Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՊԵԿ նախկին աշխատակից, տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոս Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նա մեղադրվում է այն բանում, որ 2008-2010 թթ.ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր, եւ «միասնական դիտավորությամբ», տարբեր անձանցից, համատեղ ձեռնարկատիրական գործունեության անվան տակ, նրանց մասնաբաժին տալու պատրվակով ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար: Գումարի նախնական չափը կազմում է 275.702.610 ՀՀ դրամ:
Վարույթն իրակացրել է ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանը, ապա ` ՀԿԳ քննիչ Էդ. Հովհաննիսհանը:
Արտակ Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով` երկրորդ անգամ, նա պաշտպան չունի:
Ըստ մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման՝ Ա.Ղուկասյանը Մ.Մ-ին հանձնել է «Ֆինանսական շտապօգնություն» եւ «Մաստեր կրեդիտ» գրավատների գրավադրված ոսկու պահոցների բանալիների օրինակները` հսկողություն իրականացնելու համար, սակայն, իրականում, ստացված գումարները որեւէ տեղ չի ներդրել, եւ ըստ նախաքննության մարմնի` հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար:
Ա.Ղուկասյանի կինը դիմել է հանրապետության նախագահին, հայտնելով, որ ամուսինը զբաղվել է տնտեսական գործունեությամբ, եւ որպեսզի դիմանա տնտեսական դժվարություններին, հաճախ է տոկոսով անգամ իր ղեկավարներից վերցրել գումարներ, ապա վճարել դրանք:
«Վաշխառուներն իրենց գումարներն ստանալու նպատակով սկսեցին դիմել տարբեր քայլերի: Նրանք մի քանի անգամ ամուսնուս առեւանգել են, ապօրինի պահել, զրկել ազատությունից, ծեծի ենթակել: Իրենց տոկոսները ստանալու համար, նրանք սպառնում էին մեր ընտանիքի անդամների նկատմամբ հաշվերհարդար տեսնել, ստիպում էին ամուսնուս լքել Հայաստանը»,-գրել է Ա.Ղուկասյանի կինը:
Ա.Ղուկասյանը երեք ամիս է, ինչ կալանավորված է:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ