Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մինչ այսօր Հովսեփ Օրբելու կիսանդրին չկա ակադեմիայում»

Նոյեմբեր 30,2013 14:11

Օրբելի եղբայրների թանգարանի առաջին տնօրեն Գերասիմ Մկրտչյանը՝ անվանի գիտնականների մասին

Օրբելիների ընտանիքի հայրը՝ Աբգարը, որը Նախիջեւանում հաշտարար դատավոր էր, ամռան երեք ամիսներին ընտանիքով մշտապես հանգստանում էր Ծաղկաձորում: Հենց այստեղ էլ ծնվում է նրա միջնեկ որդին՝ Լեւոնը (ավագ որդին՝ Ռուբենը, ծնվել է Նախիջեւանում, կրտսերը՝ Քութայիսում): Այդ է պատճառը, որ Ծաղկաձորում (այն տանը, որտեղ հանգստացել է Օրբելիների ընտանիքը) բացվել է Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: «Թանգարան ստեղծելու առաջին նախաձեռնողը եղել է հայտնի բժիշկ Վարֆոլոմեյ Ֆանարջյանը, ով 60-ականների կեսերից դիմել էր կառավարությանն այդ առաջարկով եւ միայն 1982-ին հաջողվեց այն բացել»,- ասում է թանգարանի առաջին տնօրեն, այժմ ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը:
Ականավոր գիտնականների համաստեղության մեջ իրենց անվանի տեղն են զբաղեցնում Օրբելի եղբայրները: Նրանք՝ յուրաքանչյուրն իր բնագավառում, հեղինակություններ են: Մեծ է ակադեմիկոսների թողած գիտական ժառանգությունը: Նրանց ազդեցության ներքո ձեւավորվել են ոչ միայն գիտական ուղղություններ, այլեւ՝ գիտական սերունդներ:
Օրբելի եղբայրները ծնվել են տոհմիկ մտավորականների ընտանիքում: Նրանց ե՛ւ հայրը, ե՛ւ մայրը կիրթ եւ զարգացած մարդիկ էին: Մայրն արմատներով հնամենի հայկական իշխանական տոհմից է եղել: Մեծ է եղել ծնողների դերը իրենց զավակների դաստիարակության եւ հետագայում կրթություն ստանալու հարցերում: Նրանք մշտապես ուղղորդել են որդիներին դժվար պահերին, ճիշտ ուղի ցույց տվել: «Դրանում համոզվում ես ընտանիքի նամականին ընթերցելիս»,- ասում է Գ. Մկրտչյանը: Նաեւ հավելում, որ շուտով լույս կտեսնի այդ նամականին: Դա տնօրեն Մ. Բունիաթյանի եւ Գ. Մկրտչյանի համատեղ աշխատանքն է:

Եվ այսպես, երեք եղբայրներն էլ ժամանակին Թիֆլիսից մեկնել են Պետերբուրգ՝ կրթություն ստանալու: Ռուբենը գերազանցությամբ ավարտել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Եղել է ցարական սենատի վճռաբեկ հանձնաժողովի ավագ քարտուղար: Նա գիտեր 12 լեզու, Աստվածաշունչն այդ լեզուներով է ուսումնասիրել եւ դասախոսություններ կարդացել աստվածաբանության վերաբերյալ: Հեղափոխությունից հետո զբաղվում է մանկավարժությամբ, թարգմանությամբ: 20-ական թթ.-ից հետո նա գտնում է իր կյանքի գլխավոր թեման՝ ստորջրյա հնագիտությունը: Ռ. Օրբելին բազմաթիվ աշխատություններ է գրում ստորջրյա սարքավորումների, ջրասուզակների մասին: Բարձր է գնահատվում նրա աշխատությունը Լեոնարդո դա Վինչիի վերաբերյալ, որտեղ Ռուբեն Օրբելին ներկայացնում է համաշխարհային հանրությանն այդ հանճարեղ իտալացուն նոր տեսանկյունից՝ որպես ստորջրյա սարքավորումների նախագծող եւ պատրաստող գիտնականի:

Մեր զրուցակիցը նշեց, որ Օրբելի եղբայրները կոմկուսի անդամ չեն եղել, բայց զբաղեցրել են բազմաթիվ բարձր պաշտոններ: Լեւոն Օրբելին համարվում է ավիացիոն, տիեզերագիտության բժշկության հիմնադիրը: Համաշխարհային գիտություն մտավ որպես էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիր: Նա մեծ հեղինակություն ուներ եւ կարողացավ ստեղծել մեծաքանակ, համախմբված դպրոց: Լեւոն Օրբելին նաեւ Հայաստանում ֆիզիոլոգների դպրոցի ստեղծողներից է: Գտնվելով Լենինգրադում, միշտ ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի ֆիզիոլոգիայի ինստիտուտը, օգնել սարքավորումներով, համալրել նոր կադրերով:

Հովսեփ Օրբելին աշխույժ, անվախ մարդ էր: Մասնագիտությամբ արեւելագետ էր, հնագետ, կովկասագետ, հայագետ: Բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Էրմիտաժի տնօրենը: Հենց նա էլ Էրմիտաժի հետագա տնօրենին՝ Պիոտրովսկուն կապել է Հայաստանի հետ: Հովսեփ Օրբելին Էրմիտաժի 1100 սենյակից հավաքել է 400 դահլիճ: Սովի տարիներին (1932թ.), երբ մշակութային արժեքները վաճառվում էին ցորեն գնելու նպատակով, նա կանխել է այդ գործընթացը (գրում եւ համոզում է երկրի ղեկավարությանը): Այդպիսով փրկում է Էրմիտաժի արեւելքի բաժնի սասանյան արծաթ հավաքածուն: Նա մեծ աշխատանք է կատարել 30-40թթ. հայ մշակութային դպրոցի կայացման գործում: Հայաստանից շատ հետազոտողներ իրենց պրակտիկան անցել են Էրմիտաժում: «1938թ. Հովսեփ Օրբելին ձեռնամուխ եղավ Հայաստանում ակադեմիական հաստատությունների ստեղծմանը, կոնսոլիդացմանը: Հատկապես ճշգրիտ գիտությունների տարածման, զարգացման կողմնակիցն էր, համարելով, որ դա կնպաստի երկրի զարգացմանը: Բայց հետաքրքիրն այն է, որ մինչեւ այսօր չկա Հ. Օրբելու անունով մի ակադեմիական հաստատություն, նրա կիսանդրին ակադեմիայի շենքում տեղադրված չէ»,- ասում է Գերասիմ Մկրտչյանը: Նա հուսով է, որ դա ժամանակի խնդիր է:

ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930