Լրահոս
Օրվա լրահոսը

Կորսված ավանդներն ու պակասող մարդիկ

Նոյեմբեր 29,2013 13:01

Խորհրդային միության փլուզումից հետո խորհրդային խնայդրամարկղերում փոշիացած ավանդների հարցը մեր քաղաքացիներին հուզող ամենացավոտ հարցերից մեկն է, եթե ոչ` ամենացավոտը: Բայց այդ ցավը գնալով պակասում է, որովհետև մարդիկ են պակասում: Խոսքը վերաբերում է իրավատեր ու պահանջատեր ավանդատուներին, որոնց բնական ու անբնական մահվան շնորհիվ ավանդների ու ավանդատուների խնդիրը կամաց-կամաց վերանում է:

Այսինքն, չկա մարդը` չկա խնդիրը:

Իսկ մարդը, ցավոք սրտի, անմահ չէ: Մանավանդ` տարեցներն ու հատկապես տարեց ու տուժած ավանդատուները:

Խորհրդային խնայդրամարկղներում փոշիացած ավանդների մասին Ազգային ժողովն իբրև թե փոխհատուցման օրենք ընդունեց: Հիշելով ենթադրվող փոխհատուցման ծիծաղելի չափը` նաև հետին թվով ուզում ենք հիշեցնել, որ ավանդատուների իրավահաջորդ ճանաչվեցին բացառապես ավանդատուների կանայք ու ամուսիները, և այդ ծիծաղելի ու չնչին փոխհատուցման առնչությամբ ավանդատուների զավակներն ու թոռները որևէ իրավունք չունեն:

Խոստովանենք, որ ժողովրդի համար այս կարևորագույն խնդրին լրատվամիջոցներն ու լրագրողները ժամանակին հնարավորինս քիչ անդրադարձան, իսկ հիմա , կարծես թե, ընդհանրապես չեն անդրադառնում:

Մինչդեռ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ, և ինչքան էլ ակնկալվող փոխհատուցումը չնչին լինի, մանավանդ գազի ու ամեն ինչի էս վերջին թանկացումներից հետո մարդիկ արդեն նույնիսկ էդ չնչին փոխհատուցման կարիքն են սարսափելի զգում:

Խոսքը, իհարկե, առաջին հերթին վերաբերում է ամենատարեցներին, որովհետև վաթսուն ու յոթանասուն տարեկանները հույս էլ չունեն, թե` երբևէ հերթն իրենց կհասնի, որպեսզի ժամանակին իրենց ներդրած սովետական տասը հազար ռուբլու դիմաց երեք հարյուր դոլար ստանան:

Բայց հիմա ու՞մ հերթն է: Արդյոք արդեն պատերազմների մասնակիցներն ու հաշմանդամներն առաջնահերթության կարգով ստացե՞լ են իրենց չնչին փոխհատուցումը: Արդյոք ամենատարեցների հերթը հասե՞լ է, և եթե չի հասել, ե՞րբ է հասնելու: Մարդիկ հետաքրքրվում են և չգիտեն` իրենց հուզող հարցերին ով է իրավասու սպառիչ պատասխաններ տալ:

Հասկանալի է, որ իրավասուներ կլինեն, բայց տուժած ու պահանջատեր ավանդատուներից շատերը նույնիսկ տեղաշարժվելու ընդունակությունն են կորցրել:

Այս հազարավոր անուժներին ու տուժածներին ո՞վ պիտի ուղղություն մատնանշի` եթե ոչ լրատվամիջոցներն ու լրագրողները: Չէ՞ որ մեզանում սոցիալական հարցերով զբաղվող լրագրողների պակաս կարծես թե չկա, և նրանցից մի քանիսը համառ, ազնիվ, նախանձախնդիր ու հետևողական են:

Այսուհանդերձ, տուժած ավանդատուների խնդիրները մեր լրատվամիջոցներում գրեթե չեն արծարծվում, և դա, կարծում եմ, նաև իր «օբյեկտիվ» պատճառներն ունի:

Երևի պատճառներից մեկն այն է, որ, այնուամենայնիվ, տուժած ավանդատուների թեման առանձնապես մոդայիկ չէ:

Մյուս պատճառն էլ երևի այն է, որ նոր ժամանակների մեր լրագրողները խորհրդային խնայդրամարկղներում ավանդներ չեն կորցրել, և եթե նրանց ծնողները կորցրել էլ են, զավակները, ինչպես արդեն ասացինք, ժառանգորդ ու իրավահաջորդ չեն հանդիսանում:

Փաստորեն, ամեն ինչ արված է, որպեսզի ավանդների խնդիրը սերնդեսերունդ չփոխանցվի: Ամեն ինչ ճշգրիտ է հաշվարկված: Միանգամայն լուրջ ու պատկառելի խնայողություն` սեփական ժողովրդի հաշվին:

 

 ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930