Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակի հակաթույնը

Նոյեմբեր 29,2013 13:30

Դուք հետիոտն եք եւ ուզում եք փողոց անցնել: Լույսը կարմիր է, բայց դուք գայթակղություն ունեք՝ վազելով անցնել փողոցը, ճարպկորեն մանեւրելով մեքենաների միջեւ: Եվ ահա՝ դուք տեսնում եք, որ մեկը իրականացրել է ձեր այս «երազանքը» եւ վազում է կարմիր լույսի տակ: «Ուրեմն կարելի է»,- մտածում եք դուք եւ հետեւում ձեզ «թույլտվություն տվող» մարդու օրինակին: Շուռ եք գալիս եւ նկատում եք, որ ձեր հետեւից վազում են 3-ը, իսկ նրանց հետեւից՝ եւս 5-ը: Մեկ էլ տեսնում եք՝ խցանում, փոխադարձ դժգոհություններ, արգելակների ճռռոցներ, մեքենաների ազդանշաններ: Մի խոսքով՝ ասիական, ներողություն արտահայտությանս, բարդակ: Մեր եւ մեզ նման պետությունների մանրակերտն է:

Նույնը՝ ծխելու համաճարակը: Երբ ես տեսնում եմ, որ իմ դասարանցիներից մի քանիսը դպրոցի զուգարանում ծխում են, ես էլ եմ փորձում՝ ոչ թե այն պատճառով, որ նիկոտինի անդիմադրելի պահանջարկ ունեմ, այլ որովհետեւ այդպես է ընդունված «իսկական տղամարդկանց» շրջանակում, եւ ոչ մի պնդում, որ նիկոտինի կաթիլը ձի է սպանում (Սովետի ժամանակ այդպես էին քարոզում), ծխողի թոքերի ոչ մի սարսափազդու նկար ինձ վրա չի ազդի: Նույնը՝ ինքնասպանությունների համաճարակը, որը ժամանակ առ ժամանակ բռնկվում է դեռահասների շրջանում: Բավական է լրատվամիջոցներում որեւէ դեպքի մանրամասն նկարագրությունը՝ համապատասխան գույներով եւ շեշտադրումներով, եւ դեռահասներից շատերը կարող են մտածել՝ դա ձեւ է, որի միջոցով իրենք ինչ-որ «մեսիջ» են հղում իրենց չհասկացած, չգնահատած ծնողներին կամ սիրելի մարդկանց:

Նույնը՝ արտագաթը: Փողոցներում, հրապարակներում, գյուղամեջերում, «բեսեդկեքում», համացանցում, խորհրդարանում, գործիչների ելույթներում հարցը ներկայացվում է այսպես՝ «սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որտեւ սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում»: Բառապաշարն, իհարկե, կարող է ավելի գրական լինել, բայց «բայղուշական» ինտոնացիան պարտադիր է, մանավանդ՝ նրանց մոտ, ովքեր արդեն գնացել են եւ ձգտում են արդարացնել իրենց քայլը: Արտագաղթը որոշ չափով նույնպես «մեսիջ» է, որն ուղղված է մեր իշխանություններին (որի վրա վերջիններս, բնականաբար, թքած ունեն), բայց դա նաեւ, թող թույլ տրվի ասել՝ մոդա է, ցեց է, համաճարակ: Այստեղ «ընդունված է» խոսել եւ գործել որոշակի ձեւով:

Ո՞րն է ելքը: Ամեն խաչմերուկին ոստիկա՞ն կանգնեցնել: Դեռահասներին բացատրել, որ ծխելը վնա՞ս է իրենց առողջությանը: Գնացողներին ասել, մի՛ գնացեք՝ դա ձեր հայրենի՞քն է: Ոչ, դա կարող է ճիշտ հակառակ ռեակցիա առաջացնել: Բայց կարելի է կարմիր լույսի տակ խելոք կանգնել եւ չգայթակղվել վազողների օրինակով: Չծխել եւ ընդհանրապես մտածել սեփական ֆիզիկական ու հոգեկան առողջության մասին: Եվ ամենակարեւորը՝ ապրել Հայաստանում եւ քո գործով նպաստել, որ երկիրդ ավելի լավը դառնա: Ավելի լավ բան առայժմ չեմ մտածել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ խոսնակ says:

    Спасение утопающих — дело рук самих утопающих

  2. harut says:

    Հարցը հոն է որ այս Լափալիսեան ճշմարտութիւնը կը ծնի մի դոյզն մշակոյթի տէր անձերու մօտ։
    Ուստի հարկաւոր է այդ դոյզն մշակոյթի մասին աշխատանք տանիլ դպրոցական նստարաններէն
    սկսելով։

  3. Vruyr says:

    Իմ կարծիքով կարևորը, չկեղծել: Ժողովուրդը նման է փոքր երեխայի, շատ շուտ է նկատում կեղծիքը և փորձում հեռանալ կեղծավորից: Իսկ մեր հասարակությունը կեղծիքի խորանարդի տակ ճկված է:

  4. MARD says:

    Եթէ մեկը գայթակղություն ունի կարմիր լույսի տակ վազելու , ապա դա ավելի լավ է քան այն մեկը որը ոչ մի գայթակղություն չունի ոչ կարմիր ոչ կանաչ լույսի հանդեպ.

    Նա ունի էներգիա , բայց սխալ է օգտագործում այդ էներգիան. Պետք է նրան գայթակղել մի այլ դրական բնագավառում որպեսի այդ էներգիան օգտագործվի «որ երկիրդ ավելի լավը դառնա».

    Եթէ մեկը գայթակղություն ունի գնալ երկրից , ապա Նա ունի էներգիա , եվ նա չի տեսնում ոչ մի գայթակղություն իր սեփական երկրում եվ որոշում է այդ էներգիան օգտագործել արտերկրում.

    Որպեսի նա չգնա , պետք է նրան գայթակղել , ոչ թե լճացնել. Թ չե ի օր այդ էնէրգիան պայթում է արտերկրի ճանապարհը գնալով.

  5. MARD says:

    Այսինքն «կուտ տանք որ հետո քցենք » սիստեմը ալեվս չի աշխատում. Պետք է անցնել «կուտ տանք որ հետո կիսվենք» սիստեմին.

  6. Hayk says:

    Хорошая статья, спасибо, Арам! Но согласитесь, что 99% СМИ никогда не пишут похожее! В Армении стало модно написать только отрицательное! Именно СМИ с утра до вечера, каждодневно пишут только о плохом, как будто в нашей стране нет ничего положительного! Иногда невольно думаешь, —“Сколько нужно не любить страну, чтобы написать такое”!! А еще стало модно этот противный, издевательский тон, словно конкурс— кто кого перевесит в издевке!

    • Վահան says:

      Հայկ ջան, а сколько нужно не любить язык…հայերեն եք չէ՞ կարդում, կամ կարդում են Ձեզ համար, հայերեն էլ գրե՛ք, կամ ով որ կարդում է, նա էլ գրի…

  7. Hakob says:

    վերջին լուրեր եվոպական կարմիր լույսի տակ սպասողների մասին
    https://ru.euronews.com/2013/11/28/french-police-evict-800-roma-people-from-camp-in-paris/

  8. Վահան says:

    արտագաղթ….բայց ո՞ւմ է դա մտահոգում…իշխանություներին` այնքանով, որքանով որ արտագաղթողների մեջ հանկարծ չլինեն բանակում չծառայած տղաներ….մնացած պարագաներում` թվում է թե ոչ մեկին….անձամբ ինձ մտահոգում է միայն այնքանով, որքանով որ հայաստանաբնակ ԼԱՎ մարդը կարող է հեռանալ Հայաստանից…չեմ ուզում…ուրիշ բան, եթե հանկարծ այնպիսի հրաշք տեղի ունենա, որ չինովնիկական ողջ զանգվածը արտագաղթի Հայասատանից….

  9. Լուիզա says:

    լավ ես գրել, Արամ, ուղղակի սրտիցս. Իսկ ի՞նչ անել, որ զանգվածների հոգեբանությունը փոխվի։ էդ լֆիկական զոռբաներից ո՞նց կարելի է ազատվել։ Ախր խեղդել են դրանք իրենց ամենաթողությամբ, ու նորմալ մարդկանց մեջ էլ տարակուսանք են առաջացնում, թե «միգուցե պետք է էդպե՞ս ապրել, քանի որ պարկեշտ օրինապաշտությունը հարիֆների համար է»։ Ինչպե՞ս համոզել հասարակ մարդուն, որ «քյասար ճանապարհը» գուցե անմիջական կարճաժամկետ օգուտ տա, բայց մարդուն մանկուրդ կարող է սարքել հեռանկարային առումով։ Դրա համար մեզ չեն սիրում, քանի որ կարծում ենք, թե բոլորից ավելի աչքաբաց ենք։

  10. Հրանտ Պապիկյան says:

    Ոչ ոք էլ չի կարող դրանից լավ բան մտածել, որովհետև միայն այդ ճանապարհով կարող ենք մի բանի հասնել…

    …ճիշտ եք ասում, ԲԱՅՑ…
    …լավ ես գրել. ԻՍԿ ինչ անել սրա, նրա հետ…
    Էլ ինչ ԲԱՅՑ.., ինչ ԻՍԿ…, ինչ կապ ունի Պողոսը, Պետրոսը…, ընդամենը պետք է ճիշտ ապրել` օրինապաշտ, կիրթ, հարգանքով, հայրենասիրությանբ, ամենակարևորը` համբերությամբ: Պետք է չնայել ուրիշը անում է, թե ոչ, չսպասել, որ քո արած ճիշտ քայլից հետո պետք է քեզ ծափահարեն, ծաղիկներ նվիրեն… Ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից: ԴԺՎԱՐ ՉԷ, ՓՈՐՁԵՔ..
    Հոդվածի համար` շնորհակալություն: Շատ լավն էր, ՊԱՐԶ ՈՒ ՀԱՍԱՐԱԿ` ինչպես յուրաքանչյուր հանճարեղ բան…

  11. Արսեն says:

    «Եվ կրկին 25»..))..
    «սաղ գնում են, հեսա ստեղ մարդ չի մնալու, որտեւ սա հեչ ապրելու երկիր չի, հենա՝ բաջանաղիս հորեղբոր տղեն Կեմերովոյում ասֆալտի գործ ա անում՝ լավ էլ փող ա առնում», ֆրազի պասախանն է՝ « հեսա, ես Երևանում ասվալտի գործ եմ անում, Կեմերովոյում ասֆալտի գործ անող բաջանաղիս հորեղբոր տղուց ավելի լավ փող եմ առնում, իրա համար ել գործ կա, կանչեմ՝ թող գա»։
    Եթե այդ ֆրազը չեք կարողանում գրել, մնացածը ինչ ուզում եք գրեք՝ էֆեկտը չունի։

    • Mariam says:

      Մի տարբերությամբ. Երևանում ասֆալտ անողին տեսնում ենք ու գիտենք ինչ պայմաններում է աշխատում և ապրուլ: Իսկ Կեմերովի բաջանաղի մասին միայն լսում ենք, ինչպես և Լոսի աներձագի՝ Սասունի մասին, որը Գըլենդելի մեծահարուստի Համերին հենված լուսանկար է ուղարկում: Ու հետո հարևանը մեզ փոխանցում է. բա իմացար, էն Սասունը, որ Ա-ն ու Բ-ն դպրոցում իրարից չէր տարբերում, Ամերիկայում միլիոնատեր ա դարձել:

  12. Արմեն says:

    Հարգելի Արամ,

    Լավ օրինակ ես բերել, բայց մի փոքր դիտողություն,
    Կանգնած ես խաչմերուկում ու սպասում ես որ կարմիր լույսը փոխվի, որ փողոցը անցնես, բայց լուսը չի փոխվում ու արդեն 23 տարի է ու դեռ սպասում ես, որ մի պայծառ օր կփոխվի, բացի դրանից փնովում ես են մարդկանց, ովքեր էդ ամենից զզվելով նույնիսկ երթևեկության կանոները խախտելով անցնում են փոխոցի մյուս կողմը. Հարգելի Արամ դու և մյուս հհշալաները 5-8տարի ժամանակ ունեիք, որ նախ չխախտվեր ու չոտնահարվեր ընդհանուր կանոները, նույնիսկ հակառակը արեցիք ` 100% ով նախագահական ընտրություները 1996 կերծեցիք, հեո էլ ներկա իշխանություններն էլ հո երկնքից չիջան, իրանք էլ էին ձեր խմբի մեջ , նույն դեմքերն են մի քիչ ծերացած ու չաղացած 😉 կամ էլ ճաղատածած:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930