Լրահոս
Օրվա լրահոսը

Անառողջ ցանկություն. 168.am

Դեկտեմբեր 01,2013 12:09

168Ժամ.   Լատվիայի մասին տեղեկատվությունը մեր երկրում պահանջարկ չի ունեցել: Այս փոքրիկ երկրի վրա մեր ուշադրությունը բևեռվեց վերջին ողբերգությունից հետո, երբ փլուզվեց Վիլնյուսի առևտրի կենտրոններից մեկը, և զոհվեց 54 քաղաքացի: Սակայն Լիտվայից եկավ մյուս լուրը. այդ երկրի կառավարությունը` ողջ կազմով, հրաժարական է ներկայացրել: Այդ թվում և` ուժայինները: Ընդ որում, փլված կառույցը մասնավոր շինություն էր` մասնավորի պատասխանատվության տակ: Մեզ համար այդ հրաժարականը մի ֆանտաստիկ իրադարձություն էր, թեև իրականում Լատվիայում իշխանությունները դրսևորեցին ամենասովորական պարկեշտություն:

Այդ լուրից հետո անառողջ ցանկություն է առաջանում` համեմատել Լատվիայի իշխանություններին մերոնց հետ: Եվ այս դեպքում ամենևին էական չէ, որ Լատվիան եվրոպական երկիր է: Եթե միջինասիական ամենահեռավոր աուլի գյուղապետն իր աշխատանքի հանդեպ դրսևորի պատասխանատվության նման մակարդակ, ապա ամենևին էական չի լինի՝ այդ մարդը պարկեշտություն է դրսևորում հեռավոր աուլո՞ւմ, թե՞ որևէ մեգապոլիսում: Անգամ ամենաբարձր մտավոր հնարավորությունները չեն կարող փոխարինել բարոյական արժանիքներին: Չկա ոչինչ ավելի վատ, քան ամեն իրավիճակից չոր դուրս եկող, անպարկեշտ մարդը՝ պետական բարձր պաշտոնին: Պարկեշտության ընկալումը պետական մեր բարձրաստիճան այրերի համար խիստ սահմանափակ է` ընտանիքի, մերձավորների հանդեպ պարտավորվածության զգացողություն` իրենց պաշտոնում հնարավորինս նրանց օգտակար լինելու առումով: Չբացակայել միմյանց զավակների հարսանիքներից… Կա՞ պատասխան` ինչո՞ւ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեր երկրում հրաժարական չի տալիս. ի վերջո, պաշտոնից արժանապատիվ հեռանալու պատճառները չափազանց շատ են: Ավելի շատ, քան պաշտոնում մնալու հիմնավորումները: Սակայն, երբ որևէ նոր կադրի աշխատանքի են ընդունում` որպես մաքուր կենսագրություն ունեցող «տղա», այդ «տղան» (որը, հասկանալի է, վաղուց արդեն տղա չէ, սակայն իներցիայով այդպիսին է համարվելու մինչև խոր ծերություն) իր նշանակման հրամանը տեսնելուն պես դառնում է մեկը` նրանցից: Հայաստանի ղեկավար պաշտոնում աշխատանքի նշանակվելու գլխավոր, սակայն չգրված պայմանն է` որևէ քայլով չվնասել ընդհանուրի (խմբի, կլանի) շահերին: Հասկանալի է, որ այս իշխանությունը` ողջ կազմով, կազմված է մարդկանցից, որոնք անձնական պատասխանատվություն չեն ստանձնում` ձևացնելով, թե նման հնարավորություն կցանկանային ունենալ, սակայն, ինքներդ եք հասկանում: Եվ, գրեթե վստահ եմ, որ Լիտվայի պաշտոնյաների որոշման վրա մեզ մոտ մի լավ ծիծաղել են և այն որակել` որպես հիմարություն: Այստեղ գիտեն` հրաժարական տալ` կնշանակի` հրաժարում խաղի ընդունված կանոններից: Իսկ դա մեր քաղաքական և կուսակցական էլիտայի բառապաշարով նշանակում է` «շանտղություն»: Համատարած իմիտացիա է. իշխանությունում մարդ է, որն իրեն նախագահ է ձևացնում, մարդիկ են, որոնք իրենց նախարարներ են ձևացնում կամ ԱԺ պատգամավորներ: Մի քանի հազար չինովնիկներ ձևացնում են հոգատարություն` ժողովրդի հանդեպ: Ոստիկաններին նորաձև համազգեստ են հագցնում, սովորեցնում են քաղաքացու հետ «Դուք»-ով խոսել (ամենադժվարը սա է տրվում), ավելի մեծ հնարավորություններ են տալիս երթևեկել` վթարային իրավիճակներ ստեղծելով, նրանց ավելի ամուր զրահներ ու մահակներ են տալիս, սակայն քաղաքացին իրեն ավելի պաշտպանված չի զգում: Իհարկե, իշխանությունը կարող է ձևացնել, թե քաղաքացիների հարգանքը չափազանց արժեքավոր է իր համար:

Սակայն հասարակության հետ իշխանությունը վարվում է նույնքան անամոթաբար, որքան 18-րդ դարում` հարստացած բուրժուաները` իրենց աղախինների հետ. նրանց այնքան չէին կարևորում, որ անհարմար չէին զգում աղախինների ներկայությամբ անել այն, ինչ սովորաբար երկրորդ կամ երրորդ մարդու ներկայությամբ չի արվում: Հավաստիացումները, թե` ամեն ինչ հանուն ժողովրդի է, ջարդած կոպեկի արժեք չունեն: Բավական է միայն անձնական օրինակը:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031