Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարեն Բեքարյանի՝ ռուսներն ու եվրոպացիներն իրար արժեն. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 29,2013 12:37

Հատված «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հարցազրույցից:
   –ԵՄ պաշտոնյաները կոշտ հայտարարություններ են անում Ռուսաստանի հասցեին՝ մեղադրելով արեւելյան գործընկերների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, մինչդեռ Ռուսաստանն ընդամենը իրեն հասու միջոցներով փորձում է պաշտպանել իր շահերը տարածաշրջանում, ճիշտ այնպես, ինչպես Արեւմուտքը ջանք ու եռանդ չի խնայում՝ ամրապնդելու իր ազդեցությունը ԱՊՀ տարածքում։ 

-Ձեր հարցին պատասխանեմ կեսլուրջ-կեսկատակ. երկուսն էլ իրար արժեն։ Այնպես չէ, թե միայն եվրոպացիներն են ռուսներին մեղադրում. նույն հաջողությամբ ռուսներն էլ, օրինակ, ուկրաինական նախադեպի ներքո, բավական կոշտ հայտարարություններ էին անում եվրոպացիների հասցեին։
Իրականում ե՛ւ եվրոպացիները, ե՛ւ ռուսները փոխադարձ շահերը ճիշտ գնահատելու եւ հաշվի առնելու խնդիր ունեն։ Եթե իրենք ունենային այդ ընկալումը եւ նույն Արեւելյան գործընկերության երկրները, որպես «բուֆերային գոտի» դիտարկելու փոխարեն, բոլոր արեւելյան գործընկերների վրա տարածեին այդ համադրված մոդելը, գործընթացը շատ ավելի արդյունավետ կլիներ։ Նաեւ դա նկատի ունեմ՝ խոսելով շտկումների անհրաժեշտության մասին։

Հետաքրքիր մի օրինակ բերեմ։ Սեպտեմբերի 4-ին «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես կոչ էինք անում մեր իշխանություններին՝ հանդես գալ Հայաստան-Եվրամիություն-Մաքսային միություն համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, մեկ առ մեկ քննարկել հակասությունների կամ շահերի բախման դաշտ ստեղծող բոլոր խնդրահարույց հարցերը եւ հասկանալ՝ ինչպես կարելի է համադրել եւ շրջանցել գոյություն ունենցող խոչընդոտները՝ նպատակ ունենալով լիարժեք օգտագործել «ե՛ւ-ե՛ւ»-ի հնարավորությունը։
Հայկական կողմից այս առաջարկությունը, եթե անգամ դիվանագիտական շրջանակներում քննարկվել է, չի բարձրաձայնվել, եւ սրանից ընդամենը երեք շաբաթ առաջ բառացիորեն նույն բանը առաջարկի ձեւով ներկայացրեց Ուկրաինայի նախագահը։

Հետաքրքիր եւս մի փաստ. մենք մեր հայտարարության մեջ ներառել էինք, որ եթե Հայաստանը նման նախաձեռնությամբ հանդես գա, ապա կողմերից որեւէ մեկի մերժումը կարելի է դիտարկել որպես շանտաժ։ Նույն բանաձեւը բարձրաձայնեց ուկրաինական կողմը։
Այսինքն՝ ընկալումը, որ շահերը պետք է համադրվեն, «արեւելյան գործընկերների» շրջանում բավական հստակ է. շատ էական է, որ երկու կողմն էլ՝ թե՛ ԵՄ, թե՛ ՄՄ մեր գործընկերները, ամեն կերպ հաշվի առնեն միմյանց շահերը եւ արեւելյան գործընկերներից ոչ մեկին չկանգնեցնեն փակուղային վիճակում։ Ի վերջո, եթե երկու կողմերի նպատակներն էլ բարի են, ինչպես ներկայացվում է, այդ բարի նպատակների իրականացումը, որպես այդպիսին, պետք է լինի շահերի համադրման, ոչ թե հակասությունների ներքո։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930