Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Ես` վարչապետի օգնականի իմ պաշտոնը չեմ թողել նրա համար, որ լքել եմ թիմը»

Նոյեմբեր 29,2013 14:56

«Ես` վարչապետի օգնականի իմ պաշտոնը չեմ թողել նրա համար, որ լքել եմ թիմը»,-այսօր «HayNews» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴՀԿ նորընտիր ատենապետ, ՀՀ վարչապետի նախկին օգնական Նարեկ Գալստյանը:  Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Նարեկ Գալստյանը ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից ազատվելու դիմում  էր ներկայացրել:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ դիմումն արդեն ստորագրված է ու շեշտեց. «Ամենևին թիմը լքելու այդ նախատրամադրվածությունը չկա: Պարզապես այդ պաշտոնների համատեղումը շահերի բախման է բերում և հակասում կուսակցության կանոնադրությանը` համաձայն որի`  նշանակովի պաշտոն ունեցող անձը չի կարող լինել ղեկավար մարմնում»:

ՍԴՀԿ ղեկավար մարմնում կատարված փոփոխությունների համաձայն` ՍԴՀԿ փոխատենապետն է Վազգեն Մեսրոպյանը, ատենադպիրն է Հարություն Բալաբանյանը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հնչակյան կուսակցության ներսում տարաձայնություններ կային, խնդիրներ էին առաջացել կնիքի հետ կապված և այլն: Նարեկ Գալստյանն այս կապակցությամբ հայտարարեց.  «Կուսակցության վարչության որոշում կա` չանդրադառնալ նախկին խնդիրներին, որոնք առնչվում են կուսակցությունից վտարված անձանց: Այս էջը մեզ համար փակ է: Բավական է զբաղվել անցած խնդիրներով,  դեռ հսկայական անելիքներ ունենք: Մենք շարունակում ենք լինել միակամ: Ինչ վերաբերում է դատական գործերին` կնիքի հետ կապված, ապա դրանք բոլորը վերջացած են»:

Նորընտիր ատենապետը խոստովանեց, որ վերջին տարիներին  կուսակցությունը բավականին թույլ է եղել ու հավաստիացեց, որ այսօր ՍԴՀԿ-ն միակամ է և նետվում է  քաղաքական դաշտ`ունենալով իր տեսլականը օլիգարխիայի, մենաշնորհի դեմ պայքարում և կանգնած է լինելու ՀՀ շարքային քաղաքացու կողքին:

Նարեկ Գալստյանը նշեց նաև, որ Վահան Շիրխանյանն իրենց ավագ ընկերն է ու խորհրդատուն:

Խոսելով արտաքին քաղաքականության ոլորտում կուսակցության կողմնորոշումների մասին` ատենապետն ասաց. «Հնչակյան կուսակցությունը զգուշավոր լավատեսությամբ ողջունում է ՀՀ իշխանությունների որոշումը` անդամակցել Մաքսային միությանը,  բայց նաև հույս հայտնում, որ Եվրոպայի հետ համագործակցությունը չի դադարելու: Վերջիվերջո կա անվտանգության խնդիր, իսկ պատերազմի սպառնալիքը ենթադրում է իր կանոնները և մոտեցումները խնդիրներին: Այս տեսանկյունից Մաքսային Միությունը թերևս այլընտրանք չունեցող միություն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930