Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի վիլնյուսյան «մեսիջներն», ըստ Էդուարդ Շարմազանովի

Նոյեմբեր 29,2013 17:00

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում նախագահ Սարգսյանի ելույթը  եւ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ ընդունված համատեղ հայտարարությունն, ասաց, որ դրական է գնահատում այն համաձայնությունը, որ հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Ավելին, սա Շարմազանովը համարում է հայտարարության թիվ մեկ ազդակը. «Փաստորեն, ԵՄ-ն եւ Հայաստանը եւս մեկ անգամ վերահաստատում են, որ դրականորեն են տրամադրված շարունակելու քաղաքական երկխոսությունը`ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ, որ Հայաստանի իշխանությունն ունի քաղաքական կամք`քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար»:

Ինչ վերաբերվում է նախագահ Սարգսյանի ելույթին`վիլնյուսյան գագաթաժողովում, Շարմազանովն ասում է, որ ելույթում կային մի քանի կարեւոր եւ ուշադրության արժանի ազդակներ: Նա առանձնացնում է մի քանի, իր կարծիքով, ամենաէական ասպեկտները: Դրանք առաջին հերթին վերաբերվում են Եվրոպական մոդելով Հայաստան պետության կառուցման հեռանկարներին, որը պետք է շարունակական լինի, Թուրքիայի վարքագծին, ԼՂՀ խնդրին:

«Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է: Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք մի կողմից արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ»,- ասել է նախագահ Սարգսյանն, ինչը Էդուարդ Շարմազանովի մեկնաբանմամբ նշանակում է, որ ժողովրդավարական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն, եւ որ «Հայաստանն անշեղորեն գնալու է ժողովրդավարության զարգացման ճանապարհով»։

«Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա՝ տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն,բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ»,- նախագահ Սարգսյանի այս դիտարկումը, մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախագահը խոսում էր հաշտեցման մասին. «Նա հանդես է գալիս, որպես մի պետության առաջնորդ, որը կանխատեսելի գործընկեր է իր գործընկեր բոլոր պետությունների, այդ թվում նաեւ եվրոպացի գործընկերների համար: Մի պետության առաջնորդ, որը ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն է քարոզում տարածաշրջանում, ինչը եվրոպական համակարգի եւս մի կարեւորագույն մասն է»:

Երրորդ ուշագրավ դիտարկումը Էդուարդ Շարմազանովը համարում է նախագահ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ ուղիղ ազդակ է հղվում ԵՄ մեր գործընկերներին`Թուրքիայի հետ կապված: Մեր զրուցակցի գնահատմամբ, հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին ՀՀ առաջնորդը հանդես է գալիս, որպես համահայկական առաջնորդ. «Որպես համայն հայության իղձերի հնչեցնող`նշելով, որ Թուրքիան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից եւ հաշտվի իր պատմության հետ: Սա շատ կարեւոր մեսիջ է, որով նախագահը եւս մեկ անգամ բարձրացնում է ժխտողականության դեմ պայքարը: Երկրորդ կոչը, որը նա անում է Թուրքիային`դադարեցնել շրջափակումը եւ առանց որեւէ նախապայմանի բացել Եվրոպայի միակ փակ սահմանը: Շատ կարեւոր է, որ դա արվում է հենց Եվրոպայում, Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում»:

Մյուս կարեւոր ազդակը ԱԺ փոխնախագահը համարում է ղարաբաղաադրբեջանական հակամարտության հետ կապված դիտարկումները. «Նախագահը եւս մեկ անգամ հայկական կողմերի`ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի մասին, անուղղակիորեն բոլորին հասկացնել է տալիս, որ առանց ԼՂՀ-ի հնարավոր չէ լուծել այս խնդիրը` նաեւ նշելով, որ թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն երբեք պատերազմ, թշնամանք չեն քարոզել: Հակառակը, ի տարբերություն այլ ուժերի, միայն խաղաղության են պատրաստել իրենց ժողովրդին ու խնդրի կարգավորումը կարող է լինել այն ժամանակ, երբ ժողովուրդները կպատրաստվեն ոչ թե պատերազմի, ոչ թե կլինի բացասական, պատերազմական հռետորաբանություն, կրակոցներ եւ լարվածություն շփման գծում, այլ հակառակը: Այդ իմաստով, նախագահն անուղղակի մեսիջ է ուղարկում եվրոպական կառույցներին, որ եթե բանակցությունները լուրջ առաջընթաց չունեն, ապա պատասխանատվությունն ընկնում է միայն այն կողմի վրա, որը մշտապես թշնամանք, ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ է քարոզել: Իսկ դա, բոլորս գիտենք, ոչ ՀՀ-ն է, ոչ էլ ԼՂՀ-ն, այլ՝ Ադրբեջանը»:

Եվրոպական ամբիոնից խոսելով հայկական երկու պետությունների մասին, ըստ Էդուարդ Շարմազանովի, նախագահը նաեւ ցանկանում էր մեր գործընկերներին հասկացնել, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930