Թատերագետ Արա Խզմալյանի դիտարկումները
Դրամատուրգ-բեմադրիչ կապն ամրապնդելու, բեմադրություններին գործնական ցուցումներով նպաստելու եւ ժամանակի խնդիրներն արծարծող գործեր բացահայտելու նպատակով այսօր՝ 4-րդ անգամ, Ազգային թատերական ստեղծագործական միավորումն (ԱԹՍՄ) ու մշակույթի նախարարությունը Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կանցկացնեն «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական ընթերցումները:
«Առավոտը» թատերագետ, ԱԹՍՄ նախագահ Արա Խզմալյանին խնդրեց ներկայացնել նախորդ 3 ընթերցումները: «Ընթերցումներն «արտադրանքով» տարբեր էին: Մեծ արդյունքներ գրանցվեցին առաջին միջազգային փառատոնից հետո, որին մասնակցում էր 12 երկիր եւ դա հնարավորություն տվեց ամբողջական պատկերացում կազմելու միջազգային դրամատուրգիական պրոցեսների մասին: Ընդ որում, այդ արտադրանքը ամրագրվեց մի ծանրակշիռ ժողովածուում, որտեղ պիեսներից եւ ստեղծագործական ինքնակենսագրություններից բացի, տեղ գտան նաեւ թատերագիտական հոդվածներ»,- հայտնեց մեր զրուցակիցը, հավելելով, թե հիշյալ ժողովածուն Ռուսաստանում որակվեց, իր խոսքերով՝ դարակազմիկ, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո նման համապարփակ աշխատություն առաջին անգամ էր գրքի տեսքով ներկայացվում:
Հետաքրքրությանը՝ քանի դրամատուրգ ունենք եւ հարցին՝ հանրապետության 17 պետական թատրոններում ո՞ւմ գործերն են բեմ բարձրացել, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Ունենք ընդամենը մի քանի հեղինակներ, այդ թվում՝ Կարինե Խոդիկյան, Անուշ Ասլիբեկյան, Գուրգեն Խանջյան, Հովհաննես Թեքգյոզյան, որոնց գործերը բեմադրվում են: Իսկ ընդհանրապես ապրում ենք համընդհանուր գրամոլության ժամանակներում: Սեփական ներքին խնդիրները լուծելու անկարող ամեն ոք ինքնադրսեւորման հրապարակ է դարձրել թուղթն ու գրիչը: Եթե խնդիր ունի կանանց հետ՝ գրում է այդ մասին, դժբախտ է ընտանիքում՝ նույնպես «փաստում» է, իսկ եթե մտքերը թղթին հանձնել չի կարողանում, ապա զբաղվում է քաղաքականությամբ եւ այլն»: Պարոն Խզմալյանը նշեց, որ հայ հեղինակների «մասով» ամենալուրջ խնդիրը պրակտիկ թատրոնի եւ դրամատուրգի կապի բացակայությունն է. «Ի հետեւանք դրա, կենսական դրամատուրգիական տեքստի փոխարեն հաճախ հանդիպում ենք գրասենյակային պիեսների: Ես սա ասում եմ նախորդ երեք ընթերցումներից հետո»: ԱԹՍՄ նախագահը նշեց, որ իրենց գերագույն նպատակը ոչ այնքան պիեսների բեմ հանելն է, որքան ռեժիսորական գործնական միջամտությունը գրելու ընթացքում ապահովելը: Մասնագետը համոզված է, որ բեմադրիչի մեկ նուրբ դիտարկումն անգամ կարող է ունենալ թատերագիտական վերլուծությունների արժեք:
Անդրադարձ եղավ վերջին շրջանում ֆիլմերի ու ներկայացումների համարյա միօրինակ սցենարներին: Արա Խզմալյանը հայտնեց հետեւյալը. «Երկու հիմնական թեմա է «շրջանառվում»՝ ցեղասպանություն եւ սեքսապաթոլոգիա: Սակավ դեպքերում են հատվում դրամատուրգների մտահղացումն ու հասարակական տրամադրությունները: Զարմանում եմ, թե մեր ժամանակների առատ դրամատուրգիական նյութը ինչպես է վրիպում մեր իսկ հայացքից, այդպես էլ չստանալով բեմական դրսեւորում: Ընդ որում, այս իմաստով բացառություն են կատակերգական ներկայացումները, որոնցում արծարծվում են օրվա խնդիները եւ, որպես կանոն, հեղինակներն ու բեմադրիչները իրենք դերասաններն են»:
Անդրադառնալով կայանալիք ընթերցումներին, պարոն Խզմալյանը ներկայացրեց մասնագիտական խմբի անդամներին, նրանք են՝ Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը: Ասաց նաեւ, որ ներկայացված 16 հայտից ընտրված է 6-ը եւ առանձնացրեց Սամվել Խալաթյանին, ասելով, որ նրա պիեսներում հորինված քիչ բան կա, պատկերվող իրադարձությունները ճանաչելի են, խոսքն էլ՝ թեթեւ ու անկաշկանդ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ