«2012 թվականին, երբ աշխատում էի կայքերից մեկում, պետք էր նյութ գրել ինչ-որ թուրք երգչուհու մասին, ով կատարել էր «Սարի գելին» երգը: Ինձ հետաքրքրեց՝ ինչո՞ւ «Սարի գելին» և ինչո՞ւ հայկական, փորփրեցի պարզեցի, որ իրականում եղել է «Սարի աղջիկ»»,- նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բլոգեր Անի Մարգարյանը:
Բլոգերը բացել է սոցիալական կայքերում էջեր և սկսել է հավաքել երգի հայկական տարբերակները: Նախագծով հետաքրքրվել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, որին միացել են Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի Հանրային կապեր ֆակուլտետի ուսանողները: Անի Մարգարյանի խոսքով` նախագծի գերնպատակն՝ երգը ճանաչելի և սիրելի դարձնելն է: Անժելա Էլիբեգովան նշեց, որ դիմել են մի շարք երգիչ-երգչուհիների, որոնցից առաջինը արձագանքել է Անդրեն: Սակայն նախագիծը շարունակական է լինելու. Երգը կատարելու են նաև Էմմին, Ոստան Հայոցը, Շուշան Պետրոսյանն և այլք: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաև տեսահոլովակի շնորհանդեսը: Երգիչ Անդրեն խոստովանեց, որ հրավերը ստացել է 20 օր առաջ և այդ 20 օրում հասցրել են ձայնագրել երգը և նկարահանել տեսահոլովակ: Երգիչը կասկած չունի, որ երգը հայկական է. «Եթե իրենցը լիներ, կլիներ «Ծովի հարս», որովհետև սարերում մենք ենք ապրում, այդ տարածքներում մենք ենք միշտ ապրել»: Երգի գործիքավորումը, ձայնագրումը, միքսը կատարել է Նիկ Եգիբյանը, ով հանդիսանում է նաև տեսահոլովակի ռեժիսորը և օպերատորը: Անդրեն կարծում է, որ ներկայիս մշակույթը անտեսված է և լճացում է ապրում. «Կարծես՝ մեզ այսօր նոր Կոմիտաս է պետք, որ պետք է գա նորից զտի, նորից պետք է գա մաքրի իսլամական-մուսուլմանական այդ մելիզմները, այդ տոները, այդ երգերի հիմքերն, որոնք, իսկապես, մերը չեն»: Ամի Չիչակյան Լուսանկարը՝ Bravo.am-ի