Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հարսի շորը տարազ լիներ

Նոյեմբեր 29,2013 13:40

Այսօր որոշ երիտասարդ աղջիկներ ցանկանում են, որ իրենց հարսանեկան զգեստը տարազ լինի: Եթե մի քանի տարի առաջ նման ցանկությունը զարմանք կառաջացներ, այսօր ամեն ինչ այլ է: Ինչու է այսօր երիտասարդության շրջանում մեծացել հետաքրքրությունը էթնիկ տարրերով հագուստի հանդեպ… Այս մասին զրուցեցինք «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ, տարազագետ Լիլիթ Մելիքյանի հետ:

– Վերջերս հատկապես հայ աղջիկների շրջանում կա ձգտում տարազի եւ ազգային էլեմենտների հանդեպ: Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը:

– Վերջին շրջանում այդ միտումը կա ոչ միայն Հայաստանում, այլեւ մի շարք եվրոպական բրենդային հագուստ արտադրողների հավաքածուներում: Մեր կենտրոնն էլ ոչ միայն ստեղծում է ազգային տարրերով հագուստ` որպես թանգարանային նմուշ, այլեւ մեր կենտրոնի սաները այն կրում են: Հնարավոր է՝ մեկ օր նրանք տարազներով շրջեն փողոցներով եւ մարդկանցից կարծիքներ հարցնեն:

-Հիմնականում հագուստներ կարում եք պարային համույթների համար: Արդյոք պահպանվո՞ւմ է իրական տարազի «դեմքը»:

– Տարազը բուն տեսքով պարային համույթները չեն օգտագործում: Մեր իրական տարազը բավականին «ծանր» է: Հայերը հագել են մի քանի հագուստ միասին` կախված կլիմայական պայմաններից, մարդկանց խավերից: Նման ծանր հագուստով պարելը դժվար է: Մենք պարային համույթների հագուստները ոճավորում ենք: Օրինակ՝ «Կարին» համույթի հագուստը հիշեցնում է Վասպուրականի տարազը, բայց այն միաշերտ է, ավելի թեթեւ կրելի:

-Ինչո՞վ են տարբերվում մեր տարազների նախշերն ու գունային գամմաները:

-Նախշերը նման են ամբողջ աշխարհում, եթե չլինի գույնի տարբերությունը: Ես անեմ անգույն որեւէ նախշ ու նույնը անի բելառուսը` կասեք նույնն են, բայց գույներով կտարբերվեն: Հայերը ոնց որ ապրում են, այդպես նկարում են, հագնվում: Մեր հայկական հագուստը տաք գույներ ունի: Հայկական բոլոր նախշերը նշանակություն ունեն, օրինակ` կնոջ հագուստի վրա կարող ենք նուշի նախշ տեսնել, բայց տղամարդու հագուստի վրա ոչ:

-Կո՞ղմ եք տարազի մոդեռնացմանը:

-Կողմ եմ, բայց դա պետք է շատ գրագետ արվի: Օրինակ՝ հայկական տարազը «սիրում» է վառ կանաչ գույնը: Մի երգչուհի, որը կանաչ չի սիրում, ասում է՝ անենք փիրուզ: Արդյունքում, մի գույնի տարբերությամբ հայկական տարազը դառնում է թուրքական: Եթե պատրաստվում է մոդեռնացված, ոճավորված հագուստ, ապա ձեւը կարելի է փոփոխել, գունային գամման՝ ոչ:

-Ինչպե՞ս կբնորոշեք մերօրյա երիտասարդության հագուկապը:

– Երբ երիտասարդության մեջ տեսնում եմ նեղ, գունավոր ջինսեր հագած, հոնքերը հանած տղաների, դա ինձ բարկացնում է: Մեր ուրույն նկարագիրը, իսկական մտածելակերպը չպետք է կորցնենք: Չգիտես ինչու, հայկական արտադրության ապրանքներից խույս ենք տալիս: Երբ հայ մարդը կարում է եւ վրան գրում «MADE IN ITALY», ապրանքը վաճառվում է, բայց երբ գրվում է, որ արտադրված է Հայաստանում, չենք գնում, սիրում ենք օտար ամեն բան, մինչդեռ պետք է կարողանանք տարբերվել, ոչ թե նմանակել:

-Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարելի է փոխել այդ մտածելակերպը:

-Մեր նման մի քանիսը պետք է լինեն` «Տերյան» մշակութային կենտրոնը, «Կարին» ազգագրական համույթը, «Նարեկացի» արվեստի կենտրոնը կազմակերպություններ են, որոնք սեր են քարոզում հայրենականի եւ ազգայինի հանդեպ:

Զրույցը՝  ՆԱՐԵ ՈՍԿԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930