Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը համամիտ է Սերժ Սարգսյանի հետ

Նոյեմբեր 29,2013 16:20

«Համաձայն եմ իր ասածի հետ, որ առավել իմաստավորված պիտի լինեն այդ հարաբերությունները: Որովհետեւ միանշանակ անիմաստ էին այն հարաբերությունները, որոնք այս ժամանակահատվածում կառուցվեցին եւ դրա միակ «իմաստն» այն էր, որ համապետական երկու ընտրությունները եւ Երեւանի ավագանու ընտրությունները եվրոպացիների կողմից լեգիտիմ ճանաչվեր եւ չնայած կեղծիքների հսկայական պարտիային, նաեւ հենց ԵՄ գործընկերները օրինականացրեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն`անդրադառնալով Վիլնյուսում, Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:

Իսկ նախագահը, մասնավորաբար, ասել է. «Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթաժողովից մեծ են։ Մենք այս գագաթաժողովը դիտում ենք որպես ԵՄ հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան: Հենց այդ համատեքստում ենք մենք ընթերցում գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և այսօր ստորագրվելիք Հայաստան-Եվրոպական Միություն հռչակագիրը»:

Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ վաղուց արդեն ժամանակն է «կեղծիքների լեգիտիմացման» քաղաքականությունից անցնել իրական հարաբերությունների քաղաքականության, քանի որ այդ հարաբերությունները ոչ Հայաստանին են պետք, ոչ էլ հայ ժողովրդին: «Իրատեսական պետք է լինեն նաեւ մեր եվրոպացի գործընկերները, ում բազմաթիվ անգամներ զգուշացրեցինք, որ իշխանությունների միակ ցանկությունը դա է եւ իրենք`Հայաստանի հետ կապված իրենց հարաբերությունները կառուցելով միայն իշխանությունների հետ, կոպտագույն սխալ են անում: Իրատեսական մոտեցումները, եթե իսկապես լինեին եվրոպացի գործընկերների կողմից, այսօր չէին հայտնվի այն իրավիճակում, որ երեքուկես տարվա բանակցություններից հետո, մեկ օրվա, մեկ հանդիպման ընթացքում կտրականապես փոխվում է երկրի արտաքին քաղաքական եւ տնտեսական կուրսը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ի հակադրումն մեր զրուցակցի արտահայտած տեսակետի, վիլնյուսյան ելույթում Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Արևելյան գործընկերությունը հնարավորություն տվեց նոր թափ հաղորդել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության ու հասարակության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այն խթանեց մեր լայնածավալ բարեփոխումների օրակարգը: Որպես չափելի արդյունք կնշեմ ընդամենը վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք խոշոր ընտրական գործընթացները, որոնք նոր նշաձող սահմանեցին այս ոլորտում՝ էապես ամրապնդելով Հայաստանի ընտրական համակարգը»:

Այս առիթով էլ Արմեն Մարտիրոսյանը նկատեց. «Այո, Հայաստանում որքան բնակչությունը պակասում է, աղքատությունը մեծանում է, այնքան Հայաստանի ժողովրդի ուշքն ու միտքը գնում է մեր իշխանությունների համար, սիրով տոգորված են լինում իշխանությունների նկատմամբ եւ ավելի շատ ձայներ են նկարում այդ իշխանության համար: Սա իրականության հետ որեւէ աղերս ունի, հերթական կեղծիքներից մեկն է: Իշխանությունը կեղծում է ոչ միայն ընտրությունները, իրենց աշխատանքն, այլ՝ նաեւ իրենց խոսքերը»:

Ինչ վերաբերում է այն համատեղ հայտարարությանը, որը Վիլնյուսում ստորագրվել է հայաստանյան կողմի հետ, որում մասնավորաբար ասված է, որ կողմերը «վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը»՝  մեր զրուցակիցը համարում է դեկլարատիվ: «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում» արտահայտությունը շատ լղոզված է: Եթե կոնկրետություն չկա, թե խոսքն ինչի մասին է, յուրաքանչյուր գործընթաց իրենից կարող է ներկայացնել ինչպես ընդհանուր հետաքրքրություն, այնպես էլ կարող է բացարձակ ոչ մի հետաքրքրություն չներկայացնել»,- ասաց մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ ինքն ի սկզբանե այն կարծիքին էր, որ Վիլնյուսում բովանդակային ոչինչ չի լինելու:

«Ես նաեւ Վիլնյուսից, առանձին կոնտակտների միջոցով տեղեկություններ եմ անընդհատ ստանում ու ցավում եմ, որ Հայաստանն այնտեղ, այսպես ասած`որբ պետության կարգավիճակում է, ներողություն նման արտահայտության համար: Բայց Հայաստանին նույնիսկ չեն հիշատակում: Հայաստանը, որը երեքուկես տարիների ընթացքում, ըստ եվրոպացիների, նույնիսկ շատ ավելի շահեկան վիճակում էր, քան Վրաստանը, այսօր չի էլ հիշատակվում: Մինչդեռ, Ադրբեջանին բազմիցս հիշատակեցին: Նույնիսկ, եթե վատ բան չեն ասում պետության մասին, ընդհանրապես մոռանում են, նշանակում է, որ այդ պետությունն ընդհանրապես միջազգային դաշտի խաղացողների մոտ հետաքրքրություն էլ չի ներկայացնում»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով. «Ցավում եմ, որ իշխանություններին հաջողվեց իրենց իշխանությունը եւ ժամանակավոր հարստությունը պահելու համար չեզոքացնել Հայաստանի եվրոպական-ժողովրդավարական, տնտեսապես զարգացած հեռանկարը, դուրս մղել Հայաստանին արտաքին քաղաքական զարգացումներից`դարձնելով լուսանցքի անդամ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930