Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակիր այդպես անհանգիստ ապրել

Նոյեմբեր 29,2013 13:59
Perch Zeytuncyan

1978 թվականին լույս էր տեսել նոր գիրք («Սաղամո լիճը», հեղինակ՝ Մերուժան Տեր-Գուլանյան), կազմված պատմվածքներից եւ վիպակից: Ես, որպես գրողների միության վարչության քարտուղար, որ զբաղված էի նաեւ երիտասարդ գրողների հարցերով, ըստ պարտականության կարդացի այդ գիրքը եւ ըստ ներքին ցանկության գրախոսական գրեցի «Գրքերի աշխարհ» թերթում: Այդ օրվանից Մերուժան Տեր-Գուլանյանը ինձ համար դարձավ այն գրողներից, որոնց ստորագրությունը միշտ փնտրված է եղել իմ կողմից: Նրա ստեղծագործական կյանքում գերիշխել է հրապարակախոսությունը, որ ես կանվանեի բաց ներվի գրականություն, մի ժանր, որ եթե չունես քաղաքացիական համարձակություն, ավելի լավ է չզբաղվես: Սովետական ռեժիմի պայմաններում դժվարին, ծանր էր դա, քանի որ գիտենք, թե համարձակության եւ ազնվության գինը ինչ էր:

Պատահական չէ, որ նա հայոց բոլոր ժամանակների լավագույն ամսագրի՝ «Գարունի» հիմնական դեմքերից ու հիմնադիրներից մեկն էր, հետագայում նրա գլխավոր խմբագիրը: Այդ ամսագիրը նոր շունչ մտցրեց մեր հասարակական կյանքում, նոր հովեր փչեցին նրա էջերում, ազատության մի փոքրիկ օդանցք բացվեց մեր իրականության մեջ: Գարունականները, որոնց թվում եւ Մերուժան Տեր-Գուլանյանը, նոր չափանիշներ առաջարկեցին թե՛ գրականության մեջ, թե՛ հրապարակախոսության:

«Գարունի» մասին երկար կարելի է խոսել, բայց ես ուզում եմ առաջ անցնել, հասնել մեր օրերին եւ նշել Մերուժանի նոր սխրանքը:

Այո, սխրանք, որովհետեւ մեր օրերում, երբ ընթերցողի դեֆիցիտ կա, երբ մամուլի տպաքանակները ողբալիորեն քիչ են, Մերուժանի մտքով հանկարծ անցավ նոր ամսագիր հրատարակել: Ոչ միայն միտք հղացավ, այլեւ իրագործեց:

Ամսագիրը կոչվում է «Անդին», արեւմտահայերենից արեւելահայերեն՝ այն կողմ: Այն առաջին իսկ համարից հրաշալի հայտ ներկայացրեց, որակը համարից համար գերազանցեց նախկինին, տպաքանակը ներկայիս պայմաններում ֆանտաստիկ թվի հասավ: Տպեց գործեր, որոնք աշխարհով մեկ վաղուց էին, բայց Հայաստան ամոթխածորեն չէին մուտք գործել: Դարձավ էլիտար ամսագիր, նուրբ քիմքի համար, եւ պահանջարկը մեծ է ընթերցողների շրջանում:
Այս ամենը լավ է, շատ լավ է: Բայց որքան գիտեմ, Մերուժան Տեր-Գուլանյանը նոր վեպ է գրել: Ո՞ւր է այդ վեպը: Ընթերցողը սպասում է ոչ միայն հրապարակախոս Տեր-Գուլանյանին, այլեւ գրողին: Մանավանդ որ 65-ը լուրջ տարիք է, 70-ին գրեթե բան չի մնում հաշվետու լինելու համար: Վստահ եմ, որ կհասցնես, քո եռանդը, կարողությունը լիուլի բավարար են քննությունը հաջող հանձնելու համար:

Իսկ ինչ վերաբերում է 65-ին, դու այն դիմավորում ես լիքը բեռնավորված, միայն թե երբեք մի թուլացիր, միշտ վազքի մեջ եղիր, միշտ անհանգիստ ու շնչակտուր: Դա շատ վայել է քո կերպարին:

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ես էլ եմ միանում անվանի գրողի ցանկություններին ու բարեմաղթանքներին:Մերուժան, սպասում ենք նոր գործերիդ:Հոգնել ենք համացանցը փորփրելուց՝ մի լավ բան կարդալու համար:Նոր տպագրված գիրք ենք ուզո~ւմ: Իսկ ո՞ւր է ,,ԱՆԴԻՆ,,-ի հաջորդ համարը:

  2. Արտակ Ղուլյան says:

    Ես ևս միանում եմ այս հրաշալի բարեմաղթանքներին և հետաքրքիր է, ,,Անդինը,, ունի? համացանցային տարբերակ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930