Վիլնյուսի արևելյան գործընկերության գագաթնաժողովի հաղթողը Վլադիմիր Պուտինն է, որը նույնիսկ չէր էլ մասնակցում հանդիպմանը, «Բալթիկ կուրսի» փոխանցմամբ գրում է գերմանական «Դի Վելթ» թերթը` մեկնաբանելով ասոցացման համաձայնագիրը չստորագրելու Ուկրաինայի որոշումը:
Ինչո՞ւ ԵՄ-ն պարտվեց Մոսկվային, հարցնում է հրապարակման հեղինակը: Բրյուսելի դիվանագետները այժմ ընդունում են, որ իրենք թերագնահատել էին Ուկրաինային համոզելու Ռուսաստանի վճռականությունը, որպեսզի թույլ չտան վերջինիս ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Մոսկվան ակտիվորեն սպառում էր ուկրաինացիներին մաքսատուրքերով, ներմուծման հետ կապված սահամանափակումներով, գազի մատակարարման խնդիրներ ստեղծելով: Միևնույն ժամանակ Պուտինը Ուկրաինայի կառավարությանը խոստանում էր պարտքերի ներում, ձեռնտու վարկեր և բարենպաստ գազի գին:
Դրա փոխարեն, ԵՄ-ն ոչ մի բանով չէր սպառնում և խոստանում էր վարկեր տրամադրել միայն շոշափելի բարեփոխումներից հետո, թեպետ կարող էր սպառնալ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վերընտրվելու հարցով:
Չնայած Կիևը չստորագրեց ասոցացման համաձայնագիրը, բայց Եվրոպան կշարունակի ֆինանսական միջոցներ հատկացնել Ուկրաինային: Բրյուսելը 190 միլիոն եվրո կփոխանցի Ուկրաինային, քանի որ այն իրականացրել է որոշակի բարեփոխումներ: ԵՄ-ն շարունակում է Ուկրաինայի առջև բաց պահել դռները, քանի որ նրանք հույս ունեն, որ Ասոցացման պայմանագիրը կստորագրվի մեկ կամ երկու տարուց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ