Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում Արմեն Մարտիրոսյանի աչքերը բացել

Նոյեմբեր 29,2013 17:26

Aravot.am-ի հետ զրույցում  անդրադառնալով Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի եւ ԵՄ-ի ընդունած համատեղ հայտարարության տեքստին ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այն որակել էր «դեկլարատիվ»`նկատելով. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում» արտահայտությունը շատ լղոզված է: Եթե կոնկրետություն չկա, թե խոսքն ինչի մասին է, յուրաքանչյուր գործընթաց իրենից կարող է ներկայացնել ինչպես ընդհանուր հետաքրքրություն, այնպես էլ կարող է բացարձակ ոչ մի հետաքրքրություն չներկայացնել»:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին եւ հակադարձելով Արմեն Մարտիրոսյանին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես ցավում եմ, որ իմ գործընկերը ուշադիր չի կարդում հայտարարություններն» ու մեջբերեց փաստաթղթից. «Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը»։

Յուրաքանչյուր թվարկումից հետո, մեր զրուցակիցը հարց էր հնչեցնում`«սա կոնկրե՞տ է» ու ինքն էլ պատասխանում. «Կոնկրետ է»:

Վերջում էլ հավելեց. «Եթե այդքանը կոնկրետ չի, ես չեմ ուզում որեւէ մեկի տեսողությունը կամ աչքերը բացել»:

Մեր դիտարկմանը, որ իր նշած հարցերի շուրջ Հայաստանն արդեն քսան տարուց ավելի համագործակցում է, բայց արդյունքում ավելի լավ դատական համակարգ, ավելի ազատ եւ մրցակցային տնտեսություն ու նման բաներ չունենք. ստացվում է`համագործակցություն, հանուն համագործակցության, Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Իհարկե, համագործակցություն`հանուն արդյունավետության պետք է լինի եւ այդպես էլ կա: Շատ հեռու չգնանք, եթե համեմատենք տարբեր ոլորտներում 2008-ի Հայաստանը եւ 2013-ի Հայաստանը, ապա կտեսնենք, որ թե քաղաքացիական հասարակության ամրապնդման եւ կայացվածության, թե մամուլի ազատության, թե բազմակարծության, թե պետական կառույցների հրապարակային գործունեության ոլորտներում բավականին լուրջ առաջընթաց կա»:

Շարմազանովն առաջարկում է ամեն ինչ համեմատության մեջ դիտարկել`չժխտելով, որ կան բազմաթիվ խնդիրներ, բայց եվրոպացի գործընկերների օգնությամբ իրականացրած բարեփոխումներն իրենց արդյունքները տվել են եւ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930