«Այն երևույթը, որ ռուսալեզու շոուներ կան, ցույց է տալիս, որ մեր 20 տարվա անկախ պետությունը կայացած չի եղել, և մենք անլիարժեքության բարդույթով տառապող հասարակություն ունենք»,-Aravot.am-ի հարցին` արդյոք նպատակահարմա՞ր էր այն, որ ՀՀ կառավարությունը հարկատուների միջոցներից 12 միլիոն դրամ հատկացրեց մասնավոր հեռուստաընկերությանը՝ «Ինչ, որտեղ, երբ» (Что, где, когда) ռուսական հեռուստանախագծի արտոնագրի ժամկետը ևս 1 տարով երկարացնելու համար, այսպես պատասխանեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նա նշեց, որ եթե ՀՀ-ն իրոք լիներ անկախ պետություն, ապա այդ հարցն անգամ հասարակական մակարդակով չէր քննարկվի ու շեշտեց. «Եթե նպատակահարմարությունը դիտում ենք անկախ Հայաստանի տեսանկյունից, որն ունի իր ազգային արժանապատվությունը, զգում է իրեն անկախ պետություն, այդ մասին քննարկում նույնիսկ հասարակական մակարդակով չէր լինի»:
Պարոն Իշխանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ շատ բան փոխվում է իշխանության օրինակով ու հավելեց. «Այդ ամենը կարող էր փոխվել իշխանությունների օրինակով, քանի որ ցանկացած տեղ իշխանությունն է ցույց տալիս օրինակ: Այս տարիների ընթացքում «Ինչ, որտեղ, երբ» (Что, где, когда) հաղորդումը լինելով ռուսալեզու և որին մասնակցում են ՀՀ նախարարները, նախ դրանով օրինակ են ծառայում ժողովրդին, թե ձեր լեզուն հնացած է, եթե ուզում եք քաղաքակիրթ մարդ դառնալ, հասնել նախարարի պաշտոնի, պիտի խոսեք ռուսերեն»:
Ավետիք Իշխանյանը զուգահեռներ տարավ նաև Մաքսային միության անդամակցության հետ ու նշեց. «Մաքսային միությանն անդամակցելը մեկ օրվա որոշում չէր, դա այս «Что, где, когда» շոուների տրամաբանական շարունակությունն էր: Հարցն այնտեղ է, որ մեր իշխանությունը չունի ազգային պետական մտածողություն, ինքն իրեն զգում է մի տարածքի կառավարիչ: Նրա նպատակն է՝ ինչքան հնարավոր է դրսիններին ցույց տալ, թե ինչքան նվիրված ենք նրանց. դա կարող են այսօր ռուսները լինել, հետո չինացիները, թուրքերը կամ ճապոնացիները: Սա մեր քաղաքական վերնախավի մտածողությունն է, որի համար անկախությունը և ազգային արժեքները արժեք չունեն»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Նշենք, որ մեր ընթերցողներից մեկը, որը նախընտրել է հանդես գալ «Դիմակ պատռող» կեղծանունով՝ նամակով իր արձագանքն է ուղարկել Կարեն Քոչարյանի հարցազրույցին: Նամակում մասնավորապես ասված է. «Նախ խաղը վարող «քաղտեխնոլոգը» (այն, որ խաղի մեջ, չգիտես ինչու, ինտելեկտուալների փոխարեն ներգրավված են 1-2 մեծ և հիմնականում մանր-մունր քաղաքական և մերձքաղաքական շրջանակների մարդիկ, առանձին քննարկման թեմա է, որին, եթե լինի հետաքրքրություն, հետագայում ավելի հանգամանալից կանդրադառնամ) համոզված պնդում է, որ նորմալ է այդքան գումար հատկացնել պետբյուջեից իր մասնավոր ընկերությանը:
Եթե չեմ սխալվում, «Արմենիա ԹՎ»-ին կոմերցիոն ալիք է և իր հաղորդումների համար անհրաժեշտ գումարը ստանում է գովազդներից: Այդ դեպքում ի՞նչն է խանգարում խաղին ինքնաֆինանսավորվել, չէ՞ որ զանազան այլ պրոյեկտների լիցենզիաների համար նույն «Արմենիա ԹՎ»-ին վճարում է շատ ավելի մեծ գումարներ և կարծես թե բյուջեից հատկացումների կարիք չի ունենում: Ինչո՞ւ են մյուս պրոյեկտները շահութաբեր, իսկ այս մեկը վնասաբեր: Եվ հենց այստեղ է բացահայտվում հարկատուների գումարների մսխման իրական պատճառը:
Բանն այն է, որ հաղորդման գովազդների գինը ուղղակիորեն կախված է վերջինիս վարկանիշից, իսկ տվյալ հաղորդումը դատապարտված էր ունենալ ցածր վարկանիշ: Եվ հարցը նրանում չէ, որ Հայաստանում չեն սիրում ինտելեկտուալ խաղեր, պարզապես այն, ինչ ցույց են տալիս մեզ մոտ՝ ոչ մի կապ չունի բոլորի կողմից սիրված սովետական/ ռուսական «Что, Где, Когда»-ի հետ, այլ միայն վերջինիս շատ խղճուկ և չհաջողված նմանակումն է: «Արմենիա ԹՎ»-ի եթերում երբեմնի շատ սիրված խաղը վերածվել է սովորական քաղաքական ՓՌ-ի գործիքի, որտեղ մի քանի հայտնի և ոչ այդքան հայտնի դեմքեր փորձում են հասարակության աչքում ինտելեկտուալի «իմիջ» ձեռք բերել»:
Նմանարկումը, դա մանուկ հասակի ռեֆլեքս է: Երեխան աշխատում է կրկնել և վերարտադրել իրեն դուր եկած մարդու շարժումները, առոգանությունը, դիմախաղերը և այլն: Բժիշկները բացատրում են, որ դա օգնում է նրա տարբեր մկանների ու օրգանների զարգացմանը: Իսկ հասունացումից հետո երեխան արդեն սկսում է արտահայտել իր անհատականությանը բնորոշ դիմագիծ և վարք:
Հասուն մարդկանց մոտ նմանարկումը մի դեպքում է միայն դուրեկան` երգիծական հաղորդումների և միջոցառումների ժամանակ: Մնացած մյուս դեպքերում դա տհաճություն է առաջացնում և փաստում է սեփական դիմագծի բացակայության մասին: Իսկ մեր հեռուստաալիքները ողողված են այս կամ այն երկրում տարածում գտած հեռուստահաղորդաշարերի նմանարկմամբ, ավելի ճիշտ` թութակմամբ: Կարող են արդյոք պատկերացնել այդ հաղորդաշարերի հեղինակները և դրանցում գործող անձինք, թե մենք նման հաղորդումներից ինչ կարգի “հաճույքներ” ենք ստանում: