ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն էր մասնակցել Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում իրականացվող «Կրթությունը, սպորտը և տուրիզմը հզորության և երջանկության դարաշրջանում» խորագրով միջազգային գիտաժողովին և ցուցահանդեսին:
Ռեկտոր Արամ Սիմոնյանը ելույթ է ունեցել գիտաժողովի լիագումար նիստում, որտեղ կարևորել է երկու երկրների բուհերի միջև համագործակցության նոր ծրագրերը, ինչպես նաև ներկայացրել Մայր բուհի պատմությանն ու ներկայիս գործունեությանը վերաբերող մի շարք մանրամասներ, իսկ առանձին քննարկումների ընթացքում զեկույցով հանդես է եկել Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:
Աշխատանքային այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպել են թուրքմենական, ինչպես նաև արտասահմանյան մի շարք բուհերի ղեկավարության հետ և ծանոթացել դրանց գործունությանը:
Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Թուրքմենստանի պետական համալսարանի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են բուհերի հետագա համագործակցության ծրագրերը: Հիմնականում կարևորվել են գիտական համագործակցության ընդլայնմանը և ուսանողների փոխանակմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ներկայացվել բնագիտական ուղղվածության և արևելագիտության բնագավառների կոնկրետ ծրագրեր: Մասնավորապես քննարկվել են երկրաբանական հետախուզման նորագույն մեթոդների կիրառման, երկրաֆիզիկական հետազոտությունների, բնապահպանական խնդիրների լուծման, դեղաբանության ու դեղագործության, կենսաքիմիական հետազոտությունների, նյութագիտության, կենսատեխնոլոգիաների (սննդի կենսատեխնոլոգիա և անվտանգություն), ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի, էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների, տեղեկատվական համակարգերի անվտանգության, հնագիտական ուսումնասիրությունների, հեռավար ուսուցման, Բոլոնիայի գործընթացին համահունչ ծրագրերի մշակման ոլորտներում փոխշահավետ համագործակցության խնդիրները:
Կարդացեք նաև
Երկու երկրների առաջատար համալսարանների ղեկավարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտներից մեկին, ով արդեն իսկ բավականաչափ տիրապետում է թուրքմեներեն լեզվին, գործուղել Թուրքմենստանի պետական համալսարան՝ ուսումնասիրելու թուրքմեներեն լեզուն և գրականությունը: Ասպիրանտի՝ թուրքմեն նշանավոր բանաստեղծ Մախտումկուլի-Ֆրագիի ստեղծագործությանը նվիրված գիտական աշխատանքները ղեկավարելու է Թուրքմենստանի պետական համալսարանի թուրքմենական գրականության ամբիոնի վարիչ Շիխնեպեսովը: Ուսումն ավարտելուց հետո մեր համալսարանականը շարունակելու է գիտամանկավարժական գործունեություն ծավալել Մայր բուհում՝ դասավանդելով թուրքմեներեն: Ի դեպ, թուրքմենական կողմը պատրաստակամություն է հայտնել հոգալ ասպիրանտի գործուղման բոլոր ծախսերը:
ԵՊՀ արևելագիտության ու պատմության ֆակուլտետների դասախոսները, Հայագիտական հետազոտության ինստիտուտի գիտաշխատողներն արդեն իսկ ակտիվորեն համագործակցում են թուրքմեն մասնագետների հետ և վերջին տարիներին մասնակցել են Թուրքմենստանում կազմակերպված տասից ավելի միջազգային գիտաժողովների, որոնց բոլորի թեզերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն ու թուրքմեներեն: Մախտումկուլի-Ֆրագիի երեքհարյուրամյա հոբելյանի կապակցությամբ հրատարակության է նախապատրաստվում թուրքմենական գրականության դասականի բանաստեղծությունների հայերեն երրորդ հրատարակությունը` Թուրքմենստանի նախագահ, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հատուկ առաջաբանով և բանասիրական գիտությունների դոկտոր Ա. Աշիրովի վերջաբանով:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանի հետ, ում հետ քննարկել են համագործակցության հետագա ծրագրերը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բուհերի երկկողմանի համագործակցության զարգացմանը:
ԵՊՀ