Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանի խոհարար. «Այ, եթե «Քարֆուրը» գար Երեւան» (ֆոտոշարք)

Նոյեմբեր 29,2013 21:31

23456Հայաստանում Ֆրանսիայի դեսպան  Անրի Ռենոն  այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ ներկայացրեց իր խոհարար Նիկոլա Նատալինիի «Ֆրանսիական գաստրոնոմիա. Ֆրանսիական հայտնի 60 բաղադրատոմսեր և դրանց ծագումը » հայերեն գիրքը  եւ խոսեց ֆրանսիական նրբահամ խոհանոցի առանձնահատկություններից ու պատմությունից:

Նիկոլա Նատալինին եւ դեսպանը ֆրանսիական խոհանոցը որակեցին որպես միջազգային խոհանոց: Խոհարարը մասնավորապես ասաց, որ միշտ մտածել է  նման գիրք հրատարակելու մասին,  նաեւ հավելեց, որ ցանկացած ուտեստ այն չի լինի, եթե  պատրաստվի առանց իմանալու ֆրանսիական խոհանոցի պատմությունը:  Նիկոլա Նատալինիի խոսքով, «Ֆրանսիական գաստրոնոմիա. Ֆրանսիական հայտնի 60 բաղադրատոմսեր և դրանց ծագումը » գիրքը յուրատեսակ հարգանքի տուրք է բոլոր այն խոհարարներին, որոնց շնորհիվ ֆրանսիական բաղադրատոմսերը հասել են մինչեւ մեր օրերը:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ հայկական խոհանոցից ինչ-որ բան հավանո՞ւմ է: «Հայկական խոհանոցը հետաքրքիր է, ուղղակի այսօրվա Հայաստանի խոհանոցը հարուստ չէ,  սփյուռքահայերի մոտ հայկական խոհանոցն ավելի հարուստ է…Հայաստանում մի բանն է շատ լավ, կանաչի շատ եք օգտագործում, իսկ մեզ մոտ կանաչին շատ թանկ է: Ընդհանրապես Հայաստանում մթերքը լավն է եւ համեղ, որովհետեւ մաքուր է»,-ասաց դեսպանի խոհարարը: Ապա առանց «փակագծերը բացելու» հավելեց, որ պատրաստվում Է  հայկական խոհանոցի մասին եւս գիրք հրատարակել. «Երեւի այդ առիթով մի տարիուկես հետո կհանդիպենք»:

Նիկոլան արդեն ութ տարի է, ինչ Հայաստանում է, Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում էլ խոհարարական բաժին է  հիմնել:

Ֆրանսիացի խոհարարն ափսոսանքով նշեց, որ իր հրատարակած գրքում եղած որոշ բաղադրատոմսեր հնարավոր չի լինի իրականացնել՝ դրանց համար պահանջվող մթերքների բացակայության պատճառով. «Այ եթե «Քարֆուրը» գար Հայաստան, շատ  բաներ  հնարավոր կլիներ այնտեղից գնել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930