ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը այսօր հանդիպեց լրատվամիջոցների հետ: Նա մինչ ասուլիսը, առավոտյան եղել էր Շանթ Հարությունյանի մոտ՝ հոգեբուժարանում: «Շանթ Հարությունյանի վիճակը նորմալ է, իրեն այնտեղ նորմալ են վերաբերվում»,- ասաց Ինեսա Պետրոսյանը, հայտնելով, որ իր պաշտպանյալը հոգեբուժարան է տեղափոխվել նոյեմբերի 20-ից:
Շանթ Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու համար: Իշխանության ներկայացուցիչը եղել է ոստիկանության աշխատակից Էդգար Ալեքսանյանը, որը նոյեմբերի 5-ին եղել է ոչ թե համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով:
Շանթ Հարությունյանը պաշտպանի միջոցով հայտնել էր, որ ունեցել է ինֆորմացիա, որ սադրիչներ կան Ազատության հրապարակում, խնդրել է, որ չսադրեն, հակառակ դեպքում իր կողմից կլինի համարժեք պատասխան: Դա է եղել պատճառը, որ իր հետ բերել է փայտեր: Շանթը նաեւ փոխանցել էր, որ իրենք անզիջում են լինելու սահմանադրական իրավունքների պաշտպանության համար. «Ինձ եւ իմ ընկերներին թող չխառնեն ընդդիմադիրների հետ»:
Ինեսա Պետրոսյանը տեղեկացրեց, որ Շանթի գործով ինքը ներգրավվել է ավելի ուշ, որ նրա վրա ինքը բռնության հետքեր չի տեսել, իսկ Շանթը ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտնել է, որ հայտարարություն կանի ավելի ուշ:
Կարդացեք նաև
Պաշտպանը հայտնեց, որ Շանթ Հարությունյանը դեռ ցուցմունք չի տվել: Aravot.am-ի հարցին, թե նշանակվե՞լ է արդյոք վերաքննիչ բողոքը լսելու օրը, նա պատասխանեց, որ հոգեբուժարան տեղափոխելու հետ կապված բողոքը ներկայացրել է այս երկուշաբթի եւ բողոքարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը, ըստ պաշտպանի՝ չի հիմնավորվել, իրավական որոշակիություն չկա, թե ինչու Շանթը պետք է տարվեր հոգեբուժարան: Պաշտպանը վտանգավոր նախադեպ տեսավ այդ ամենի մեջ, հայտնելով, թե ցանկացած մեղադրյալի, որը քաղաքական դրդապատճառներով է հայտնվել նման կացության մեջ, կարող են տեղափոխել հոգեբուժարան:
Տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի տեսակցությունների վրա արգելանք է դրված, նրան սպառնում է 5-15 տարվա ազատազրկում:
Շանթի հետ կալանավորվածների հետ կան մարդիկ, որոնք, ըստ նրա, կարող են լինել սադրիչներ եւ որ նրանցից մի քանիսին Շանթը չի էլ ճանաչում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ