Կրասնոյարսկում Ադրբեջանում հրատարակված «Հայկական ահաբեկչություն» պատկերազարդ գիրքը կքննվի Կրասնոյարսկի կենտրոնական շրջանային դատարանում` պարզելու, թե արդյո՞ք այն պարունակում է «ծայրահեղական նյութեր»: Հայտնում է «ԱՊԱ» լրատվականը` հղում անելով «Ազերթաք»-ին:
Կրասնոյարսկի դատախազությունից հայտնել էին, որ գիրքը շրջանում տարածում են ադրբեջանական սփյուռքի անդամները:
Կրասնոյարսկի պետական մանկավարժական համալսարանի մասնագետները հոգելեզվաբանական հետազոտություն են անցկացրել և պարզել են, որ գրքում անջատ տեքստերը, նախաբանը, լուսանկարները և դրանց առնչվող մեկնաբանությունները միակողմանի նյութեր են, որոնք կարծիք են ձևավորում, թե գոյություն ունի հայկական ահաբեկչություն, որ հայերը՝ հանուն իրենց ազգության, սպանություններ են գործում ամբողջ աշխարհում: Հիմնվելով «ծայրահեղական գործունեության» դաշնային օրենքի վրա`Ռուսաստանի դատախազությունը գիրքը ճանաչել է «ծայրահեղական նյութեր» պարունակող և ուղարկել է դատարան` խնդրով, որ այն նույնպես անօրինական ճանաչի:
1992թ. Բաքվում հրատարակված «Հայկական ահաբեկչությունը» գրքի հեղինակներն են Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իսմաթ Գայիբովը և «Ազերինֆորմ» (այժմ` «Ազերթաք») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Ազադ Շարիֆովը: Նրանք երկուսն էլ մահացած են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ