Վիլնյուսն այսօր փաստացի ամրագրելու է, որ Արեւելյան գործընկերություն ասվածից առանձնակի բան դուրս չեկավ, թեեւ ձախողում ասելն էլ թունդ է ասված: Ձախողում չէի կոչի, քանի որ Արեւելյան գործընկեր երկրներում, այսպես թե այնպես, ստորագրելու թե նախաստորագրելու կամ ընդհանրապես ոչինչ չստորագրելու պարագայում էլ Եվրոպական միության ներգրավմամբ ու անմիջական աջակցությամբ որոշակի բարեփոխումներ, այդուհանդերձ, իրականացվել են, ինչը հաջողություն է եւ բնավ ոչ` ձախողում:
Հայաստանում, օրինակ, զգալի բարեփոխումներ են իրականացվել նույն Եվրոպական միության աջակցությամբ, ու թեեւ դրանց զգալի մասն իրականություն չի դառնալու, կյանքի չի կոչվելու` չնախաստորագրվող Ասոցացման համաձայնագրի պարագայում, ակնհայտ է, որ գոնե որոշ արժեքային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանում կշարունակեն մնալ այն ուղղությամբ զարգացման ճանապարհին, որպիսին ձեւավորվել է ԵՄ աջակցությամբ` նույն Արեւելյան գործընկերության շրջանակներում:
Ձախողումը թերեւս կարելի է վերագրել հավակնություններին, հատկապես երբ դիտարկումն արվում է եվրոպական կողմից: Հավակնություններ, որոնց իրականություն դառնալու ճանապարհին կանգնել է պուտինյան Ռուսաստանը, եւ ինչպես ապացուցվեց, այսօր հյուսիսային այդ երկրի ղեկավարությունն ունի այնքան կարողություն, որ զուտ ռուսական մեթոդներով հասնի իր նպատակին:
Արեւելյան Եվրոպայի երկրների համար դեպի Արեւելք դուռը բաց պահելը նախ եւ առաջ մեծ կարեւորություն կարող էր հաղորդել հենց այդ երկրներին, սակայն ստեղծված իրավիճակում ավելի շուտ Արեւելյան գործընկերության երկրներին այս պատմության մեջ ներքաշած եվրոպացիներին այսօր մնում է որեւէ կերպ փրկել իրենց դեմքը, քանի որ ձախողված որակել սեփական ու այդքան գովերգված նախաձեռնությունը ոչ մեկին ոչ հաճելի, ոչ էլ օգտակար կլինի: Այսինքն` կարելի է սպասել, որ Եվրոմիությունը ինչ-որ նոր ձեւաչափով կամ այլ հարթակներում կփորձի առաջ տանել հարեւանության իր գաղափարը, միեւնույն ժամանակ, որոշ չափով հեռանալով Ռուսաստանի խանդին զոհ գնացող Արեւելյան գործընկերության գաղափարից:
Ռուսաստանը բրտորեն, սակայն, ինչպես փորձն է ցույց տալիս, արդյունավետորեն «հետ կանգնեցրեց» ոչ միայն Հայաստանին, այլեւ Արեւելյան գործընկերության ամենամեծ կշիռ, ինչու չէ` նաեւ կարեւորություն ունեցող Ուկրաինային: Եվ հաշվի առնելով, որ նույն Ուկրաինայում էլ եվրոինտեգրմանը տրամագծորեն հակառակ գործընթացներ են արդեն մեկնարկել, դժվար է լավատես լինել եվրոպացիների այն հայտարարությունների առնչությամբ, թե 2014-ին Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի:
Կարդացեք նաև
Վարուժան ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում