«Երբ որ Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական կառավարության որոշումը, ընդունվեց օրենք, և այդ օրենքի հիման վրա նորաթուխ կառուցապատողները սկսեցին նոր տարածքներում իրականացնել կառուցապատում, դրանք են՝ Կոնդ, Ֆիրդուսի, Կոզեռն: Այսօրվա դրությամբ այդ տարածքների 365 բնակիչ ունի «բոմժի» կարգավիճակ, այսինքն՝ պետական զոհերի քանակը շատացել է»,- նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեց «Պետական կարիքների զոհ» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Քննարկման թեման էր «Իրացման գոտի. Երկարատև խնդիրներ և դատական գործնթացները»: Քննարկմանը մասնակցում էին նաև փաստաբան Արթուր Գրիգորյանը և «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Աբրահամյանը:
Պարոն Բաղդասարյանը պնդում է, որ 2007 թվականից պետական ծրագրեր չեն իրականացվել, իսկ սույն թվականի ապրիլ ամսին ընդունված է որոշումը, հաստատել է պետության կողմից ընդունված «Պետական կարիք» ծրագրի ձախողումը. «Պետական կարիք» ծրագիրը բացառիկ գերակա շահի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական դատարանում 14-ից ավելի դատեր է պարտվել, համաձայն որի՝ 550 հազար դոլարից ավելի գումար է վճարել քաղաքացիներին բյուջեից: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ թիվը գնալով ավելանալու է, որովհետև դեռ տասնյակ գործեր գտնվում են Եվրոպական դատարանում»:
Սեդրակ Բաղդասարյանը հակադրվեց Աշոտ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե իրացնողը կառուցապատող կազմակերությունը չէ, իրացնողը Ծրագրերի իրականացման գրասենյակն է, նշելով, որ հենց կառուցապատող կազմակերպությունն է Ծրագրերի իրականացման գրասենյակին գումար տալիս: Պարոն Բաղդասարյանը հայտարարեց, որ Հյուսիսային պողոտան և պատմամշակութային հուշարձան համարվող «Մանկական աշխարհ» հանրախանութը կառուցապատող «Սոգլասիե Արմենիա» ընկերության ջանքերի շնորհիվ ոչնչացվել է պատմամշակութային հուշարձան համարվող Արամի 34, 36 շենքերը:
Կարդացեք նաև
Պարոն Բաղդասարյանը ներկայացրեց «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Աբրահամյանի նամակը, որով նա խնդրում է թույլ տալ քանդել Արամի 38 շենքը, հետագայում այդ շենքը վերականգնելու պայմանով. «Օրենքը թույլ չի տալիս քանդել պատմամշակութային հուշարձանը և օրենքում նշված չէ՝ եթե դուք վերցնում եք հուշարձանը պետք է տեղափոխեք վերականգնեք. Դա ուրիշ խնդիր է: Ոչ ոք թույլ չի տալիս հուշարձանը քանդել, քարերը հավաքել»:
Ամի Չիչակյան