Սրանք Համաշխարհային բանկի տվյալներն են
«2012 թվականի դրությամբ Հայաստանում աշխատուժի շուրջ 18%-ը գործազուրկ էր: Գործազրկության բարձր մակարդակի եւ աշխատուժի ցածր ներգրավվածության հետեւանքով բնակչության զբաղվածության մակարդակը Հայաստանում ավելի ցածր է, քան եվրոպական երկրների մեծ մասում: Այն հավասար է 53%-ի եւ զգալիորեն ցածր է Եվրոպայի միջին 60%-ից»: Այս տվյալները հրապարակվել են այս տարի Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կուտակում, մրցակցություն եւ միակցելիություն» Հայաստանին վերաբերող զեկույցում: Ճիշտ է, ՀԲ-ն 2013 թվականի ուսումնասիրություններ դեռ չի կատարել, սակայն աշխատաշուկայի, գործազրկության, աշխատուժի վերաբերյալ փոփոխությունները դժվար է բարելավված համարել:
Համաշխարհային բանկի վերլուծությամբ՝ Հայաստանում գործազրկությունը շարունակում է բավականին բարձր մնալ, չնայած որ 2011-12 թվականներին մի փոքր բարձրացել է զբաղվածության մակարդակը: Իսկ նրանցից, ովքեր գոնե աշխատանք ունեն Հայաստանում, քչերը կարող են հպարտանալ կամ գոհ լինել իրենց աշխատավարձից. սա վկայում է նաեւ ՀԲ-ի ուսումնասիրությունը: «Աշխատանքով ապահովվածներից շատերը, այդ թվում՝ բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները, աշխատում են ցածր վարձատրվող եւ ցածր արտադրողականության ոլորտներում»,- գրված է Համաշխարհային բանկի զեկույցում: Նկատենք, որ եկող տարվա հուլիսից մեր երկրում նախատեսվում է պետական մի շարք ոլորտների աշխատողների աշխատավարձերի բարձրացում: Իսկ նրանք, ովքեր, հակառակ ՀԲ զեկույցի, եկող տարի իսկապես կարող են գոհ լինել իրենց աշխատավարձից՝ սպասվող գնաճի պայմաններում, կլինեն ՀՀ նախագահը եւ նախարարները. 2014 թվականին նրանց աշխատավարձը շատ-շա՜տ կբարձրանա:
ՀՀ իշխանությունները մինչ համաշխարհային տնտեսական ճգնաժամը առիթ-անառիթ մատնանշում էին շինարարության ոլորտի աճը, իհարկե՝ այդ տարիներին շինոլորտի աճն անհերքելի է, բայց նույն զեկույցում կա մի ուշագրավ հատված. «Չնայած շինարարական բումին՝ գործազրկության տոկոսը մինչեւ 2008թ. պահպանվեց բարձր մակարդակի վրա, իսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով է՛լ ավելի աճեց»: Բացի այս, զեկույցում ներառվել է շատ կարեւոր մի հանգամանք, թե ինչու է Հայաստանում գնալով աճում գործազրկությունը, եւ դա ոչ թե պարզապես աշխատատեղերի բացակայությունն է, այլ մարդկանց անվստահության զգացումը. «Հարցման տվյալների հիման վրա, հաշվարկված գործազրկության տոկոսից բացի, կա չափման եւս մեկ տարբերակ՝ «հավելյալ» գործազրկության տոկոսը, որը ներկայացնում է այն մարդկանց, որոնք կարող են աշխատել, սակայն ակտիվորեն աշխատանք չեն փնտրում, որովհետեւ հիասթափված են եւ աշխատանք գտնելու հույս չունեն: Սրանից հետեւում է, որ գործազրկությունն ազդում է աշխատանքային տարիքի անձանց մոտ 30%-ի վրա»:
Կարդացեք նաև
Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի՝ գործազրկությունը բարձր է նաեւ երիտասարդության շրջանում: «Կրթությունը զբաղվածություն չի ապահովում»,- նշված է զեկույցում:
Հայաստանում բարձր է նաեւ թերզբաղվածության մակարդակը, այսինքն՝ կան մարդիկ, որոնք կցանկանային օրվա ընթացքում ավելի երկար աշխատել, սակայն զրկված են դրա հնարավորությունից: Ըստ զեկույցի՝ 2011 թվականին թերզբաղվածության մակարդակը եղել 17%, այս առումով Հայաստանը հարավկովկասյան երկրների հետ ընդգրկվել է շատ բարձր թերզբաղվածություն ունեցող երկրների շարքում:
Բնակչությանը զբաղվածությամբ ապահովելու համար կարեւոր դեր են կատարում նաեւ փոքր ձեռնարկությունները, որոնք, սակայն, Հայաստանում, ըստ զեկույցի, կամ քիչ են, կամ էլ գնալով փակվում են գործարարության ոչ բարենպաստ միջավայրի պատճառով: ՀԲ վերլուծության մեջ նշված է, որ Հայաստանում բացակայում են փոքր, դինամիկ եւ աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունները: Ու չնայած գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մենք աշխարհում լավագույն տեղերում ենք, բայց ՀԲ ուսումնասիրությամբ այլ պատկեր է: Այսպես՝ զեկույցում գրված է. «Հայաստանում քչերն են փորձում զբաղվել գործարարությամբ, եւ հաջողության են հասնում շատ ավելի քչերը: 2012 թ.-ի անցկացված «Կյանքը անցումային փուլում» հարցման արդյունքներով՝ բնակչության միայն 12%-ն է երբեւիցե փորձել զբաղվել գործարարությամբ, նրանցից միայն 6%-ն է հասել հաջողության: Ձեռնարկատիրության ցածր մակարդակը եւ փոքր դինամիկ ընկերությունների պակասը նույնպես վկայում են ոչ բարենպաստ գործարար միջավայրի մասին»: Ընդ որում, ինչպես գրված է զեկույցում՝ աշխատողների ոչ բավարար գիտելիքներն էլ խոչընդոտ են գործարարությամբ զբաղվելու համար, հատկապես՝ տուժում են ժամանակակից եւ նորարար ձեռնարկությունները:
Պոտենցիալ աշխատուժը մեծ հույսեր չի կապում աշխատանք առաջարկող պետական կառույցի հետ. ՀԲ վերլուծությամբ՝ զբաղվածության պետական ծառայությունում գործազուրկների 10%-ից էլ պակաս մասն է դիմում: Զեկույցում նշված է, որ աշխատանք փնտրողներն ավելի շատ դիմում են իրենց ծանոթ-բարեկամներին, քան պետական կառույցին:
Համաշխարհային բանկը հաշվարկել է՝ Հայաստանում ՀՆԱ-ն 8%-ով կաճի, եթե զբաղվածության մակարդակը հասցվի 53%-ից 60%-ի, իսկ մինչեւ 2015 թվականը աշխատուժի ներգրավվածության մակարդակը պահպանելու համար անհրաժեշտ կլինի 120 հազար աշխատատեղ, իսկ Եվրամիության 15%-ին հասնելու համար՝ 350 հազար աշխատատեղ: Նոր աշխատատեղեր բացելու համար, ինչպես նշված է զեկույցում, ներդրումներ են անհրաժեշտ, իսկ ներդրումների համար՝ հավասար մրցակցային եւ բարենպաստ գործարար միջավայր: Մինչդեռ այս առումով Հայաստանն, ըստ զեկույցի, աշխարհում ամենավատ դիրքերում է:
«Ըստ մրցունակության համաշխարհային ինդեքսի՝ հակամենաշնորհային քաղաքականության եւ ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից Հայաստանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների ցուցակում վերջին տեղում է: Նման ցածր վարկանիշը արտացոլում է Հայաստանում տնտեսության դինամիզմի բացակայությունը, որն իր հերթին բարձր գործազրկության եւ բնակչության ցածր եկամուտների պատճառ է»,- փաստում է ՀԲ վերլուծությունը:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ