Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում գրադարանում կազմակերպվել է ցուցադրություն, որում ներկայացվել են գրադարանի ֆոնդերում պահպանվող հայատառ գրականության մի շարք հրատարակություններ, այդ թվում՝ գրքեր, ամսագրեր, ինչպես նաև որոշ փաստաթղթեր:
Գրադարանի գլխավոր տնօրենի միջազգային գծով տեղակալ Ռաիսա Սամսոնովան, ջերմորեն ողջունելով հյուրերին և ուղեկցելով գրադարանի սրահներով, նշել է, որ գրադարանի ֆոնդերում պահվող հայատառ գրականության զգալի մասը արժեքավոր է և բացառիկ:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհակալություն հայտնելով ցուցադրության կազմակերպման համար, ընդգծել է, որ նման հավաքածուի առկայությունը ռուսական գրադարանում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և հայկական արժեքների նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ամենախոսուն գնահատականն է:
Կարդացեք նաև
Ի դեպ, կազմակերպված ցուցադրության շրջանակում առանձին ներկայացվել է նաև հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչների ալբոմների ցուցահանդեսը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն