Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեգենդար աստղագետի հոբելյանը

Նոյեմբեր 30,2013 14:06

100 տարի առաջ նոյեմբերի 29-ին ծնվել է 1500-ից ավելի գալակտիկաներ հայտնաբերած անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանը:

Նրա գիտական աշխատանքները վերաբերել են աստղային եւ արտագալակտիկական աստղագիտությանը: Նրա գլխավորությամբ մշակվել է աստղերի տեսանելի բաշխման մեջ դիտվող տատանումների տեսությունը: Կատարել է ցրված աստղակույտերի դիտումներ եւ դասակարգում, ուսումնասիրել է դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները եւ նկարագրել է գալակտիկայի պարուրաձեւ ճյուղերի նկատմամբ դրանց դիրքը: Այդ աշխատանքների հիման վրա 1952թ. հրատարակվել է տիեզերական աստղակույտերի ատլասը: Բացահայտել է պայծառ գալակտիկաների շարքում գունային ու սպեկտրալ անոմալ բնութագրերով օժտված օբյեկտների հատուկ դասի առկայությունը:

Բացահայտված երեւույթի բացատրման համար առաջինն է առաջ քաշել գալակտիկաների միջուկներում ոչ ջերմային բնույթի ուլտրամանուշակագույն ճառագայթների առկայության գաղափարը: Այդ ուղղությամբ մշակել է հատուկ մեթոդաբանություն, որի հիման վրա 1965թ.-ից Բյուրականի աստղադիտարանում Շմիդտի մեկ մետր տրամագիծ ունեցող աստղադիտակով անցկացրել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը: Դիտումների արդյունքում հայտնաբերել է հատուկ դասի՝ սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող մեծ թվով թույլ գալակտիկաներ (13-17-րդ աստղային մեծության), որոնք կոչվում են նրա անունով՝ Մարգարյանի գալակտիկաներ եւ որոնց թիվը գերազանցում է 1500-ը: Աշխարհի տարբեր աստղադիտարաններում հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք Մետագալակտիկայի ակտիվ գոյացումների ընդարձակ դաս են կազմում: Այսօր Մարգարյանի գալակտիկաները շարունակում են դառնալ աստղագիտական նորանոր հետաքրքրությունների եւ հետազոտությունների թեմա: Պատահական չէր, որ Բենիամին Մարգարյանի կողմից տիեզերքի 17000 քառակուսի աստիճան հատվածում իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը 2011թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում:

Վերջին տարիներին Մարգարյանի աշխատանքների ուղղությամբ կատարված կարեւորագույն գործերից է նաեւ նրա շրջահայությունը Բյուրականի մի խումբ գիտաշխատողների կողմից թվայնացնելը:

ՌՈՒԲԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր Գուրզադյանի էսսեների ընթերցասեր says:

    Առաջարկում եմ կարդալ ականավոր գիտնական, ֆիզիկոս-աստղագետ, գրող-էսսեիստ Գրիգոր Գուրզադյանի “Մի կում ջուր” ժողովածույում “Մարգարյանի գալակտիկաները” վերնագրով էսսեն, որտեղ հանգամանալից նկարագրվում է Մարգարյան աստղագետի անհատականությունը, բնատուր օժտվածությունը, նրա նվիրումը իր աշխատանքին, աստղադիտակով աշխատելու նրա վարպետությունը, Տիեզերքի շջահայության նրա կատարած բծախնդիր աշխատանքը, նրա կողմից հայտնագործված գալակտիկաների նշանակությունը` որպես աստղագիտության նոր, կարևոր ու շարունակական ուղղություն:
    Ահա մի քանի հատվածներ վերը նշված աշխատությունից.

    “Իրար ետևից հրապարակ եկան աղյուսակներ Մարգարյանական գալակտիկաների. դրանք իսկույն ևեթ դարձան ծրագիր նաև տևական ու մանրակրկիտ հետազոտությունների, ծրագիր ընդարձակ աստրոֆիզիկական դիտումների աշխարհի ամենահզոր տելեսկոպների վրա տարվող: Ուսումնասիրությունները Մարգարյանական գալակտիկաների իրականացվում էին բոլոր ալիքներում` օպտիկական, ինֆրակարմիր, ռենտգենյան, ռադիո, հեռավոր ուլտրամանուշակագույն, և այդ ամենը ոչ միայն գետնի վրայի հզոր և գերհզոր տելեսկոպներով, այլև կոսմիկական աստղադիտարանների օգնությամբ նաև: Արդյունքում իրար ետևից հայտնվեցին անթիվ-անհամար հոդվածներ, աշխատություններ, ընդարձակ ուսումնասիրություններ…, ամբողջ դիսերտացիաներ` նվիրված Մարգարյանական գալակտիկաների բազմակողմանի ու մանրակրկիտ հետազոտումներին` շատ հեռուն գնացող հետևություններով”:

    “Մարգարյանական գալակտիկաների ցուցակները և դրանց վրա հիմնված վիթխարածավալ ուսումնասիրությունների արդյունքները հարկադրեցին տեսաբաններին հիմնովին վերանայել հեռավոր աստղային սիստեմների կոսմոգոնիան ու վերջին հաշվով վերանայել Տիեզերքի կառուցվածքին ու Տիեզերքի էվոլյուցիային առնչվող մինչ այդ եղած վարկածներն ու տեսությունները”:

    Անչափ տպավորիչ է նաև էսսեի վերջաբանը.

    “Արտակարգ աշխատասիրության մարմնացում էր Մարգարյանը: Գիշերները` ամառ, ձմեռ, տելեսկոպի տակ կքած, նկարահանումներ աստղային երկնքի, ինչին նա վարպետ էր, հավասարը չունեցող…Ցերեկը` միկրոսկոպի տակ այդ նույն նկարները զննելիս, քննելիս, աստղային կատալոգների, քարտեզների հետ համեմատելիս…Պրպտումներ, մտորումներ, կասկածներ` օրեր, օրեր շարունակ…Ոչ ոք չի հաշվել գինն այն տառապանքի, անքուն գիշերների, այն հոգեկան տվայտանքների, ինչը եղել է, պետք է որ լիներ իրական արժեքը Մարգարյանական ամեն մի գալակտիկայի, նրա ցուցակների ամեն մի տողի…Մարգարյանը հեռացավ այս աշխարհից բայց նրա անունը կմտնի, արդեն մտել է` խոշոր տառերով, գիտության պատմության մեջ` մեկընդմիշտ…Իսկ գալիք ժամանակներին նրա անունը, ազնվագույն կերպարը կներկայանա ինչպես երևույթ, առասպել, ինչպես չափանիշ առ գիտությունն ունեցած անօրինակ նվիրվածության”:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930