«Անդրկովկասում նոր իրավիճակ է ձևավորվում. Ամերիկան և ընդհանրապես Արևմուտքը Անդրկովկասում պասիվանում է, և Ռուսաստանը նորից մտնում է այն տունը, որտեղից դուրս էր եկել կամ դուրս էր մղվել 15-20 տարի առաջ ոչ միայն իր իսկ անփութության, անկազմակերպվածության, ռուսական թավաքյալիության պատճառով, այլև անդրկովկասյան նոր ձևավորվող, ինքնուրույն հանրապետությունների համատեղ ջանքերով»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը և հավելեց. «Հիմա Ռուսաստանը նորից մտնում է այդ տունը և մտնում է, կարծես թե, ոչ զոռով, այլ Հայաստանի, անորոշ և խաղեր տվող Ադրբեջանի, երերուն ու տարուբերվող Վրաստանի և այլ երկրների ցանկությամբ, ինչպես նաև եվրոպական, բայց հատկապես ամերիկյան փոխադարձ համաձայնությամբ: Ռուսաստանը և Ամերիկան, իմ կարծիքով, աշխարհի նոր բաժանման մի բարդ խաղ են վարում»:
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջիկա այցելությանը Հայաստան՝ բանաստեղծն ընդգծեց, որ կարիք չկա այսքան մեծ աղմուկ բարձրացնելու. «Գալիս է մեկը, որը մեր հին, ոխերիմ բարեկամն է: Թեև վերջին քսան տարվա ընթացքում ամենատարբեր զարգացումներ են եղել հայ-ռուսական հարաբերություններում, բայց հիմնական իրողությունը մնում է»,- նշեց Դ. Հովհաննեսը: Ըստ նրա՝ Հայաստանի՝ դեպի Եվրոպա ուղղվածությունը կարող էր նորություն մտցնել այստեղ, «բայց, ինչպես տեսանք, դա գլուխ չեկավ և չեկավ ոչ այնքան Հայաստանի հեղհեղուկ պահվածքի և Ռուսաստանի ճնշման պատճառով, այլև հենց իրենց՝ եվրոպացիների ապաշնորհ, թեթև, հանգիստ մոտեցումների պատճառով»,- համոզված է գրողը:
Նա նշանակալից երևույթ համարեց ՌԴ նախագահի՝ 600 հոգանոց խմբով Հայաստան այցելությունը. «Պատմական երևույթ կասեի, եթե այդ բառն այդքան ծեծված չլիներ: Ինձ թվում է՝ եվրասիական ուղղության իմաստով Հայաստանը Ռուսաստանի համար ավելի շատ ցուցադրական, ինչ-որ մի բան հասկացնելու գործառույթ ունեցավ ակամայից: Այդ գործառույթը տրվեց Ռուսաստանի կողմից, և Հայաստանը վերցրեց այն իր վրա»,- ասաց Դ. Հովհաննեսը և մի երգիծական պատմություն հիշեց. մեկը ծեծում է երեխային, հարցնում են՝ ինչո՞ւ ես ծեծում, ասում է՝ ծեծում եմ, որ հերը վախենա: «Հիմա հերը Ուկրաինան է, ծեծվողը՝ Հայաստանը։ Սա Ուկրաինային հետ պահելու համար էր: Պուտինը կոնկրետ մտադրություններ ունի: Թեկուզ այն, որ այդպիսի «վիթխարի» խմբով է գալիս Հայաստան, դրանով ուզում է հասկացնել հենց նույն Ուկրաինային, թե՝ տե´ս, եթե փոքրիկ Հայաստանի հետ կապված այսպիսի գործողություններ եմ նախաձեռնում, ապա ինչե´ր կարող եմ անել քեզ հետ»,- ասաց գրողը և շեշտեց, որ միայն Ուկրաինայի հարցը չէ, դեռևս թեական են մնում Վրաստանի և Մոլդովայի հարցերը, թեև նրանք նախաստորագրել են: Կա նաև Ռուսաստանի հետ մշտապես «խաղեր տվող» Ադրբեջանի հարցը: «Համենայն դեպս, Հայաստանը կարծես թե օրինակի, փորձանմուշի, լակմուսյան թղթի դեր է կատարում ինչ-որ իմաստով»,- ասում է բանաստեղծը:
Գալով արդեն երկար ժամանակ քննարկվող ՄՄ, թե ԵՄ մտնելու մեր խնդրին՝ բանախոսը գտնում է, որ այստեղ Եվրոպան տանուլ է տվել և տանուլ է տվել ոչ միայն ռուսական «արջավարի» ճնշման, այլև իր իսկ պասիվության պատճառով: «Արդյունքում՝ Եվրոպան գնալով դառնում է անդեմ, անորոշ մի գոյություն՝ հետ ընկնելով և´ Ամերիկայից, և´ Ռուսաստանից,- կարծում է Դավիթ Հովհաննեսը,- իսկ ընդհանրապես երբեք պետք չէ բալասանը, դեղն ու ճարը փնտրել այս կամ այն կողմում: Դուք կարծում եք՝ եթե մենք մտնեինք Եվրոպական ասոցիացիայի մեջ, կոռուպցիան պիտի կտրուկ պակասեր կամ վերանա՞ր Հայաստանում: Կոռուպցիան երբեք չի վերանա, քանի դեռ մենք նրան սնուցում ենք մեր ներսում»:
Կարդացեք նաև
Խոսելով դեկտեմբերի 2-ին նախատեսված ակցիաների մասին՝ գրողը դրանք շատ բնական համարեց և նկատեց, որ նույնիսկ վատ կլիներ, եթե չլինեին այդ ակցիաները. «Մի տեսակ ոչխարային հնազանդության նման կլիներ՝ «էկար՝ մեր աչքի վրա, մեր գլխի վրա»: Չէ´, այդպես պիտի չլինի: Մարդիկ կան, որոնք անկեղծորեն փողոց են դուրս գալիս, և դա բնական է: Իսկ ի՞նչ եք ուզում, ուզում եք, որ գնանք- կանգնենք, երկու կողմերից ծաղիկներ շպրտենք, նրանք էլ մեջտեղով հաղթանակած Լենկ-Թեմուրի նման գան-անցնե՞ն»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ