Չեմպիոնների լիգայի` Դորտմունդում կայացած «Նապոլիի» հետ հանդիպման ընթացքում, որում «Բորուսիան» հաղթեց 3:1 հաշվով, տանտերերի թիմի ադմինիստրատորը ստիպված է եղել սեփական փողով ակումբի ֆիրմային խանութից նոր համազգեստ գնել պաշտպան Սվեն Բենդերի համար:
Առաջին խաղակեսում Բենդերը քթի կոտրվածք էր ստացել եւ արնահոսությունը չէր դադարում: ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգով ֆուտբոլիստը արյունոտ մարզաշապիկով խաղալու իրավունք չունի: Երեք անգամ զգեստափոխելուց հետո Բենդերի պահեստային համազգեստները վերջացել էին: Եվ թիմի ադմինիստրատորը ստիպված արագ վազել է ստադիոնի մոտակայքում գտնվող ակումբի ֆիրմային խանութ եւ իր փողով ֆուտբոլիստի համար նոր համազգեստ գնել: Միայն դրա շնորհիվ պաշտպանը մինչեւ խաղավարտ մնաց դաշտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ