մի մեքենա, որը չունի ոստիկանական տարբերանշան: Վարորդը ամրագոտին չեր կապել, անգամ զգուշացումից հետո չկապեց:
Ոստիկանական բաժանմունքում Արթուր Ավթանդիլյանին արգելում էին հեռախոսով Մարդու Իրավունքների պաշտպանին զանգել և ոստիկանության աշխատակիցը հայհոյախառը արտահայտություններ էր թույլ տալիս իր մյուս աշխատակցի նկատմամբ:
-Արա խոտ ե՞ս, քեզ չասեցի՞ չթողես զանգի…
Ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ հայտարարեցին, որ ես ազատ եմ և կարող եմ գնալ:
-Ներկայացրեք ինձ իրավական հիմքերը ինչու՞ եմ այստեղ հայտնվել, ինչու՞ եք ինձ բռնի ուժով մեքենա նստեցրել:
-Քեզ ոչ ոք բռնի ուժով բերման չի ենթարկել:
Տեսանյութում առկա փաստերը թողնում եմ ձեր մեկնաբանությանը:
Արդյունքում ագրեսիվ պահված դրսևորած ոստիկանական աշխատակիցը, որևէ հիմք չկարողացավ ներկայացնել և ինձ ուղեկցեցին Շենգավիթի ոստիկանության պետ Վահան Մամիկոնյանի աշխատասենյակ: Պետը զարմացած հարցնում էր, թե լրագրողը ի՞նչ գործ ունի այստեղ, ինչու՞ են իրեն բերել իր աշխատասենյակ:
-Ես էլ չգիտեմ ինչու՞ են ինձ բերել, խնդրում եմ ճշտել և ինձ ներկայացնել այստեղ գտնվելուս հիմքերը:
-Կցանկանա՞ք թեյ, սուրճ..
-Ոչ, շնորհակալություն, միայն ուզում եմ իրավական հիմքերը ճշտել:
-Ով է եղել քեզ այստեղ բերողը,
Արտաքին տվյալները ներկայացնելուց հետո, ասաց որ, մի քանի րոպեից կներկայացնենք ով է եղել:
Անցավ մոտ կես ժամ:
Սպասում էի մյուս աշխատակցի սենյակում:
Այդ ընթացում նա փորձում էր ճշտել քանի տարի է աշխատում եմ լրատվության ոլորտում, այստեղից հետո ուր եմ գնալու, որտեղ եմ բնակվում, ճանաչում եմ այս մարդկանց, ովքեր ակցիա էին անում:
-Ես իրավունք ունեմ ձեզ որևէ տվյալ չտալ, դուք իմ ռեզյումեն ե՞ք ճշտում:
-Չէ պարզապես զրուցում ենք:
-Մենք պետություն և քաղաքացի կարգավիճակում ենք, դուք չեք կարող ինձ հետ պարզապես զրուցել: Հիմա որ ես չենթարկվեի ապօրինի հրմանի և հարվածեի ձեր ոստիկանին, ով քաղաքացիական հագուստով էր, կասեի չէ՞, մեր ոստիկանը վնասվածք է ստացել:
-Դուք չեք կարող հարվածել կին արմատ եք, ոնց կարաք էդպիսի անօրինական բան անե՞ք:
-Նորից եմ կրկնում մենք քաղաքացի և պետություն կարգավիճակում ենք, դիմեք ինձ որպես ՀՀ քաղաքացի, այդպես կարող են ինձ դիմել միմիայն իմ ընկերները հարազատները մեր տանը: Ես ձեզ ներկայացնում եմ հաղորդում հանցագործության մասին, ձեր աշխատակիցը օրենք է խախտել, տույժի ենթարկեք:
-Իսկ ի՞նչ ես ուզում, որ անենք:
-Այստեղ ցանկությունների չափաբաժնով են պատիժ իրականացնո՞ւմ…Ուզում եմ, որ կախեք,, անելու ե՞ք: Ինչո՞ւ օրենքի համապատասխան տույժի չափ չեք ասում:
-Վահան Մամիկոնյանը, ներս մտավ և ներողություն խնդրեց իր աշխատողի անունից, խոստացավ տույժի ենթարկել:
– Նշեք պատժաչափը, ժամկետները:
-Երկու օրից եկեք, ես ձեզ կներկայացնեմ ինչպիսի պատժամիջոց ենք կիրառել նրա նկատմամբ: Իսկ հիմա դուք ազատ եք»: