«Հիմա դուք կմտածեք` խեղճ մարդ, բայց հավատացեք, այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-համացանցում գովազդանման այսպիսի գրառում է կատարել «Nout.am» ընկերությունը` տարածելով տեղեկություն, ըստ որի, «Էյջ Թի Էլեկտրոնիկսից» հաճախորդը գնել է միջին որակի նոթբուք՝ 365 հազար դրամով, մինչդեռ իրենցից` «Nout.am»-ից նույնը կարելի է գնել 209 հազար դրամով:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) համարել է, որ այս գովազդը հակասում է օրենքին, այն անբարեխիղճ է, ուստի տուգանք է նշանակվել նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:
BHS հագուստի խանութ-սրահը եւս տուգանվեց հանձնաժողովի կողմից: Ինչպես այսօր ներկայացվեց հանձնաժողովում, այս խանութ-սրահի գովազդում նշվում է, որ այն տարվա լավագույն միջազգային խանութն է, մինչդեռ Երեւանում գործող այս ընկերության խանութը լավագույնն է ընդամենը իր ցանցի ներսում:
Թանը կաթի տեղ վաճառելու համար էլ տուգանվեց «Բոնիլատ» ընկերությունը: «Riso Scotti» իտալական բրնձի գովազդը եւս հանձնաժողովը համարել է օրենքին հակասող. գովազդում որակի մասին լիարժեք տեղեկություն չկա, ինչը սպառողին մոլորեցնում է:
Կարդացեք նաև
Անբարեխիղճ մրցակցության տարրեր են եղել նաեւ «Լ օպտիկ» խանութի գովազդում, որտեղ ընկերությունը շեշտել է, որ իբր աշխարհահռչակ բրենդերը կարելի է ձեռք բերել միայն իրենց խանութից:
«Իդեալ գազն» էլ տուգանվեց. ըստ հանձնաժողովի, այս ընկերության IDEAL GAS գովազդը սպառողներին շփոթեցրել է, այն ասոցացվել է «Իմեքս գրուպի» «Իդեալ» եւ «Իդեալ համակարգ» ապրանքանիշի հետ, որը գրանցված է մտավոր սեփականության գործակալությունում: Անբարեխիղճ գովազդների տարածումն եւ հեռարձակումը հանձնաժողովը պարտավորեցրել է դադարեցնել:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ