Լրահոս
Օրվա լրահոսը

«Խորը եւ համապարփակ մանթրա՞շ», թե՞ համագործակցության հեռանկար

Նոյեմբեր 30,2013 14:58

«Այդ ելույթն ընդամենը դեկլարատիվ հայտարարությունների շարք էր, որը ոչինչ չի ասում ու չէր էլ կարող ասել: Ավելին ակնկալել Վիլնյուսից՝ ակնհայտ էր»,- «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսպես բնութագրեց երեկ Վիլնյուսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում ՀՀ նախագահի ելույթը: ՀԱԿ պատգամավորը վերլուծելով նաեւ երեկ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը՝ այն կարծիքին է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանի իշխանություններից կա խորը հիասթափություն, եւ համագործակցության հեռանկարները շատ մշուշոտ են:

«Արեւելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք՝ կնշեմ ընդամենը վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը:

Վիլնյուսի գագաթնաժողովի հռչակագրով մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ շարունակելու նոր թափ հաղորդել մեր երկրներում իրականացվող բարեփոխումներին»,- իր ելույթում մասնավորաբար ասել էր Սերժ Սարգսյանը: Մեր զրուցակցի համար նման արտահայտություններն առնվազն տարակուսելի են, քանի որ, իր համոզմամբ, Սերժ Սարգսյանը խոսում է արժեքների մասին, որոնց կրողը չի հանդիսանում: Ավելին՝ հայ հասարակությունն այդ արժեքների իրական ազդեցությունն իր վրա երբեւիցե չի զգացել:

«Հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը խոսում է հայաստանյան ընտրական համակարգերի առաջընթացի մասին՝ իր անձնակա՞ն կարծիքն է ասում, թե՞ ուղղակի բառաշարքեր է ասում՝ «միամիտ» եվրոպացի չինովնիկներին համոզելու համար, որ Հայաստանն ընդունել է իրենց առաջարկած ինստիտուցիոնալ փորձը, եւ բարեփոխումներ ենք իրականացրել: Իրականում ոչ մի բարեփոխում էլ, ոչ մի բարելավված ընտրական համակարգ էլ չկա: Կա կոռումպացված իշխանություն, որն ընտրություններում վերարտադրվում է ամեն գնով: Դրա արդյունքում ժողովուրդն էլ հիասթափված եւ հուսալքված լքում է երկիրը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախագահի հիշատակած «անկախ դատական համակարգի» անմիջական ազդեցության արդյունքն օրերս է վայելել: Նա նկատի ունի ՍԴՀԿ-ի մասով կայացված վճիռը: Թեպետ մինչ այդ էլ մեր զրուցակիցը վստահ էր, որ ՀՀ-ում դատարանները քաղաքական իշխանության, մասնավորաբար Սերժ Սարգսյանի ուղիղ վերահսկողության տակ են. «Չկա դատախազություն, առավել եւս անկախ գլխավոր դատախազ, եւ դատական բարեփոխումների մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Վստահ եմ, որ այդ ամենն արտաբերելիս Սերժ Սարգսյանը մտքում ծիծաղում էլ էր»:

Իսկ Հայաստանում կոռուպցիոն համակարգի վերացման մասին նախագահի արտահայտություններին մեր զրուցակիցն անգամ դժվարանում է գնահատականներ տալ. «Կոռուպցիայի մասին խոսում է մի մարդ, ով Հայաստանում կոռուպցիոն համակարգի ճարտարապետներից է, ներկայումս էլ դրա ուղղորդողն է»:

Արդյունքում տիկին Սարգսյանը ցավով նկատում է, որ կա մի փաստ՝ եվրոպացի պրեսկոտները՝ հայաստանյան ընտրություններին տված իրենց դրական գնահատականներով, օգնել են Սերժ Սարգսյանին առ այսօր պահպանել իշխանությունը: «Կարծում եմ՝ այսուհետ եվրոպացիները կվերանայեն իրենց մոտեցումները հայաստանյան ընտրական գործընթացների նկատմամբ եւ կհասկանան, որ նման մարդկանց հետ համագործակցությունը երկարաժամկետ չի կարող լինել, եւ նման իշխանությանը սատաերլը, մեղմ ասած, վարկաբեկում է Եվրոպային եւ Հայաստանում եվրոպական արժեքների ոչնչացման հիմք է դնում»,- ասաց տիկին Սարգսյանը՝ ամփոփելով. «Կարելի է արձանագրել, որ վիլնյուսյան գագաթնաժողովը խորը եւ համապարփակ մանթրաշի մեջ գցեց ՀՀ իշխանություններին»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930