Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանն արձագանքեց Aravot.am-ի հարցին, թե նոր իրողության մեջ ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում եւ ՆԱՏՕ-ում համատեղ: Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարել են ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մասին, սակայն, այդ կառույցին անդամակցելու հավակնություններ չեն ներկայացնում:
Նվեր Թորոսյանն այն կարծիքին է, որ թեեւ ՆԱՏՕ-ՀԱՊԿ համագործակցություն չկա, բայց նաեւ մրցակցություն գոյություն չունի. «Չկա համագործակցություն, բայց չկա նաեւ մրցակցություն հասկացություն: Ինչպես ՀԱՊԿ անդամ պետություններից յուրաքանչյուրն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, այնպես էլ Հայաստանն ունի նման համագործակցության ծրագիր: Այստեղ հակամարտություն, երկու ռազմաքաղաքական կառույցների մեջ խնդիրներ չեմ տեսնում: Հակառակը, մեր ինստիտուտի կազմակերպած բոլոր գիտաժողովներին եւ քննարկումներին մասնակցել են նաեւ հյուսիսատլանտյան դաշինքից փորձագետներ: Ուստի, ես կարծում եմ, որ շատ խնդիրներ աշխարհում, թեկուզ հենց խաղաղության եւ անվտանգության հաստատումը, ահաբեկչության դե պայքարը եւ այլն, ընդգրկված են երկու կառույցների կանոնադրությունում, խնդիրների առաջնահերթ շարքում: Կարծում եմ, առաջիկայում կլինեն առավելապես համագործակցության եզրեր»:
Ի դեպ, այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրենը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանում ինստիտուտի հիմնադրման եւ հինգտարյա գործունեության արդյունքները, որոնք ամփոփվում էին մի շարք քննարկումներում եւ գիտաժողովներում: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը միակն է ՀԱՊԿ անդամ երկրներից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ