Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պահպանել ստեղծագործական միությունները

Նոյեմբեր 29,2013 15:07

Ստեղծագործական միությունները տարբեր են, բայց նրանց կանոնադրությունները միմյանց նման են, գրված են 1960-ականների աշխարհընկալմամբ: Ազգայինը տարածել, կապեր հաստատել, գիտաժողովներ անցկացնել, նպաստել խաղաղության պահպանմանը, անվճար ուղեգրեր հատկացնել… ամենը ցանկություններ են, իսկ նպատակը բացակայում է:

Պ-ք, թվարկածները նպատակային թեզեր չեն, նպատակային թեզը բոլոր ստեղծագործական միությունների համար պետք է լինի մեկը, այն է.

«Կարևորելով մշակութային ինստիտուտների դերը քաղաքացիական հասարակության ձևավորման գործում (նշվում է ստեղծագործական միության անունը) միության գործունեությունը դնել ի նպաստ Հայաստանի անկախ ժողովրդավարական հանրապետության կայացման և զարգացման»: Մնացյալը պետք է բխի այս թեզից:

Իհարկե ժողովրդավարություն ասածը մեզ քիչ է համոզում (հիշում ենք 1920-ականների Լենին-Աթաթուրք, թուրք-բոլշևիկ, եղբայրություն… մոլորեցումը), բայց իզուր: Եթե 20թ-ի թյուր ժողովրդավարությունը աշխատեց թուրքի և ռուսի օգտին, ապա ներկայիս ժողովրդավարությունը կարող է աշխատել նաև հայի համար. խնդիրը ժողովրդավարությունից օգտվել կարողանալու մշակույթի մեջ է:

Լավ կամ ավելի լավ կանոնադրություն գրելու հարկ դեռ չկա, քանի չկա նրա կրողը:

Չեն լինում ուժեղ, հետո մեծ նպատակ դնում, այլ մեծ նպատակ են դնում, ու մեծ նպատակի ճանապարհն անցնելով դառնում ուժեղ: Ուժեղ լինելը ընտրյալների մենաշնորհ չէ: Ուժեղ լինելը լոկ մեծ նպատակին հասնելու ճանապարհի ընտրության խնդիր է: Օրինակ`հավակնել տարածաշրջանի մշակութային գերտերության մենաշնորհին: Եթե ռուսական հրթիռների հեռահարությունը Գյումրիից մինչև Իրաք է, ապա Կոմիտասը տարածվում է Հունաստանից մինչև Հնդկաստան, Սարյանը` Եգիպտոսից մինչև Ռուսաստանի տափաստանները, Վարդանյան ամուսինները` Թեհրանից Լոնդոն… Եթե չես գիտակցում, որ քո սեփական քաղաքակրթության վրա կարող ես ստեղծել քո սեփական պետականությունը, ապա նրա վրա օտարը կկառուցի իրենը:

Ազատության հասնելու և ազատության մեջ ապրել կարողանալու անջրպետը հաղթահարելու համար հարկավոր է ընդամենը գիտակցել, որ ստրկությունից ազատվելուն հաջորդում է ճորտությունը, ճորտությանը հաջորդում է կախյալ վիճակը… Հարկավոր է ընդամենը համբերատար անցնել քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհը`գործել միշտ հանուն և ոչ ընդդեմ:

Ցանկանո՞ւմ եք դառնալ գործոն` ճանաչեք ձեր հարևանների ինքնությունը: Ի՞նչն է խանգարում լինել տարածաշրջանի մեծ ու փոքր ազգերի և ազգությունների մշակութային ինքնության հովանավոր: Դա հասո՞ւ չէ հայ մտավորականին, թե՞ դրա համար Մատենադարանում չկա բավականաչափ ռեսուրս, կամ համոզվա՞ծ չեք, որ մեր հեռու և մոտիկ հարևանները իրենց ազգային ինքնությունը հաստատող մշակութային «տեղեկանքի» համար մեզ կդիմեն:

Համաձայն եմ, որ այս և նման օրինակները չեն կարող իրականություն դառնալ դեռ… քանի ձեզ` մտավորականներիդ վայել չէ սովորել հոգևոր, վերացական արժեքը փոխակերպել առարկայական, շոշափելի փողի (տարրական պրագմատիզմ) և քանի դեռ դա «ձեզ» համար անում են ուրիշները, բնականաբար մտքի ավելի մեծ արգասիքը առարկայացնելը, ինչպիսին պետականությունն է, ձեզ առավել հասու չէ: Ձեր փոխարեն դա «մեզ» համար «ջանում են» անել օտարները: Բայց մենք մեր ձեռք բերած ապրելու իրավունքը չենք պատրաստվում օտարների ձեռքով հերթական անգամ փոխակերպել բարոյական հաղթանակի ու տեղավորել հայ պատմագրության ողբով վարակված էջերում:

Տեսնո՞ւմ եք պ-ք մտավորականներ, ասես ամեն ինչ սկսվեց «անմեղ» ամբիցիաներից, բայց բերեց, հասցրեց պետականության կորստի դուռը: Պ-ք մտավորականներ, մի հրաժարվեք ժպտացող ժամանակի ծառայությունից` նա դեռ բարեհաճ է ձեր հանդեպ, մի մերժեք նրան, միասին վերանայեք ձեր «Սեփական արժանիքների բարձր գիտակցման կարևորությունը»: Տե՛ս ”Отрицательный опыт…четвертое

Ինչպե՞ս քայլել ժամանակին համընթաց: Միամտություն կլինի հուսալ, որ կգտնվի մեկը, որը կընդունի իրեն ժամանակավրեպ լինելը: Եթե կարոտախտի զգացողությունը ձեզ համար նորի հայտնության ազդակ չէ, ապա նորը չեք էլ տեսնի: Նորը ձեզ համար երբևէ գոյություն ունենալ չի կարող, քանի դեռ ձեր մտքի շտեմարանը լեցուն է հնով և նորի համար ազատ տեղ չկա: Նորի համար ձեր գիտակցությունը երբեք ու երբեք տեղ չի բացի, նա տառապանքով տարիների իր կուտակածից չի հրաժարվի:

Բայց արի ու տես, որ ձեր ենթագիտակցությունը գիտակցությունից ավելի ստույգ գիտի, թե ձեզ ինչ է հարկավոր: Նա միշտ պատրաստ է տեղ բացել նորի համար. օգնեք ձեր ենթագիտակցությանը (ինտուիցիա), վստահեք նրան ու թույլ մի տվեք, որ ձեր գիտակցությունը այդ պահապան հրեշտակին վերջնականապես խեղդամահ անի: Տարիներ շարունակ ինչքան «գլխին տվել է» բավական է, արդեն ժամանակն է տեղը դնել այդ «գիտակցություն» կոչված մեծամտին:

Հիմա ավելի առարկայական. պ-ք, հարկավոր չէ փորձել` ո՛չ հասկանալ, ո՛չ հավատալ և ո՛չ էլ վստահել, պարզապես պետք է կատարել առանց մեկնաբանելու, առանց կարծիք հայտնելու, առանց գնահատականներ տալու և փիլիսոփայելու:

Այս պահից սկսած դադարեցնել.

օր 1-ին Բողոքել

օր 2-րդ Արդարանալ

օր 3-րդ Պահանջել

օր 4-րդ Ուրիշներին դատել

օր 5-րդ Օլիգարխների (և այլոց) փողերը հաշվել

օր 6-րդ Ընտանիքում երեխաների ներկայությամբ կառավարության հասցեին զազրախոսել

օր 7-րդ Կսկսեք նկատել շենքերի վերին հարկերը, թափառող շների ունայնություն առաջացնող առկայությունը կդառնա հոգի խաղաղեցնող ներկայություն, թափված աղբի փոխարեն կտեսնեք զբոսաշրջիկների տեսախցիկները: Աստիճանաբար կտեսնեք այն, ինչը չեն տեսնում ձեզ շրջապատողները: Կզարմանաք, թե ուր կորավ հեռու և մոտիկների, բարեկամների ու հարազատների թերությունները քննարկելու, վաղեմության ժամկետ չունեցող վիրավորանքներին «արժանի» պատասխան տալու մեծագույն ցանկությունը: Մնացյալը ինքնուրույն…

Հիմա գործնական. ինչպես պահպանել ստեղծագործական միությունները:

Պ-ք, ստեղծագործական միության անդամներ, գրե՛ք 5-7 անձանց անուններ, որոնք ձեզ համար հեղինակություն են, ձեզ վրա ազդեցություն ունեն և որոնց կարծիքը պատրաստ եք անվերապահորեն ընդունել, եթե կան այդպիսիք, եթե չկան հոգ չէ`գրեք 3- 4 հոգու (ոչ ավելի) անուն որոնց ատում եք: Հանձնեք ձեր ստեղծագործական միությունների նախագահներին:

Պ-ք, ստեղծագործական միությունների նախագահներ, կազմեք այն հայտնի մարդկանց ցուցակը, ովքեր ձեր միություններում (ստեղծագործական տներում ) գործել, արարել և հյուրընկալվել են … որից էլ կծնվի ձեր միության «Brend» կոչվածը: Ձեր միության պահպանման համար հոգացողները, միջոցներ հատկացնողները, ներդնողները փողը տալիս են «Brend»-ին` երաշխիք ընդունում կոլեկտիվի միաբանությունը, անդամների գործոն լինելը… Առայժմ այսքանը:

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

 29.11.2013 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930