Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց Հայաստանի 2013 թ. հավանական լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանի հետ

Դեկտեմբեր 01,2013 17:25

Այս ամիս մարզական լրագրողները բաց ու թափանցիկ քվեարկությամբ կորոշեն մրցաշրջան 2013-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված լավագույն տասնյակն ընտրելու կարգի շուրջ քննարկման ժամանակ որոշվեց, որ թեկնածու մարզիկների ցուցակը կազմելու եւ ներկայացնելու է սպորտի պետական կառույցը, իսկ տասնյակի ընտրությունը, ինչպես միշտ, կատարելու են մարզական լրագրողները

: Ցուցակի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ, միջազգային կարեւորագույն պաշտոնական մրցումներն էլ դեռ չեն ավարտվել: Բայց, կարծես թե, Հայաստանի 2013 թվականի թիվ 1 մարզիկի ամենահավանական թեկնածուի անունը հիմա էլ պարզ է: Խոսքը ազատ ոճային ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանի մասին է: Ու, չնայած, դեռ պետք է սպասել քվեարկության արդյունքների ամփոփմանը, Aravot.am-ը զրուցեց նրա հետ:

– Դավիթ: Շատ մեծ հավանականություն կա, որ դու ճանաչվես Հայաստանի 2013 թվականի լավագույն մարզիկ: Նման բան մտածե՞լ ես:

– Չէ: Մտքովս էլ չի անցել: Թեեւ դա իմ կյանքի երազանքներից մեկն է եղել: Բայց Հայաստանի շատ մարզիկներ կան, որ այս տարի բարձր արդյունքներ են ցույց տվել:  

– Քոնն ամենաբարձրն է:

– Եթե ինձ ճանաչեն, երջանիկ կլինեմ՝ իմ եւ իմ երկրի համար:

  – Կարծում եմ՝ գիտակցում ես, որ դա նաեւ լրացուցիչ պատասխանատվության բեռ է:

– Բնականաբար: Գիտե՞ք, առաջ պատասխանատվության զգացումը մի տեսակ ծանր բեռի էր նման: Բայց ժամանակի ընթացքում դա ամենօրյա զգացում դարձավ եւ սովորեցի:  

– Հիմա Կրասնոդարում ես: Դեռ շարունակում ես հանգստանա՞լ:

– Հանգստանում էի աշխարհի առաջնությունից հետո: Բայց մարզումներս արդեն վերսկսել եմ: Եկող տարի էլ ծանր մրցումներ ունեմ՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, միջազգային բազմաթիվ մրցաշարեր: Պետք է լավ մարզավիճակում դրանց ներկայանամ:

– Ասում են՝ չեմպիոնական տիտղոսը պահպանելն ավելի դժվար է, քան նվաճելը:

– Իհարկե: Չեմպիոնի դեմ ավելի տրամադրված են գոտեմարտում: Մարզիչներս արդեն այսօրվանից ինձ այդ են ասում: Պիտի պատրաստ լինեմ ամեն ինչի:

  – Հաճա՞խ ես գալիս Հայաստան:

– Շատ հաճախ: Երեւանն իմ սիրելի քաղաքն է: Ամեն Նոր տարի դիմավորում եմ Հայաստանում: Բացի դա, միշտ գալիս եմ հավաքականի ուսումնամարզական հավաքներին:  

– Կյանքիդ գլխավոր մարզական նպատակը:

– Պարզ չէ՞. օլիմպիական ոսկին, որի մասին երազել եմ մանկուց: – Շնորհակալություն հարցազրույցի համար: Կհանդիպենք Երեւանում:

– Ես էլ եմ շնորհակալ: Կհանդիպենք:  

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031