Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնի վերջին խոսքը դեկտեմբերի 12-ին է

Նոյեմբեր 29,2013 14:12

2011թ. սեպտեմբերի 20-ին, ժ.19.15-ի սահմաններում, Վ. Մ.-ն իր ընկերուհուց՝ Մ.Գ.-ի հետ հեռախոսային խոսակցությունից իմանալով քննությամբ դեռեւս չպարզված անձի եւ Դավիթ Օհանյանի կողմից նույն պահին իրեն սիրահետելու վերաբերյալ, անմիջապես իր «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով ուղեւորվել է Բակունցի 1-ի նրբանցքի մանկապարտեզի ուղղությամբ, հանդիպել եւ վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ:

Ըստ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի, Մանուկյանն անգամ բռունցքով հարվածել է Դավիթ Օհանյանի դեմքին, որից հետո կողմնակի անձանց միջամտությամբ վեճը դադարել է: Նույն օրը՝ ժ. 22. 00-ի սահմաններում, կրկին, այս անգամ իրենց ընկերներով, հանդիպել են վիճող կողմերն իրար հետ, ծեծկռտուքի ժամանակ Վ. Մ.-ն իր մոտ գտնվող դանակով երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ մեկական անգամ հարվածել է Դավիթ Օհանյանին եւ վիճաբանության մասնակից Հակոբ Բուդաղյանին: Դավիթ Օհանյանը մահացել է, իսկ Հակոբը՝ կրծքավանդակ -որովայնային վնասվածք ստացել, որը գնահատվում է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 1 տարուց ավելի տեւած դատաքննությունը, կողմերն անցել են դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող Հրանտ Չախոյանը պահանջել է 15 տարվա ազատազրկում, իսկ պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ արդարացում:

Նշենք, որ երկու տարի է, ինչ կալանքի տակ է գտնվում ճանաչված մարզիկ Վ. Մ.-ն, իսկ դատական նիստին, բացի նրա հորից, որեւէ մեկը չի մասնակցում:

Հանգուցյալի մայրը մեկ անգամ է եկել դատարան՝ ցուցմունք տալու:

Իր պաշտպանական ճառի ժամանակ ահա թե ինչու Լուսինե Մարտիրոսյանը մեջ բերեց տուժողի մոր՝ հանգուցյալ Դավիթ Օհանյանի մոր՝ Արուսյակ Զարգարյանի ցուցմունքը: «Ես մինչ այժմ կոնկրետ չգիտեմ, թե ով է սպանել Դավիթին եւ դանակահարել Հակոբին», իսկ հանգուցյալի եղբայրը՝ Անդրանիկ Օհանյանը, որը տուժողի իրավահաջորդն է այս գործով, դատարանում հայտնել էր, որ իրեն ոչինչ հայտնի չէ, որ իր համար համոզիչ չի եղել անգամ «02»-ով ցուցադրված տեսաձայնագրությունը, որտեղ Վ.-ն ընդունել է, թե ինքն է խփել Դավիթին: «Կարծում եմ, որ այս ամենին 0.2 տոկոս հավատալու դեպքում տուժողի իրավահաջորդը կրկին չէր նշի, թե մինչ օրս տեղյակ չէ, թե ով է հարվածել Դավիթին»,- ասաց Լ. Մարտիրոսյանը:

«Հարգելի դատարան, մեկ տարուց ավելի տեւած այս դատաքննության ժամանակ բոլորս համոզվեցինք, որ գործի առանձնահատկություններից մեկը տուժող կողմի վարքագիծն է եւ նրա հայտնած դիրքորոշումը: Մտածելու տեղիք է տալիս այն, որ տուժողի հարազատները չցանկացան ներկա գտնվել դատաքննությանը: Այս հանգամանքը, անշուշտ, չի խոսում, թե նրանք չեն սգում իրենց թանկ կորստի համար: Հակառակը…նրանք համոզված են, որ սպանողը Վ.-ն չէ: Մոր սիրտը չի կարող նրան խաբել»,- հավելեց պաշտպանը:

Պաշտպանական կողմն անդրադարձավ պաշտպանության միջոց կիրառված վկաների ցուցմունքներին:

Մասնավորապես, ոմն Գրիգոր Ղազարյանի նկատմամբ կիրառվել էր պաշտպանության միջոց, նա չէր բացահայտվելու: Սակայն, ըստ պաշտպանի, նման մարդկանց չբացահայտելը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ նմանատիպ գործերի համար:
Այս վկայի մասին մենք գրել ենք, երբ հեռախոսով ցուցմունք է տվել «դատարանում», որը «լսելի», տեսանելի չի եղել կողմերին:

«Նախաքննության մարմնի կողմից այս վկայի ներմուծումը մի նպատակ է հետապնդել. տվյալ անձի մտացածին ցուցմունքի հիման վրա ստեղծել պատրանք, թե իբր հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված է:

Այս վկայի «բռբռոցը» չի բխում արդար քննության սկզբունքից եւ պետք է անթույլատրելի ապացույց համարվի, ինչպես պնդել եմ միջնորդությանս մեջ»,- ասաց պաշտպանը:

Ի դեպ, այս անտեսանելի վկան հայտնել էր, որ չի ճանաչել Վ.-ին, սակայն դեպքի օրը տեսել է նրան: Ըստ պաշտպանի էլ, եթե չի ճանաչել Վ.-ին, ապա ինչու քննիչը, համաձայն Քրդատօրի 221 հոդվածի, իր պաշտպանյալին չի ներկայացրել ճանաչման, պարզելու, թե վկան ի վերջո ճանաչե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նրա ցուցմունքում հիշատակված անձը եղել է Վ.-ն. «Հնարավոր է՝ վկան ներկայացնում է գործողություններ, որոնք իմ պաշտպանյալինը չեն»: Այս «վկան» նաեւ ասել էր, թե Վ.-ն իջել է ավտոմեքենայից, նրա ձեռքին շեղբով դանակ կար, սակայն դա հերքվել է դատարան ներկայացած վկաների ցուցմունքներով:

Վ.-ի մեքենայում էլ եղել է դանակ, որը կարող էր վերցնել իր հետ, եթե նման մտադրություն ունենար:

Լուսինե Մարտիրոսյանն ուշադրություն հրավիրեց այս վկայի մեկ այլ նկարագրության վրա. ըստ նրա՝ 20-30 հոգի են եղել կռվի վայրում, սակայն, չգիտես ինչու, նա է «տեսել» այն, ինչ «տեսել» է, մյուսները նման բան չեն տեսել:

Ի դեպ, Վ-ն, ըստ վկաների, Հակոբին խփելուց հետո փախել է, իսկ կռիվը դեռ շարունակվել է:

Վ-ին էլեկտրաշոկով հարվածել են, ծեծել են Բուդաղյանի ընկերները, ներքաշել են Վ-ին կռվի մեջ. «Վարաժը տեղում գտած դանակը թափահարել է օդի մեջ, որպեսզի ոչ ոք իրեն մոտիկ չգար, ինքը կարողանար փախչել: Սակայն իր առաջ դուրս է եկել մեկը, ով փորձել է հարվածել իրեն, որից էլ պաշտպանվելու ժամանակ, թե իր կողմից դանակի թափահարության եւ այդ անձի ընդառաջ գալու արդյունքում, դանակը կպել է Հակոբին: Վ-ն բազմիցս ասել է, որ չի ցանկացել որեւէ մեկին վնասել, զղջացել է Հակոբի համար»:

Պաշտպանը գտնում էր, որ Վ. Մ.-ն անհրաժեշտ պաշտպանության է դիմել, պաշտպանվել է մի խումբ անձանց հարձակումից:
Ինչպես նշել ենք, այս գործում դրվել էր նաեւ Վ. Մ.-ի ինքնախոստովանական ցուցմունքը, որը ձեռք է բերվել հոգեբանական ճնշման արդյունքում եւ չբացահայտված վկայի ցուցմունքով:

«Շուրջ երկու տարի է՝ աշխատում եմ Վ. Մ.-ի հետ: Եվ այս տողերս թող դիտվեն որպես բնութագիր: Բնութագիր այն մասին, որ 2 տարուց ավելի գտնվելով անազատության մեջ, Վ.-ն ապրելով, շփվելով տարբեր խառնվածքի տեր անձանց հետ, ովքեր մեղադրվում են հանցագործություններ կատարելու մեջ, չփոխվեց, չկորցրեց իր մարդկային արժանապատվությունը: Լինելով աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, բազմակի մեդալակիր, հաղթելով ազերիներին, ԱՊՀ ոսկե մեդալակիր, չփոխվեց: Նա կալանավայրում հասցրել է հրատարակել հեղինակային իր գիրքը, զբաղվում է ինքնակրթությամբ»,- ասաց Լ. Մարտիրոսյանը:

Դեկտեմբերի 12-ին Վ. Մ.-ն հանդես կգա վերջին խոսքով, դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930