Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տեր կանգնենք մեր ժողովրդական արվեստներին»

Նոյեմբեր 29,2013 13:50

Ժողովրդական վարպետ, փայտագործ Վանո Դադոյանը SOS է հնչեցնում

Մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներն ու հյուրերը մշակութային Հայաստանը հիմնականում ճանաչում են այցելելով Վերնիսաժ, ծանոթանալով ժողովրդական արվեստների նմուշներին: Մինչդեռ, մասնագետների պնդմամբ, միշտ չէ, որ Վերնիսաժում ներկայացված են ձեռարվեստի բարձրակարգ աշխատանքներ: «Առավոտի» հյուրը՝ ժողովրդական վարպետ, փայտագործ Վանո Դադոյանը, որը եզակի այն ստեղծագործողներից է, որի աշխատանքները ներկայացված են Ավստրիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ այլուր, ցավով փաստեց, որ մեր ժողովրդական արվեստը (կավագործություն, քարագործություն, գորգագործություն, ասեղնագործություն եւ այլն), որպես հնագույն արվեստ, կորցրել է իր ավանդական դպրոցների համակարգը:

Մեր զրուցակիցը հիշեց. «Ժամանակին (V դար) Դավիթ Անհաղթն արվեստներն ընդհանրապես երկու բաղադրիչներով էր կարեւորում՝ վարպետների փորձի ուսումնասիրություն եւ անհատական ստեղծագործական որակ: Այսօր կորցրել ենք ամենակարեւորը՝ ժողովրդական արվեստների ուսուցումը, որոնց գիտական մասին ինչ-ինչ պատճառներով չեն էլ անդրադառնում: Մնում է միայն ստեղծագործականը, ինչն էլ հիշեցնում է խորհրդային շրջանի ինքնագործունեությունը: Խորհրդային տարիներին գործում էին ուսումնարաններ, որտեղ սովորեցնում էին ընդամենը տեխնիկա եւ փոքր-ինչ գիտելիք նյութի մասին, բայց փաստենք, որ այսօր դա էլ չկա»:

Իսկ վերականգնման ճանապարհը Վանո Դադոյանի խոսքերով՝ միակ ելքը ժողովրդական արվեստների գաղափարական հենքի վերականգնումն է եւ դպրոցների հիմնումը: Հարցին, թե ինչո՞ւ ինքն առաջինը օրինակ չի ծառայում՝ ստեղծելով իր դպրոցը, վարպետը պատասխանեց. «Իհարկե, ես կարող եմ ստեղծել փայտարվեստի իմ դպրոցը, բայց դա ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք չէ: Իմ մասով աշխատանքներ անում եմ. 1997թ. հիմնել եմ «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը, որի գերագույն նպատակը հենց ժողովրդական արվեստների վերականգնումն է… Դեռեւս 90-ականների սկզբին կառավարության կողմից հողհատկացում եղավ, շուրջ 400 հա՝ արվեստների ավան հիմնելու նպատակով: Բայց այդ անմշակույթ տարիներին, հասկանալի պատճառներով, ծրագիրը խափանվեց, անհրաժեշտ է լուրջ պետական ծրագիր մշակել, աջակցել ժողովրդական վարպետներին, օրինակ՝ թանգարաններին հնարավորություն տալ վարպետների աշխատանքներ գնել, պետական այրերն էլ, որոնք համարյա ամեն օր ժողովրդական արվեստի գործեր են նվիրում իրենց հյուրերին, թող ոչ թե, ասենք, չիմացության արդյունքում «խեղված» գործերը գնեն Վերնիսաժից, այլ մտածեն մեր բազմադարյա ձեռարվեստին աջակցելու, օժանդակելու մասին»:

Մեր զրուցակիցը հիշեց, որ 2002-ին, երբ «Կենաց տուն» հ/կ-ն մեր ժողովրդական արվեստը ներկայացնում էր Ճապոնիայում, ադրբեջանցիները միջավայր էին ստեղծել՝ մի անշուք գորգի վրա ներկայացնելով պահածոներ, հիմնականում սեւ ու կարմիր խավիար, վրացիներն էլ կարպետա-գոբելենանման գործվածքի վրա շարել էին իրենց «Բորժոմի» շշերը: «Իմանալով, որ Ճապոնիայի կենտրոնական հեռուստատեսությունը յուրաքանչյուր երկրի ընդամենը մեկ րոպե է տրամադրել, հայերս խորամանկեցինք եւ մեր տաղավարը ձեւավորեցինք ժողովրդական արվեստի համարյա բոլոր ճյուղերի նմուշներով՝ սկսած ծիրանի փայտից պատրաստված կոնյակի բաժակից մինչեւ… Արդյունքում հայկական տաղավարի մասին պատմող ռեպորտաժը եթեր հեռարձակվեց մի քանի րոպե, առաջացնելով ադրբեջանցիների ու վրացիների բողոքը…»,- պատմեց փայտագործը:

Անդրադառնալով մեզանում ժողովրդական արվեստների ուսուցման խնդրին, Վանո Դադոյանը բերեց իր օրինակը. «Համալսարանն ավարտելուց հետո 1980-ականների սկզբին սովորել եմ փայտարվեստի պետական թանգարանում, ժողովրդական արվեստի պետական թանգարանի հիմնադիր Հովհաննես Շարամբեանի եւ Հենրիկ Սոլախյանի ղեկավարությամբ: 80-ականների կեսերին էլ ինձ գործուղեցին «Էրմիտաժ», մասնակցելու փայտի վերականգնման դասընթացների՝ հետագայում Հայաստանում փայտի վերականգնման արվեստանոց ինստիտուտ հիմնելու նպատակով: Բայց ինչպես հայտնի է, վերադառնալուց հետո սկսվեց խորհրդային երկրի փլուզումը… Կարճ ասած՝ տեր կանգնենք մեր ժողովրդական արվեստներին՝ ուսուցանելով դրանք, քանի որ ազգային անվտանգության պահպանումը ինքնության, մշակույթի պահպանությունն է»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930