«Թույլ չենք տալու այսպիսի զիջումներ կատարել,- այսօր «Անալիտիկ» ակումբում անդրադառնալով «Սաբահ» օրաթերթի հրապարակմանը , թե ՀՀ իշխանությունները ազատագրված տարածքներից երկուսը վերադարձնելու խոստում են տվել՝ ասաց Նախախորհրդարանի նախագահության անդամ Ժիրայր Սեֆիլյանը,- Եթե համարձակվեն կիրառել այդ հնարավոր բանավոր խոսքը գործով, մենք անհրաժեշտ միջոցներին կդիմենք»:
Անդրադառնալով քաղաքացիական դաշտի փոշիացման մասին խոսակցություններին՝ պարոն Սեֆիլյանը բացառեց այն. «Քաղաքացիական տարաբնույթ խմբերը նմանեցնում եմ վտակների , որոնք հոսելու են մի մեծ հուն եւ ձեւավորվելու է մի մեծ գետ, այդ գետը սրբել տանելու է այս համակարգն՝ իր բոլոր ածանցյալներով»:
Նա խոսեց նաեւ իրենց առաջիկա անելիքներից ու պատմեց, որ որոշել են դեկտեմբերի տասնչորսից ամենշաբաթյա երթեր սկսել.«Քայլող հանրահավաքներ են լինելու՝ »միացեք դիմադրությանը, ազատագրենք Հայաստանը» խորագրով»:
Հարցին, թե ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ Նախախորհրդարանը կմասնակցի՞ բողոքի ակցիաներին, թե՞ իր նախաձեռնություններով հանդես կգա, ասաց Նախախորհրդարանը չի խառնվելու «խամաճիկների» ծրագրին. «Այսօրվա իշխանությունները հաստ թելերով կապված են աշխարհաքաղաքական այս կամ այն ուժերի հետ ու դարձել նրանց խամաճիկը: Մեր խնդիրը մեր ներսում ենք լուծելու եւ որեւէ կայսրության ներկայացուցչից պահանջելու կամ նեղանալու խնդիր չենք տեսնում: Մեր խնդիրը օր առաջ հայ ժողովրդի ինքնակազմակերպումն է, հօգուտ ժողովրդի կառավարման կետի ձեւավորումը եւ անիմաստ ենք համարում ցուցադրական գործողությունները, որ կատարվելու են Պուտինի այցի նախօրյակին: Այդ ուժերը, որոնք փորձելու են արջի ծառայություն մատուցել այս կամ այն ուժին բողոքի ակցիաներ անցկացնելով՝ խամաճիկների դեր են կատարելու»:
Կարդացեք նաև
Նա կրկին կրկնեց իր ավելի վաղ հայտնած միտքը, թե Հայաստանում արմատական փոփոխություններ են պետք.«Մեզ կարելի է կոչել արմատական ուժ, բայց ոչ ծայրահեղական… լուծումը տեսնում ենք այս քաղաքական համակարգից դուրս, որովհետեւը քաղաքական դաշտը հիմա վերահսկվում է գործող խանի կողմից»:
Նա նաեւ ասաց, որ Նախախորհրդարանը առաջիկա շրջանում ոչ թե ժողովրդին մոբիլիզացնելու ճանապարհով, այլ առաջամարտիկներ ի հայտ բերելու ճանապարհով է գործելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ