Ինչո՞ւ նախկինում դատվածի նկատմամբ խափանման միջոց չի չընտրվել կալանքը:
Գյումրի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված, վագոն-տնակում բնակվող Կարապետ Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2013թ մայիսի 26-ին իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում, դեպի Վրաստանի սահմանի ուղղությամբ ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որի հետեւանքով ավտոբուսն ընկնելով սահքի մեջ եւ դառնալով անկառավարելի, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի բանուկ մասից դեպի ձախ, ենթարկվել է վթարի, որի հետեւանքով ուղեւորներ Ավետիք Թորոսյանը՝ տեղում, Լիանա Մկրտչյանը հիվանդանոցում մահացել են, Ռուդիկ Խաչատրյանը ստացել է առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս, իսկ Հրաչիկ Խաչատրյանը՝առողջության միջին ծանրության վնաս:
Ըստ «Դատալեքս« կայքի՝ նախկինում դատված, դատվածությունը մարված Կ. Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով(«Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը»): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կ. Կոջօղլյանը պատշաճ կերպով տեղեկացված լինելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում նոյեմբերի 14-ին նշանակված նիստի մասին, դատարան չի ներկայացել: Դատարանը 2013թ. նոյեմբերի 14-ին կայացրել է ամբաստանյալին բերման ենթարկելու որոշում: Նշված որոշումը ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ուղարկելուց հետո, ամբաստանյալը դատական նիստի օրվա, ժամի եւ վայրի մասին տեղեկացվել է հեռախոսագրով, սակայն 2013թ. նոյեմբերի 26-ին նշանակված դատական նիստին դարձյալ չի ներկայացել:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ամբաստանյալ Կարապետ Կոջօղլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխել եւ խափանման միջոցը ընտրել կալանավորումը, որոշման կատարումը հանձնարարել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնին, քրեական գործի վարույթը կասեցնել մինչեւ ամբաստանյալի հայտնաբերումը: Նշենք, որ դատավարության մասնակիցները Գյումրիից 2 անգամ մեծ ճանապարհ էին կտրել՝ դժվարանցանելի ճանապարհներով հասնելով Բերդ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ