Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ կախված է արդյունքից

Դեկտեմբեր 02,2013 11:57

Եթե դուք վարդերը ձեռքին կարողանում եք ներխուժել խորհրդարան, որի պատգամավորներն ընտրվել են կեղծիքներով, ուրեմն, դուք «վարդերի հեղափոխական» եք:

Բայց եթե ձեզ խորհրդարանի մուտքի մոտ կանգնեցնում են ոստիկանները եւ «բերման  են ենթարկում» քաղմաս, ապա դուք սովորական իրավախախտ եք: Եթե դուք բուլդոզերով քշում եք նախագահականի վրա եւ մտնում եք շենք ու նախագահը փախչում է, ուրեմն, դուք «բուլդոզերային  հեղափոխական» եք: Եթե չի փախչում, ապա դուք զանգվածային անկարգությունների կազմակերպիչ եք:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ արդյունքների եք  հասնելու ձեր գործողություններով:

Խորհրդային բանաստեղծ Սամուիլ Մարշակն ունի երկտողանոց էպիգրամա, որն ասում է, թե խռովությունը չի կարող հաջողությամբ ավարտվել, հակառակ դեպքում այն այլ կերպ է կոչվում:

«Խռովությունն» իր մեջ բացասական բան է պարունակում, իսկ բնագրում՝ անգլիացի 17-րդ դարի բանաստեղծ Ջոն Հարինգթոնի ոտանավորում կիրառվում է ավելի վատ բառ՝ treason, որն արդեն մոտ է պետական դավաճանությանը: Տեսնում եք, եզրերի ինչպիսի՜ բազմազանություն է:

Կամ վերցենք «պուտչը»: Եթե 1991 թվականի օգոստոսին կոմունիստների հետադիմական թայֆան կարողանար հաղթել կոմունիստների առաջադիմական թայֆային, ապա արդյոք այդ գործողությունը «պո՞ւտչ» էր կոչվելու: Իհարկե՝ ոչ, դա կոչվելու էր «խորհրդային սահմանադրական կարգի վերականգնում»: Ինչը եւ անում է Պուտինը առանց որեւէ «պուտչի»՝ ձեւականորեն հանդիսանալով Ելցինի  իրավահաջորդը:

Իհարկե, ոչ մի պուտչիստ ու հակապուտչիստ, ոչ մի հեղափոխական կամ հակահեղափոխական, ոչ մի ապստամբ կամ հակաապստամբ, ոչ մի խռովարար կամ հակախռովարար չի ասում՝ «ես այսպես եմ ուզում կամ այնպես եմ ուզում»: Ոչ, նրանք ասում են՝ «ժողովուրդն է այսպես կամ այնպես ուզում»: Հետեւաբար, բոլոր երկրների եւ ժամանակների թայֆաների ներկայացուցիչները

ա/ գիտեն, թե ինչ է ուզում ժողովուրդը,

բ/ վստահ են՝ այն, ինչ ուզում է ժողովուրդը, ճիշտ է եւ օգտակար:

Մի խոսքով, բոլորը Ահարոն Ադիբեկյան են, մի բան էլ ավելի:

Ես, բնականաբար, այդքան պայծառատես չեմ: Անձամբ ես գիտեմ, թե ինչ եմ ուզում կամ չեմ ուզում: Չեմ ուզում, որ Հայաստանը որեւէ ձեւով մտնի Ռուսաստանի (կամ որեւէ այլ երկրի) կազմի մեջ, չեմ ուզում, որ բացի հայերենից, որեւէ մեկ այլ լեզու պետական կարգավիճակ ունենա, չեմ ուզում, որ մեր ռեժիմը նման լինի Պուտինի կամ, առավել եւս՝ Լուկաշենկոյի ռեժիմներին: Բայց ես ամենեւին վստահ չեմ, որ հայաստանցիների մեծամասնությունն ինձ հետ համաձայն է: Ավելին՝ վստահ չեմ, որ այդ խնդիրներն առանձնապես հուզում են իմ համաքաղաքացիներին:

Եվ ամենակարեւորը՝ ես չեմ ուզում, որ հանուն որեւէ հեղափոխական կամ հակահեղափոխական գաղափարի որեւէ մարդու քթից արյուն գա: Ոչ միայն Հայաստանում, այլեւ Ուկրաինայում, նույնիսկ՝ Ադրբեջանում եւ Թուրքիայում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Garry says:

    Դուք մեծ հումանիստ եք պ. Աբրահամյան, բայց Ձեր ցանկությունների ամբողջությունն իրագործելի չի Հայաստանում և գիտեք թե ինչու: Այնպես որ կլինի խռովություն, թե հեղափոխություն, անկարգություն, թե խաղաղ հանրահավաք, մեկ է` պիտի ինչ որ մարդիք տուժեն և վնասվեն; Գուցե հանուն ազատության արժե այս գինը?

  2. Tigran says:

    Պարոն Աբրահամյան,ես էլ ձեզ նման չեմ ուզում,որ հանուն հեղափոխության որևէ մեկի քթից արյուն կաթի,բայց…Բայց մեկ-մեկ ինքս ինձ հարց եմ տալիս-ինչ? կլիներ,օրինակ,Ֆրանսիայում,եթե ֆրանսիացիների մեծ մասը էդպես մտածեին 1789 թվականին-երևի հիմա Ֆրանսիայում կիշխեր Լյուդովիկոս 30-ը,դե մնացածն էլ հասկանալի է…

  3. Mariam says:

    Վերջում կավելացնեի. հաղթողներն են գրում պատմությունը և թելադրում ճիշտ և սխալ արժեքները:
    Իսկ ես կգերադասեի թագավոր ունենալ, որը կմտածեր իր որդուն թագավորությունը որպես ժառանգություն փոխանցելու և դրա անկախությունը պահպանելու մասին, քան նախագահ, որը գալիս է մաքսիմում 10 տարով և փորձում թալանել, որքան կհասցնի:

  4. Կարեն says:

    Ես կարծում եմ, որ շատ քչերը կցանկանան մաս կազմել Մ.Մ. կամ Ռուսաստանին։ Սակայն մեր իշխանությունների վերջին տարիների քայքայիչ ներքին և արտաքին քաղաքականությունը բերեց նրան, որ մենք հայտնվեցինք անելանելի վիճակում։ Այլ ելք մենք չունենք և ինչքան էլ, որ ցավալի է՛ պետք է հարմարվենք վասալի կարգավիճակի հետ։ Մի բանում համոզված եմ՛ եկող սերունդները մեզ չեն ներելու։

  5. Հրանտ Պապիկյան says:

    Իսկ եթե Դուք մասնակցում եք “հակա Պուտինական” միտինգին որտեղ ծածանվում է ԼԳԲՏ ծիածանի դրոշը, երգում է Անի Զախարյանը, Ասլիկյան Լալան ու Կարապետյան Սևակը կյանքի գնով մարտնչում են ոստիկանների հետ` ԼԳԲՏ դրոշը չհանձնելու համար, Իսկ ցույցը բարձրախոսով ղեկավարում են Սաքունցը, Հաչունցը, Ուշունցը, Խաչիկը, Վաչիկը, Քաջիկը, Հրաչիկը…
    ՈՒՐԵՄՆ ԴՈՒՔ …երևի էլի ինչ որ հեղափոխական եք, ուղղակի անունը ինքներդ որոշեք ))))))))))))

    Իսկ միգուցե մի պահ ինքներդ Ձեր հետ ՄԻԹԹԻՆԳ անեք և ինքերդ Ձեր հետ շշուկով քննարկեք` էս ուր եմ ընկել…, էս ինչ ա կատարվում…

  6. vigen tsatryan says:

    Խնդիրն անխտիր հուզում է մեր բոլոր համաքաղաքացիներին,անկախ իրենց համոզմունքներից,իսկ ահա հպատակներին`չի հուզում:Նրանք հպատակներ են ու վերջ:Ցավում եմ,բայց ստիպված եմ արձանագրել փաստը:Անկախ Հայաստանի իշխանություններն, անխտիր,հպատակներ են բուծել,այլ ոչ քաղաքացիներ:Նույնիսկ համասեռամոլնեը,որոնց շատերս չենք հանդուրժում,փորձեցին իրենց քաղաքացուն վայել պահել,իսկ ահա հպատակները?Ավելի մեծ վտանգ գոյություն չունի:Մեր տունը ստրուկներն են քանդելու:

Պատասխանել