Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյանը խոստանում է թվեր եւ անուններ հրապարակել. «Երկիր»

Նոյեմբեր 30,2013 09:38
Artur Agabekyan

«Երկիր» թերթն այսօր հարցազրույց է հրապարակել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:

-Պարո’ն Աղաբեկյան, ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հերթական հեռուստամարաթոնը: Արդեն հայտնի է, թե ինչքան գումարի խոստում է տրվել: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա արդյունքները:

– Պետք է խոստովանեմ, որ մեր ակնկալիքն ավելին էր, որովհետև մենք նպատակ ունենք 2014թ. փետրվարից սկսել Մարտակերտ-Քարավաճառ-Վարդենիս ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրա մասին երկար խոսելու անհրաժեշտություն չկա: Կարծում եմ, որ, մեկ անգամ նայելով քարտեզին, կհասկանաք, թե ինչ նպատակ է հետապնդում Արցախը` ունենալով այդ ճանապարհը: Մենք ակնկալում էինք, որ մեր ժողովուրդը կանի ամեն ինչ, որ այդ գումարը, որը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք է, հավաքվի: Իհարկե, մի քիչ պակաս հավաքվեց, բայց լիահույս ենք, որ տարվա ընթացքում, այլ բարերարների աջակցությամբ, այդ գումարը կհամալրվի: Ամեն դեպքում մենք ունենալու ենք այդ ճանապարհը, որը Արցախի համար  ռազմավարական մեծ նշանակություն ունի: Մենք փետրվարին կսկսենք ճանապարհի կառուցումը և մեկուկես տարի հետո կունենանք այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց սուղ միջոցներից մաս հանեցին և մասնակցեցին այս ծրագրին:

 

– Արդեն ավարտին է մոտենում Արցախի կառավարության կազմակերպած`  վիճակախաղի տոմսերի վաճառքի ժամանակը: Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն վիճակախաղի տոմս էր թողարկվել և ինչքա՞նն է վաճառվել:

– Մենք թողարկել էինք 300 000 վիճակախաղի տոմս և բոլորն էլ դրել շրջանառության մեջ: Այսօրվա դրությամբ`  200 000-ից ավելին արդեն իրացված է, իսկ եթե դրանց գումարեմ նաև Սփյուռքում Հայ Յեղափոխական Դաշնակցության կառույցների կողմից տարածված տոմսերի թիվը, որոնց մասին արդեն սպառիչ տեղեկություն կստանանք մոտ օրերս, ապա կարելի է հայտարարել, որ համազգային առաջին վիճակախաղը հաջողել է: Մնում են ավարտական մի քանի միջոցառումներ, որպեսզի դեկտեմբերի 28-ին պատվով, թափանցիկ իրականացնենք խաղարկությունը: Այս վիճակախաղի նպատակը հանրապետությունում կարևոր երկու ծրագրերի իրականացումն է` նպաստել Արցախի վերաբնակեցման ծրագրին և մշակութային արժեք ներկայացնող գորգերի արտադրությանը, որով, բնականաբար, նաև աշխատատեղերի հարց է լուծվելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930