Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել»

Նոյեմբեր 30,2013 18:06

4833_bpresident.am Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին: Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Նախագահն այնուհետև ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որտեղ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարն ու Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը զեկուցել են ընթացիկ տարում իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերին:

Նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության հիմնական գործառույթները՝ առանձնացնելով մի քանի ոլորտ, որտեղ ընթացիկ տարում կատարվել են էական փոփոխություններ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին, պետական պարտքի կառավարմանն ու եվրապարտատոմսերի թողարկմանը, գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնմանը, հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարությանը, ծրագրային բյուջետավորմանը և նախարարության այլ գործառույթների շրջանակներում իրականացված աշխատանքներին:

Նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է բյուջետային քաղաքականությունը, մասնավորապես, ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա զեկուցել է օրենսդրական մի շարք փոփոխությունների մասին, որոնց արդյունքում ապահովվել են բյուջետային ծրագրավորման, պետական համակարգում աշխատավարձերի կարգավորման, արտաբյուջետային հաշիվների վարման իրավական հիմքերը:

Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնման և դրանով պայմանավորված՝ տեղական գանձապետական բաժինների կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև պետական բյուջեի հաշվետվությունների թափանցիկության, մասնավորապես, օրվա կտրվածքով բյուջեի ծախսերն ինտերակտիվ բյուջեի միջոցով հասանելի դարձնելու և պետական պարտքի կառավարման մասին:

Նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրել է հարկային և մաքսային, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում կատարված և ծրագրվող քայլերը, մասնավոր և հանրային հատվածների հաշվապահական հաշվառման ոլորտում վերջերս կատարված բարեփոխումները: Իր խոսքում նա անդրադարձել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակներում Ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներին ևս:

Նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը զեկուցել է պետական գնումների ոլորտում վերջին ամիսներին կատարված բարեփոխումները, մասնավորապես մոնիթորինգի արդյունքներն ու գնման գործընթացում կիրառված և թափանցիկություն ապահոված նոր գործիքները: Փոխնախարարն ամփոփել է ներքին աուդիտի համակարգի գործունեությունը, որը ներդրվել է պետական հատվածում 2013թ., ինչպես նաև արտաքին աուդիտի ոլորտում տրված լիցենզիաների գործողությունների նկատմամբ հսկողության խստացման արդյունքները:

Աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքն ու կադրային քաղաքականությունը՝ անդրադառնալով աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, որոնք միտված են առկա ներուժն առավել ռացիոնալ օգտագործելուն: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նաև մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կարողությունների զարգացման ծրագրերն ու առկա խնդիրները:

Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է ընթացիկ տարում ֆինանսական վերահսկողության հիմնական ուղղությունների և արդյունքների մասին՝ անդրադառնալով հատկապես ընթացիկ տարում ավելի մեծ ծավալ ունեցող՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումներին: Տեսչության պետի հավաստմամբ, արդյունքում բարձրացել է Ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, վերականգնվել են 2012թ. համեմատությամբ կրկնակի բյուջետային միջոցներ:

Զեկույցների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, անդրադարձել առկա խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ֆինանսների նախարարության համակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջին հերթին ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի մասին: Նախագահը դրական է գնահատել այս ուղղությամբ տարվող աշխատանքը և ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ընթացքի համար տեսնում է դրա առանձին փուլերի և արդյունավետ ավարտի հստակ ժամանակացույցի ամրագրման, հետևաբար նաև՝ գործընթացի տեմպի ավելացման անհրաժեշտություն:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ տարիների ընթացքում բյուջետային գործընթացը նկատելիորեն բարելավվել է. պետական բյուջեի կազմման, կատարման և հաշվետվողականության ինստիտուտները մեր երկրում զարգացման մեծ ուղի են անցել, և եթե նախկինում մշտապես բյուջետային գործընթացը մեր հասարակության մտահոգությունների կիզակետում էր, ապա, Նախագահի խոսքով, այժմ հասարակական քննարկումներում բյուջեն վաղուց արդեն պարզապես դուրս է մնացել, ինչը համակարգի կայացվածության մասին է վկայում:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև բյուջեի արդյունավետ կատարման՝ հավաքագրվող միջոցների արդյունավետ տնօրինման անհրաժեշտության մասին:

«Մյուս հարցը, որ պիտի առանձնացնեմ, տարվա ընթացքում բյուջե-տային գործընթացներին առնչվող քննարկումներին, վերլուծություններին, անգամ բամբասանքներին ավելի հստակ ու ժամանակին արձագանքելն է»,-ասել է Նախագահը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին ամբողջական և խորը հաշվետվությամբ Ազգային ժողովում հանդես գալուց, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանրությանը տեղեկատվություն ներկայացնելուց զատ, Ֆինանսների նախարարությունը հստակ ու ժամանակին պատասխանի նաև հրապարակավ առաջ քաշվող բոլոր հարցերին, անգամ եթե դրանք ակնհայտ անհիմն են. «Ապատեղեկատվությունը պիտի մատնանշվի, պարզաբանման կարիք ունեցող հարցերը` հիմնավոր բացատրություն ստանան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցության ժամանակ Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես նախարարության խնդիրներին, այնպես էլ հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը:

Աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, որին մասնակցում էր Հանրապետության Նախագահը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, և՛ մեզ համար, և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության: Իսկ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաև փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին:

Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, և՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, և այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ:

Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ և ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:

Խորհրդակցության ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Այվազյանը, տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժորա Ասատրյանը, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930