Մամուլում հաճախ հիշատակվող հայտնի դասարանի մի քանի արկածախնդիր ծնողներ, տեսնելով, որ իրենց իսկ հրահրած կոնֆլիկտում թե՛ բարոյական և թե՛ իրավական տեսանկյունից իրենք խայտառակ կերպով պարտվել են` չգտնելով իրենց վարքն արդարացնող որևէ փաստարկ` դրսևորում են ակնհայտ հոգեվարքերին ջղաձգումներ` նախաձեռնելով ակումբային շրջագայություններ ու մամլո ասուլիսներ, որոնք հետապնդում են ընդամենը մեկ նպատակ. արատավորել հակառակ կողմի բարի համբավը` փորձելով սեփական երեխաների առաջ մի կերպ փրկել իրենց իսկ դեմքը: Մենք այսօրինակ վարքը կատարելապես արհամարհում ենք և արժանի չենք համարում որևէ կերպ արձագանքել: Իսկ եղելությանը վերաբերող բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ` ընթերցելով համացանցում և բազմաթիվ լրատվամիջոցներում լայնորեն տարածված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին մեր հղած դիմումի տեքստը: Վերջում ցանկանում ենք սրտանց ամենայն բարիք մաղթել այդ ծնողներին` հուսալով, որ իրենց երեխաները գուցե մի օր կհասկանան, որ առաջնորդության չեն հասնում` ցանկանալով ճնշել շրջապատին, այլ միայն ձգտելով խոնարհությամբ ու արդարամտությամբ ծառայել վերջինիս:
Հարգանքներով` Հարություն Ղազարյանի ծնողներ