«Փոխանակ Եվրոպա շարժվենք, շարժվում ենք դեպի Սիբիր «երանելի» տարածք: Անցյալը չպիտի մոռանալ, անցյալից պիտի դասեր քաղել»,-այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հետո դավաճանություն համարեց Եվրամիության (ԵՄ ) փոխարեն Մաքսային միությունն (ՄՄ) ընտրելը:
Պարոն Հայրիկյանը ասաց, որ հասարակական կարծիքի ուսումնասիրություն են անցկացրել, եւ արդյունքները փաստում են, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է ՄՄ-ին անդամակցելու որոշմանը:
Նա նաեւ քննադատեց, որ վերջին երկու օրերին ծախու ու պետական պատվեր կատարող սոցիոլոգները տարածեցին տեղեկություններ, թե բնակչության 60 տոկոսը ուրախ է եւ կողմ ՄՄ-ին միանալուն. «Հայ մարդը վախեցած է, նվաստացած սոցիալական ճնշումներում, բայց ունի հստակ կողմնորոշում ՝ դեմ է այդ մոտեցմանը»:
Կարդացեք նաև
Իր ելույթի վերջում պարոն Հայրիկյանը չմոռացավ ՀՀ երեք նախագահներին. «Գործ ունեինք ավազակների հետ…. Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր անկախությանը , երկրորդ նախագահը՝ գույք պարտքի դիմաց, վաճառեց հայրենիքը՝ չխոսելով Հայաստանի իրավունքների մասին, այսօրվա նախագահը տեսնում ենք՝ ինչ ծանր հիասթափության առջեւ է կանգնեցնում մեզ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ