ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակով ապրող մարդկանց ցուցանիշն ամենաբարձրը Շիրակի մարզում է, երկրորդ տեղում Լոռու մարզն է, ապա Երեւանը, Արմավիրը, ինչը, մասնագետների գնահատմամբ, ավելի շատ պայմանավորված է միգրացիայով, թմրամիջոցների օգտագործմամբ ու ռիսկային սեռական վարքագիծ վարելով: Այսօր այս մասին առողջապահության նախարարությունում ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, որի տվյալներով, Շիրակում գրանցվել է 70 դեպք, Լոռու մարզում՝ 65, Երեւանում՝ 55, Արմավիրում՝ 51:
Նոյեմբերի 29-ի դրությամբ մեր երկրում ՄԻԱՎ վարակով ապրում է 1586 մարդ, սակայն ըստ պարոն Գրիգորյանի, հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը 3500 է: Հայաստանում այս վարակի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նախորդ տարի` 228 դեպք, ՄԻԱՎ-ի դեպքերը այս տարի 23-ով պակաս են:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը եւ այդ առիթով պարոն Գրիգորյանը եւս մեկ անգամ կոչ է անում զերծ մնալ ռիսկային վարքագիծ վարելուց: Հայաստանում ՄԻԱՎ վարակով հիվանդների մեջ գերակշռողը տղամարդիկ են` 1109 մարդ, ՄԻԱՎ վարակով հիվանդ է 30 երեխա:
Մեր երկրում, պարոն Գրիգորյանի ներկայացմամբ, վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ, թմրամիջոցների ներարկային օգտագործման, հոմոսեքսուալ, մորից երեխային եւ արյան միջոցով փոխանցվող ճանապարհներն են:
Կարդացեք նաև
Մասնագետը խորհուրդ է տալիս հետազոտվել եւ ապրել առողջ ու հանգիս: Ըստ նրա, եթե նույնիսկ մարդու մոտ հայտնաբերվում է ՄԻԱՎ, ապա հակառետրովիրուսային բուժումը թույլ է տալիս, որպեսզի մարդն ապրի լիարժեք կյանքով, երեխաներ ունենա եւ ապրի այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վիրուսի:
Aravot.am-ի հարցին, թե ՄԻԱՎ-ի բուժման, դեղորայքի արդյունավետության մասին այդքան շատ ասելն արդյո՞ք չի նպաստի, որպեսզի մարդիկ չվախենան ՄԻԱՎ վարակից եւ շարունակեն ռիսկային կյանք վարել` մտածելով, որ միեւնույն է՝ դեղորայքը կա, պարոն Գրիգորյանն ասաց, որ իրենք ոչ թե դեղն են գովազդում, այլ բուժման մասին խոսելը մարդու տեղեկացված լինելու իրավունքն է: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.
Սամվել Գրիգորյանի հավաստմամբ, 2001 թվականից ի վեր չունենք դոնորական արյան ճանապարհով փոխանցված որեւէ դեպք: Պարոն Գրիգորյանը նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը հաստատել է 2013-2016 թթ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման երրորդ ազգային ծրագիր, որի շրջանակներում մեր երկրում կշարունակեն իրականացնել կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող եւ խոցելի խմբերի շրջանում:
Հարցին, թե Արմենիկում դեղամիջոցն արդյոք այլընտրանք է հակառետրովիրուսային դեղամիջոցներին եւ ինչու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց Արմենիկում չեն տալիս, պարոն Գրիգորյանն ասաց, որ այդ երկու դեղորայքն իրար չեն խանգարում եւ Արմենիկումն էլ օգտագործվում է որպես իմունիտետը բարձրացնող դեղամիջոց: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ