Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետական մարմինները չեն հարգում մեր պետական լեզուն կամ՝ օրինակը պետք է «վերևից» «ներքև» իջնի

Նոյեմբեր 29,2013 18:49

«Ի սկզբանե սխալ էր Լեզվի պետական տեսչությունն այսպես անվանելը, պետք է կոչվեր Լեզվի նախարարություն, որ կարողանար քաղաքականություն իրականացնել, մինչդեռ, տեսչությունները զուտ վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցներ են»: Այս մասին այսօր «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի «Այսօրը և Հայաստանի մտավորականությունը» շարքի շրջանակներում կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ լեզվի պետական տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Լեզվի տեսչության դերին։

Պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըչյանը խիստ մտահոգված է մեր մայրենի լեզվի ներկայիս վիճակով: Նրա խոսքով՝ հայոց լեզուն ինչպես արտասահմանում, այնպես էլ արդեն մեր իսկ հայրենիքում գտնվում է բոլորովին անմխիթար վիճակում. «Պետական մարմիններն առաջին հերթին իրենք չեն հարգում մեր պետական լեզուն: Մինչդեռ, նրանք իրենց օրինակով պետք է ազդեն հասարակության վրա, օրինակը պետք է «վերևից» «ներքև» իջնի: Իսկ ի՞նչ են անում նրանք: Այսօր բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ մասնակցում են «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Что? Где? Когда?» հաղորդմանը, որը չի թարգմանվում, և որը հովանավորվում է ՀՀ վարչապետ՝ Տ. Սարգսյանի կողմից»,- ասաց պարոն Յազըչյանը և ցանկացավ իմանալ տիկին Հարությունյանի կարծիքն այս մասին:

«Բնականաբար, այստեղ օրենքի խախտում կա, բայց խախտողը ոչ թե պետական պաշտոնյաներն են, այլ հեռուստաընկերությունը, որովհետև եթե հաղորդումն անցկացվում է այդ ձևաչափով, պարտավոր է ունենալ համաժամանակյա թարգմանություն»,- ի պատասխան ասաց Լիլիթ Հարությունյանը և հավելեց, որ հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը և ոչ թե Լեզվի պետական տեսչությունը: Նա նաև տեղեկացրեց, որ հեռուստահաղորդումների ժամանակ համաժամանակյա թարգմանություն չապահովելու համար պատասխանատվություն նախատեսված չէ: «Սակայն խնդրի լուծման համար Լեզվի պետական տեսչությունը որոշակի քայլեր ձեռնարկել է,- ասում է Լ. Հարությունյանը,- մասնավորապես, առաջարկվել է օրենսգրքում փոփոխություններ անել վարչական իրավախախտումների հետ կապված, որտեղ առանձին հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից լեզվի մասին օրենքի խախտումների համար»:

Լիլիթ Հարությունյանը, սակայն, համոզված է, որ զանազան պատժամիջոցներով, տուգանքներով խնդիրը չի լուծվի. «Բարոյական ճնշումն ավելի է ազդում գործարարի վրա, քան տուգանքը: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատասխանատվության զգացում ունենա լեզվի նկատմամբ: Եթե նկատել եք, մեր հասարակության մեծամասնությունը, նաև որոշ պաշտոնյաներ, իրենց խոսքում հաճախ են ասում՝ էս երկիրը, էս լեզուն, էս ժողովուրդը: Սա արդեն բարոյական շատ մեծ պարտություն է ազգի համար: Երբ մենք ասում ենք՝ է´ս երկիրը և ոչ թե մե´ր երկիրը, արդեն մեզ դուրս ենք թողնում այդ կենսադաշտից, հանում ենք պատասխանատվությունը մեր վրայից: Եթե մենք ինքներս չենք գիտակցում, որ «էս» լեզուն մեր լեզուն է, պարտադրելով երբեք չենք գիտակցի»,- ասում է տիկին Հարությունյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930