Հատված ԱԺ նախկին պատգամավոր, կոմունիստ Խորեն Սարգսյանի հարցազրույցից:
– 2007թ. Դուք մի առիթով ասել էիք. «Մարտունեցուն հարցնում են՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու, ասում է՝ Պուտինին, քանի որ Մարտունու բնակչության 90 տոկոսն ապրում է Ռուսաստանում աշխատողներից եկած գումարներով»։ Նաեւ հավելել էիք. «Ես՝ իբրեւ մարտունեցի, բարոյական իրավունք չունեմ դեմ գնալու այդ իրողությանը»։ Փաստորեն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ բնակչության մեծ մասն էլ գտնվում է ՌԴ–ում, ինչպես հավաստիացրեց անձամբ Վլ. Պուտինը, ՀՀ իշխանությունները ե՞ւս Ձեզ պես մտածեցին։
– Ես շատ կուզեի, որ ՀՀ իշխանություններն ինձ պես մտածեին։ Իմ գեները, իմ իմացությունը, ի վերջո, ապրածս տարիները բավական են, որ թույլ տան մտածելու՝ հայ-ռուս բարեկամությունը եղել է, կլինի ու կշարունակվի, դա մեզանով չէ, դրա հիմքն այնպիսի մարդ է դրել, որի գերեզմանն ամեն հայի համար պետք է սրբավայր դառնա։ Խոսքս Զանգեզուրի ծնունդ Իսրայել Օրու մասին է։ Ամեն հայ պետք է մտածի, որ իր կտոր հողը, որն աշխարհը ճանաչում էր որպես Տաճկահայաստան, այդ մարդու միջնորդությամբ կարողացավ դառնալ Ռուսահայաստան, այնուհետեւ դարձավ Հայաստան, հետո՝ Հայաստանի Հանրապետություն։
Եթե Դուք ասում եք, որ մենք կախված ենք ՌԴ-ից… այն ժամանակ մի պետությունից էինք կախված, իսկ այսօր կախված ենք աշխարհի բոլոր պետություններից՝ բացի մեզանից։ Ես եղել եմ Եվրոպայի խորհրդարաններում, այնտեղ էլ եմ ելույթ ունեցել, այնտեղ էլ եմ կարծիք հայտնել, որ մեր անվտանգությունը, մեր ամեն ինչը կախված է Ռուսաստանից։ Ես ասել եմ՝ մենք ձեզ շատ ենք խնդրել օգնել մեզ, բայց դուք միայն կողքից ժպտացել եք ու անցել, որեւէ ձեռք չեք մեկնել։
Կարդացեք նաև
– Դուք նաեւ ասում էիք. «Ես պապ եմ ունեցել, ով մահացավ 96 տարեկանում, եւ նրա վերջին խոսքը եղել է՝ ինչ որ կլինի, ձեր ձեռքը ռուսի փեշից բաց մի՛ թողեք։ Ես պարտավոր եմ իմ պապի պատգամը կատարել»։ Հիմա, փաստորեն, Ձեր պապի պատգամը կատարում է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը…
– Սերժ Սարգսյանը, թե ով ուզում է կատարի… հիմա մարդիկ կան, որ, ասենք, եվրոպացիների թելադրանքով կարող են փողոց դուրս գալ, չգիտես ինչ անել… հավատացե՛ք, որ ժողովրդի փրկությունը ՌԴ-ն է լինելու։ Երբ մի ժամանակ ես այդ հարցը բարձրացնում էի ու ասում, որ ոչ միայն պետք է միասնական լինենք, այլեւ մտնենք ռուբլու գոտի… հավատացե՛ք, ուշ թե շուտ դա էլ է լինելու։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում