Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի խնդիրներին. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 30,2013 11:26

Հարցազրույց ՕԵԿ փոխնախագահ, «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ

-Հայաստանը նախագահի մակարդակով մասնակցեց Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին եւ համատեղ հայտարարությամբ վերահաստատեց ԵՄ հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու հանձնառությունը։ Առջեւում ՌԴ նախագահի այցն է Հայաստան, որի ընթացքում, ըստ շրջանառվող լուրերի, հաստատվելու է Մաքսային միությանը մեր անդամակցության ճանապարհային քարտեզը։ Սա համարենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականության հերթական ձեռքբերո՞ւմը։

-Կարծում եմ, ՀՀ նախագահի այցը Վիլնյուս, ՌԴ նախագահի այցը Հայաստան զուտ ժամանակային համընկնումներ են։ Միմյանց հաջորդող այս իրադարձությունները պետք է դիտարկել այն համատեքստում, ինչի մասին բազմիցս ասվել է տարբեր մակարդակներով. Մաքսային միությանը անդամակցությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, այդ թվում՝ տնտեսական անվտանգության եւ տնտեսության զարգացման տեսանկյունից։

Այստեղ կարելի է առանձնացնել մի քանի բաղկացուցիչ։ Նախեւառաջ, դա ռուսական էներգակիրներ, գազի գնի խնդիրն է։ Երկրորդը հայկական ապրանքների արտահանման պոտենցիալն է. եթե նայենք արտահանման կառուցվածքը՝ գյուղատնտեսական, արդյունաբերական, տեխնոլոգիական արտադրանքը ավելի շատ գնում է ռուսական շուկա, մինչդեռ Եվրոպական միություն արտահանվող ապրանքների առյուծի բաժինն ընկնում է հումքին։

Հաջորդը տարածաշրջանային հարաբերություններն են եւ տարածաշրջանային խնդիրները, որտեղ Ռուսաստանը ունի լուրջ դերակատարություն, չորրորդը՝ Ռուսաստանի եւ Մաքսային միության մյուս երկրների ստվար հայ համայնքը։
Իհարկե, Եվրոպայում էլ ունենք Սփյուռք, բայց արտերկրում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների մեծ մասը ապրում է Ռուսաստանում, եւ սա եւս մեկ փաստարկ է՝ հօգուտ Մաքսային միության։ Այնպես որ Մաքսային միության շրջանակներում համագործակցության դաշտը բազմաշերտ է եւ ունի բազմաթիվ ծալքեր։
Մաքսային միության մեջ մտնելը մեզ համար նաեւ ռազմավարական շահերի ապահովման՝ տնտեսական, տարածաշրջանային անվտանգության, տարածաշրջանային հարաբերությունների խնդիր է։ Մեկ օրինակ. վերջերս Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ Թուրքիան հետաքրքրված է ՄՄ-ին ինտեգրացիոն գործընթացներով, եւ թուրքերը դա չհերքեցին։ Այսինքն՝ տարածաշրջանում հետաքրքիր պրոցեսներ են ընթանում։

Այս ամենը, ներառյալ Ուկրաինայի դիրքորոշման փոփոխությունը, ցույց է տալիս, որ Մաքսային միություն մտնելը բխում է մեր ազգային շահերից։
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ համագործակցության ծրագրերին ուղղված մեր քաղաքական կյանքի ժողովրդավարացմանը եւ արդիականացմանը, քաղաքական ինստիտուտների զարգացմանը, արդարադատության եւ իրավական համակարգի բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, տնտեսական համակարգերում նորարարական մոտեցումների, մեխանիզմների ներդրմանը, որ իրականացնում ենք Արեւելյան գործընկերության շրջանակներում, այդ ամենը շարունակվելու է, որովհետեւ դա առաջին հերթին մեզ է պետք։

Մե՛նք ենք նախեւառաջ շահագրգիռ, որ մեր քաղաքական, իրավական, դատական համակարգը, տնտեսական ինստիտուտները լինեն արդար, պետությունը՝ մրցունակ, ինչի մասին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը Վիլնյուսի գագաթաժողովում ունեցած իր ելույթում:

Շատ հետաքրքիր է, որ ՄՄ անդամ երկրների փորձագետների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա, օրինակ, մեր օրենսդրության, մաքսային համակարգերի հետ կապված. նրանք ընդունում են, որ Հայաստանում բազմաթիվ օրենքներ շատ ավելի ազատական են, եւ ասում են, որ պատրաստ են օգտագործել այդ փորձը։ Կարծում եմ՝ այս տեսանկյունից պետք է նայել Եվրամիության եւ Մաքսային միության հետ մեր հարաբերություններին։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930