Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղատվություն կամ զրոյական կետ

Նոյեմբեր 30,2013 14:35

«Ճանճերն իրենց կեցությունը պահելու համար մտնում են առյուծի բերանը»։ Գրիգոր ՄԱԳԻՍՏՐՈՍ:

Մի հարեւան ունեինք, մականունը՝ Խաշ։ Հզոր տղամարդ էր, մոսկվաներում փող դիզած, որոշեց պսակվել։ Բայց արի ու տես, հարսանիքի նախորդ գիշեր, գավառից ուզած հարսնացուն ծածուկ թռավ սիրածի հետ։ Խաշը, չշփոթվեց, գտավ ելքը՝ փոքր քրոջը տվեք։ Ծախս եմ արել, հո չեմ թափի գնա։ Տարիների հեռվից այս դեպքը հիշեցի, երբ Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի երկարատեւ ու թանկ պատրաստությունից հետո, մի անսպասելի գիշեր, մեր ղեկավարը ծածուկ թռավ ռուսի հետ՝ հիմարաբար խաբվելու շփոթմունքը թողնելով Եվրոպայում մեր դիվանագիտական առաքելություններին, փաստաթղթի շուրջ համաձայնության եկած կողմերին։ Ծլկելն այնքան կտրուկ էր, որ ճիշտ ու սխալ հարցնող էլ չեղավ, չարիքն արդեն կատարվել էր, ինչ հարցնեին։ Չեմ ուզում խոսել կողմերից մեկին նախընտրելու քաղաքական խնդրի շուրջ։ Բանը դրան չհասավ էլ։ Ինձ ցնցել է կողմնորոշումը հայտնելու՝ Հայոց պետության ղեկավարին սաստիկ անվայել ճորտական եղանակը։ Քցել-ծլկելու մորալի այս թաթարական միջոցը, ինչը գուցե ներելի է գեղջուկ հարսնացուին, պետության ղեկավարի պարագայում թուք է, վիրավորանք ու անպատվություն է մեր երկրի հանդեպ։ Դուրս է գալիս թշնամին գառան տեսքով մտել է մեր տուն՝ տիրացել մեր հողին ու տանը։ Ու գայլի պես ծծելով մեր ազնիվ արյունը, իր մահաբեր երախն է արդեն ուղղել մեր սրտին։ Այս ապիրատ եկվորները լկտիացել են այնքան, որ արդեն Ստեփանակերտում են վճռում Հայաստանի բախտը։ Ու մեզ չեն էլ հարցնում։ Իրենց ուժերին վստահ չեն, ռուսին բերում են Հայաստան, որ պաշտպանի Արցախը։

Տրամաբանություն մի փնտրեք, հանուն Արցախի Հայաստան Հայրենիքն է աճուրդի հանվել։ Մի կրակոց չարձակած Արցախի «հերոսը» նամակ է գրել ռուսաց թագավորին՝ թող ոչ մի զոհ չպահանջվի Հայաստանից բացի, գրել է։ Հատուցո՞ւմ։ Երեք մատի կոմբինացիա, ձեր Հայրենիքում հիմա մենք ենք տերերը։ Մենք էլ կորոշենք ձեր տեղը քարտեզի վրա։ Եվ որոշել են։ 1988-ի փետրվարի այն օրից, երբ Հայաստանում մոլեգնում էին միտինգներն ու գործադուլները, երբ կանայք զարդերն էին հանում Արցախի փրկության համար, Ստեփանակերտի հրապարակում հազարավոր արցախցիներ «Կարաբախ պլաչիտ, Ռոսիա մոլչիտ» լոզունգներով, չոքել էին ձյուն ու փոթորիկի տակ ու հարթակին կանգնած Կրեմլի ելուզակներ Ռոզումովսկուց եւ Դեմիչեւից խնդրում էին… պրոսի՛մ…

Այս ամոթալի տեսարանն ավելի հաճախ հիշում էր 1990թ. Արցախի կառավարիչ, մոլի հարբեցող Վլադիմիր Ֆոտեեւը, երբ լակում էր. «Ազգն էլ այն աստիճան իջնի, որ ծնկի գա էդ բոսյակների առաջ»։ Կրեմլը պատասխանեց Սումգայիթով։ 1989թ. հունիսյան այն արեւոտ օրը, երբ Արցախի կառավարիչ Արկադի Վոլսկին իր կաբինետում պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի «Միացում» խմբից չխանգարել արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացը, որի կետերից մեկն էլ Արցախի կառավարման ժամանակավոր հանձնումն էր Կրեմլին, խմբի անդամ Սերժիկ Սարգսյանը բերանը ջուր առած, բառ անգամ չհակառակվեց Վոլսկուն։ Գործարան, ֆաբրիկաների մեծ մասը հանված ու դրված էր ԽՍՀՄ տնտեսության տարբեր կառուցվածքներում, մշակույթն ու կրթությունը տրված էր Հայաստանին։ «Միացումը» ՀՀՇ-ի լիդերներին միացած, չեզոքացրին Արկադի Վոլսկուն ու Հենրիկ Պողոսյանին։ Ու քշեցին Արցախից։ Ի պատասխան, Կրեմլը Վոլսկու փոխարեն Արցախ ուղարկեց հայակեր Պոլյանիչկոյին ու հայոց լեզվի ոչ անհայտ թշնամի, «հերոսի» ջերմ բարեկամ Կրովոպուսկովին։ Ռուսաց տանկերը թրթուրների տակ առան Գետաշենի ենթաշրջանն իր գյուղերով ու հանձնեցին թուրքին։ Իր լուման չուշացրեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեծ բարեկամ Բորիս Ելցինը. նրա նվիրած երեսուն տանկերը Ադրբեջանի օմոնին առաջնորդեցին Շահումյան, իսկ Հայաստանին խոստացված տանկերը մնացին թղթի վրա։

Ու հիմա, պատերազմից քսան տարի անց, մեր լուսեղեն զոհերի ու թիկունքի լուռ տառապանքի հաշվին հաղթանակած, մեր փողերով նեխած շապիկները փոխած այս մուրացկանները, Հայաստանի գլխից թռնելով Արցախի տարածքային կարգավիճակն են ճշտում Ռուսաստանի կազմում։ Երեւի մի բան գիտեն՝ բարոյալքված բանակը չի կարող պաշտպանել Արցախը թուրքից։ Ուզում եմ մի հարց տալ մեծ տերությունների քաղաքական գաղջ ծանծաղուտներում մոլորված այս կղերամիտ չարչիներին՝ եթե պիտի վերջում մայր Ռուսիայի գիրկը նետվեիք, Վոլսկին հենց դա էլ անում էր, էլ պատերազմն ինչի համար էր, թնդանոթի մի՞ս էր ձեզ համար Հայաստանը։ Հիմա էլ մորմի ճանկերը խրած մեր սրտի մեջ, ահա քսան տարի ծծում եք մեր երկրի արյունը։ Ու չեք հագենում։ Որպես ինչ եք մեր երկրի կիսամեռ լեշը Արցախի պոչից քարշ տալիս ռուսաց ոտքերի տակ։ Գույք պարտքի դիմա՞ց։ Մեր պաղ թիկունքում, մեր սրբազան հո՞ղն եք արդեն գրավ դրել…

Առանց Հայաստան Արցախը ոչինչ է։ Սա միշտ հիշեք, ռսի մգլոտ պուճախներում քարշ եկող ներքինիներ։ Ու նեխած սապոգին հանձնվելու թքաբույր քացու գինը ուրիշի սահմաններում չփնտրեք։ Դժվար ծնունդ մի բուռ երկիր ունենք, մի Հայաստան, չենք տալու։ Ուզո՞ւմ եք, տվեք Արցախը։ Ռուսի զորքն էլ ձեզ օժիտ։ Մեր անկեղծ զինվորը հերիք է, մենք թշնամի չունենք, ինչից վախենանք։ Դուք ապահով կշնչեք գոսնահոտը, «հերոսը» կխաղաղվի, մենք էլ կհաշտվենք հարեւանների հետ։ Սահմանը կբացեն, լիարյուն կշնչենք։ Մեր հողից բոյ քաշած մեր հողին տեր կընտրենք, ետ կգանք մեր տունուտեղին։ Մեր ազնիվ Հացի Աղը կզգանք՝ չարխափան եղած մեր Հայրենիքում։ Երանի։ Հեռացե՛ք։ Վերադարձեք Արցախ։ Մեծ ու փոքրով, Հայաստանից թալանած գույքն էլ տարեք։ Միայն թե՝ ռադ եղեք։ Ապերախտ ստամբակներ դուրս եկաք։ Մեր քնած ազգը երբեմն զարթնել գիտե։ Շանթի փոքրիկ կայծին քարյուղ մի ավելացրեք։ Մի վերածեք Հայաստանը Եգիպտոսի։ Մի ստիպեք ատել Արցախն ու արցախցուն… Հեռացե՛ք…

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրահա, 2013, նոյեմբեր

Հ.Գ. Բուֆետում երեքով ենք՝ Հրանտ Ոսկանյանը, Բորիս Դադամյանն ու ես։ Թեյն ու նախաճաշը ձեռքին մեզ է մոտենում ԽՍՀՄ նախկին գլխավոր դատախազ Ա.Սուխարեւը։ Աթոռները խտացնում, տեղ ենք տալիս։ – Հը, ո՞նց են էնտեղ տղաները,- թեյից երանությամբ կում է անում նա։ Հստակ նկատի ունի «Ղարաբաղ» կոմիտեն։- Ասում են՝ ակտիվ վերակառուցում են երկիրը, հը՞, Հրանտ Մուշեղիչ, ընդ որում՝ առանց ձեզ։ Ու մեր լռությանն ի պատասխան՝ ավելացնում՝ ասացի՞ կփոշմանեք։ Թե չէ նամակ նամակի ետեւից գրում էիք, շատ էիք անհանգիստ։ – Ասա, է,- կողքի սեղանից ճիշտ ժամանակին մեջ է ընկնում Աբդուլ Ռահման Վեզիրովը,- ես էլ եմ էդ ասում, երկու ոտը մի կոշիկի մեջ դրած, Ղարաբաղ են ուզում։ Տարե՛ք, մենակ մի տարի հետո պիտի գամ ու ձեր հալը հարցնեմ։ Էդ ժողովրդի հետ յոլա գնալ կլինի՞։ Ինչքան տաս, դժգոհ են, եղբայր։

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930